«Պատիվ ունեմ»-ը կմիանա՞ «Հայաստան» դաշինքին փողոցային ակցիաների ժամանակ

«Պատիվ ունեմ»-ը կմիանա՞ «Հայաստան» դաշինքին փողոցային ակցիաների ժամանակ

«Հայաստան» դաշինքը նորից մտադիր է անցնել փողոցային պայքարի։ Այս մասին նախորդ շաբաթ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 

Hraparak.am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց՝ իրենք փողոցային պայքարի հավանականություն տեսնո՞ւմ են, և ինչ կարող է ասել Սաղաթելյանի հայտարարությունների վերաբերյալ, կմիանա՞ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իրենց։

Աբրահամյանը նախ ցավով նշեց, որ Նիկոլ Փաշինյանի շատ քայլեր, որքան էլ դրանք ծանր լինեն, դեռևս հանրության մեծ հատվածի համար ամբողջական քննադատության, այդ թվում՝ ճնշման առիթ չեն դառնում։ Այս տեսանկյունից ինքը կարևոր է համարում հանրության հետ աշխատանքի իրականացումը։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին փողոցային ակցիաների մասով միանալուն, ապա Աբրահամյանն ասաց, որ այդ մասով իրենք դեռ քննարկում չեն ունեցել իրենց ընդդիմադիր գործընկերների հետ, որ հիմա դիրքորոշում հայտնի։

«Այս պահին չեմ կարող հստակ դիրքորոշում հայտնել մեր մոտեցումների հետ կապված՝ կմիանանք, թե առանձին ֆորմատով հանդես կգանք, բայց ակնհայտ է, որ մենք խորհդրարանում որքան հնարավոր է՝ փորձում ենք աշխատել, համագործակցել, հանդես գալ մեկ ընդհանուր դիրքերից, որովհետև Նիկոլ Փաշինյանի հեռացումը բոլորիս համար մեկ ընդհանուր կարևորագույն նպատակ է։ Իսկ թե հետագայում ինչ ձևաչափով համագործակցությունը կարտահայտվի, այս պահին դժվարանում եմ ասել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։