Առաջարկ երաժշտական հեռուստանախագծերին

Առաջարկ երաժշտական հեռուստանախագծերին

Մոտ 10 օր առաջ Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարվեց, որ սիրված «Երգ երգոց» հեռուստահաղորդաշարը, որը տարիներ շարունակ երաժշտական գեղեցիկ երեկոներ է պարգեւել հեռուստադիտողին, սկսում է «Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթ-փառատոնը, որի նպատակն ազգային երաժշտության հանրահռչակումն է եւ նոր տաղանդների բացահայտումը, ովքեր կարող են եւ սիրում են երգել ազգային երգեր։ Դատելով Հանրայինի պատրաստած ռեժորտաժից, բավական լուրջ աշխատանք է նախատեսվում իրականացնել։ Հատկապես ուրախալի է, որ ներգրավված են մեր ազգային երգ-երաժշտության կարկառուն դեմքերը, ինչպես, օրինակ, Ռուբեն Մաթեւոսյանը։

Ինչ խոսք, ներկայիս իրականության պայմաններում նման հաղորդաշարեր ինչքան շատ լինեն, այդքան ավելի լավ։ Հանուն արդարության նշենք, որ «Շանթ» ՀԸ-ն էլ տարիներ շարունակ ազգային կամ ժողովրդական հայկական երգարվեստի ու երաժշտության հանրահռչակմամբ է զբաղվել, եւ այժմ էլ վերջինիս եթերով ընթանում է «Ազգային երգիչ»-ի երրորդ եթերաշրջանը։ Սակայն, որքան կարողացանք նկատել մինչ այժմ հայկական հեռուստաեթերով իրականացված նման նախագծերից, կա մի հարց, որը հարկ է, որ բոլոր նմանօրինակ նախագծեր իրականացնողները՝ «Շանթի» «Ազգային երգիչը», «Երգ երգոց նոր․ ձայները» հաշվի առնեն։

Խոսքը հայ հոգեւոր երգ-երաժշտության մասին է կամ հայ եկեղեցական երգի եւ երաժշտության, մեր շարականների, գանձերի, տաղերի եւ այլն։ Ահռելի մի աշխարհ կա, որը, չգիտես ինչու, պարզապես շրջանցվում է, կամ որին պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Մինչդեռ հայ հոգեւոր երգարվեստը՝ մեր շարականները, պատարագը, գանձերը, տաղերն ու մյուսները, ամենաուղիղ կերպով խարսխվում են մեր ազգային երաժշտության վրա։ Իսկ հայ հոգեւոր երգարվեստն այսօր, առավել քան երբեւէ, ունի հանրահռչակման կարիք։ Դա միանգամից մի քանի խնդիր է լուծում։ Նախ՝ լայն հանրությունը հնարավորություն է ստանում հաղորդակցվելու իրապես արիստոկրատ, բարձրաճաշակ էության մի երաժշտության հետ, ապա՝ հայ հոգեւոր երգարվեստը դուրս է բերում եկեղեցու եւ նեղ մշակութասեր-արվեստասերների շրջանակից եւ դարձնում բոլորի սեփականությունը, մարդկային հոգին ազնվացնող, շատ դեպքերում՝ նաեւ երաժշտական թերապեւտիկ ազդեցություն գործող։ Եվ նաեւ հնարավորություն է տալիս հասարակ հայ մարդուն՝ հաղորդակցվել մեր ոսկեղենիկ հայերենին՝ գրաբարին, նպաստելով, որ հայ եկեղեցական ծիսական լեզուն դառնա ավելի դյուրամարս հասարակ հայ մարդու համար։

Իհարկե, շարական, պատարագ երգելը դյուրին բան չէ։ Դա, առաջին հերթին, յուրատեսակ հոգեվիճակ է պահանջում եւ վարպետություն։ Սակայն գոնե վարպետության ձեռքբերման մասով նկատենք, որ երգիչ-երգչուհիներ ունենք, որոնք մասնագիտացած են հոգեւոր երգարվեստի մեջ, ունեն հիանալի կատարումներ ու հարկ եղած դեպքում նաեւ վարպետության դասեր կկարողանան տալ։ Բացի այդ, առկա է հետազոտական մեծ ժառանգություն։ Եվ, ի վերջո, հայ հոգեւոր երաժշտությունն ու երգարվեստը հայ եկեղեցու ամենօրյա ծիսական կյանքի մի մասն են, եւ Մայր Աթոռում ու եկեղեցական տարբեր թեմերում, համայնքներում կան քաջագիտակ շարականագետներ, որոնք եւս կարող են այդ ահռելի գանձարանի մասին հարկ եղած դեպքում ճիշտ ուղղություն տալ։ Ուրեմն, ինչո՞ւ գոնե այժմ, մի փոքր ուշացումով չսկսել նաեւ հայ հոգեւոր երգարվեստին ու երաժշտությանը պատշաճ ուշադրություն դարձնելը։