Սա ևս մեկ անգամ ասում է, որ թուրքի ոչ մի խոսքին չպիտի հավատաս

Սա ևս մեկ անգամ ասում է, որ թուրքի ոչ մի խոսքին չպիտի հավատաս

Նոյեմբերի 10-ին, ժամը 24։00-ից սկսած՝ Գորիս-Կապան մայրուղու 21 կմ-անոց հատվածը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին: Ամենաբարդը 3 գյուղերի՝ Բարձրավանի, Որոտանի եւ Շուռնուխի վիճակն է։ Բարձրավանի վարչական ղեկավար (Գորիս խոշորացված համայնքի կազմում) Օնիկ Ավագյանը մեզ ասաց, որ բնակիչների մոտ խուճապային տրամադրություն չկա, բայց ճանապարհի հետ կապված՝ խնդիրներ ունեն։ 

«Այլընտրանքային ճանապարհն էս պահի դրությամբ կառուցված չէ, ճիշտ է՝ շինարարությունն արվում է, 5 կմ հողային աշխատանքներ արել են, մի 5 կմ էլ դեռ կա, որ հասնեն գյուղ»: Այն Տաթեւ-Կապան ճանապարհի հետ է հատվելու։ Գորիսից Կապան առաջինը Որոտանն է, հետո՝ Թասի ոլորանները, բարձրանում ես, մինչեւ Շուռնուխ հասնելը՝ աջ կողմում, Բարձրավանն է։ 
Իրենց հատվածում չկա ադրբեջանական մաքսակետ, Որոտանի հատվածում է, Բարձրավանը հայտնվել է մաքսակետից դեպի Կապան հատվածում, այսինքն՝ կտրվել է կապը Գորիսի, ըստ այդմ՝ նաեւ Երեւանի հետ։

- Մաքսակետի տեղադրումից հետո երթեւեկե՞լ եք այդ հատվածով։ 

- Չէ, չենք երթեւեկել, գյուղացիներն էլ իմացել են, որ էդ վիճակն է, չեն երթեւեկել։

- Իսկ կումունիկացիան այսօր ինչպե՞ս է ապահովվել ձեր գյուղի հետ, փոստային ծառայություն, խանութներին ապրանքների առաքում, կամ, ասենք, շտապօգնության մեքենա կարո՞ղ է գալ Բարձրավան։

- Շտապօգնության մեքենաներն էս պահի դրությամբ Գորիսից չեն կարող գալ մեր գյուղ, ուզեն էլ՝ չեն կարող գալ, որովհետեւ ճանապարհներն էն վիճակում չեն, որ կարողանան։ Եթե շտապօգնության մեքենա էլ գալու լինի, ստիպված պիտի ասենք, որ Կապանից միգուցե մոտենա․ Գորիսից հնարավոր չէ։

- Գորիսին ավելի՞ մոտ է, Ձեր գյուղից Գորիս որքա՞ն է հեռավորությունը։

- Գորիսին ավելի մոտ է՝ 33 կմ, բայց այլընտրանքային ճանապարհով կրկնակի հեռանում է՝ դառնալով 70 կմ։

- Իշխանությունները խոստացել էին, որ ճանապարհն ադրբեջանցիների հետ ընդհանուր օգտագործման կլինի, բայց, փաստորեն, ամբողջությամբ հանձնեցին թշնամուն։ Ի՞նչ եք մտածում իշխանության այս քայլի մասին։

- Դե, իշխանությունների քայլերը չեմ կարող մեկնաբանել, թե իրենք ինչ են ուզում, իրենց նպատակը որն է։ Իրենք խոստացել էին, որ ընդհանուր օգտագործման ճանապարհ է լինելու, ոչ մի խնդիր չի լինելու, հանգիստ գնալու ենք, գալու ենք։ Բայց դե՝ եղավ այն, ինչ եղավ։ Սա եւս մեկ անգամ ասում է, որ թուրքի ոչ մի խոսքին չպիտի հավատաս։

- Իսկ իշխանությունների խոսքի՞ն:

- Դե, եթե լուրջ իշխանություն լինի՝ իհարկե։ Էս պահի դրությամբ ես չեմ հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ մեկին։

- Ձեր գյուղը քանի՞ բնակիչ ունի։

- Դե, եկեք նման հարցեր չտանք, կարող է թշնամին էլ է լսում, ինչո՞ւ պիտի իմանան՝ մեր գյուղում ինչքան մարդ կա։

- Բայց ձեր գյուղի բնակչության թիվը գաղտնիք չէ, հետո՝ թշնամին արդեն եկել մտել է գյուղ ու ոչ միայն լսում է, այլեւ տեսնում է ամեն ինչ։

- Գիտեմ։ Բայց ունենք էն, ինչ ունենք։

- Լավ, իսկ գյուղից քանի՞ տոկոսն է ընտրություններում գործող իշխանությանը ձայն տվել։

- Մոտ 45 տոկոսը։

- Դուք է՞լ եք այդ ձայն տվողների թվում։

- Չէ, ես ՔՊ-ին չեմ ընտրել։

- Հետաքրքիր է, եթե վաղը նորից ընտրություն լինի, ձեր գյուղի այդ 45 տոկոսը նորից Նիկոլ Փաշինյանի իշխանությա՞նը ձայն կտա։

- Չէ, չէ, բնականաբար, չեն տա։ Մի քանի օր առաջ Գորիս համայնքի ընտրություններն էին, եւ արդեն հակառակը՝ 50 տոկոսից ավելին ձայնը տվել են Առուշանյանին, իսկ դա նշանակում է, որ տրամադրություններ են փոխվել։

- Այսինքն՝ թուրքը եկավ հասավ ձեզ, նոր հասկացան, որ պետք չէ այս իշխանությանը ձայն տալ։ 

- Դե, հիմա էլ կան, տենց չի, որ, ասենք, միանգամից տրամադրությունները փոխվել են։ Մարդիկ են, ամեն տեսակ էլ մտածում են։ Մարդիկ կան՝ հլը որ հավատում են, մարդիկ կան՝ հլը որ կամուկացի մեջ են, չեն իմանում՝ որն է ճիշտ, որն է սխալ։ Չես կարող մեղադրել։