Փաշինյան Նիկոլի տարօրինակ սերը

Փաշինյան Նիկոլի տարօրինակ սերը

Փաշինյան Նիկոլը սիրում է արձանագրումներ կատարել և նրբություններ բացահայտել: Տարօրինակ սեր է, բայց ինչ կարող ես անել: Ինչևէ, ինքն արձանագրումներ է կատարում և նրբություններ բացահայտում Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի համատեքստում: Արձանագրում է, որ 30 տարի շարունակ Հայաստանը շրջափակված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ կոմունիկացիաների բացումը նշանակում է այդ ապաշրջափակման վերջը: Սա, ենթադրաբար, հենց այն է, ինչ Փաշինյան Նիկոլն ամիսներ առաջ արձանագրում էր որպես 100 տոկոսանոց հայանպաստ լուծում: Ապաշրջափակման ավարտն, այո, հայանպաստ ծրագիր է, սակայն ինչի՞ հաշվին: Նիկոլը մի նրբություն է բացահայտում՝ ասելով, թե դա ձեռ չի տալիս Ադրբեջանին: Եվ ըստ այդմ՝ Իլհամ Ալիևն առաջ է քաշում մեզ համար անընդունելի միջանցքի գաղափարը: Իսկ ես ինձ թույլ եմ տալիս ենթադրելու, որ նրբությունների գիտակ Նիկոլը չի ընկալում, որ միջանցքը հենց այն գինն է, որ Հայաստանը պետք է վճարի ապաշրջափակման համար: Եվ Իլհամը սպառնում է մեզ՝ ասելով, որ Ադրբեջանը կստանա այդ միջանցքն ուժով՝ եթե չստացվի «բարեկամաբար»: Դե, ձեռի հետ էլ խոսում է Իրեվան և Գոյչե լիճ վերադառնալու մասին: Այսպիսի միջպետական փոխհարաբերություններ են առաջանում, երբ ռազմավարական խնդիրների մասին ելույթ ունեցող անձն, իմա՝ Փաշինյան Նիկոլը, կիլոմետրերով հեռու է ռազմավարական խնդիրներ ընկալելուց:

Բայց դա արդեն նրա մեղքը չէ՝ մարդուն չես կարող մեղադրել, եթե նա ինչ-որ բաներ չի հասկանում: Եվ եթե այդ մարդը մի ամբողջ պետություն է ղեկավարում՝ դրանում պետք է մեղադրես նրանց, ովքեր նրան ցանկացան տեսնել պետության ղեկավարի դերում և կատարեցին իրենց ցանկությունը: Այսինքն՝ մեզ բոլորիս: Նրանց, ովքեր ակտիվորեն փողոցներ էին փակում 2018-ի գարնանը, նրանց ովքեր ակտիվորեն կամ պասիվորեն սոցիալական ցանցերում պաշտպանում էին Նիկոլին՝ առանց նրան ճանաչելու, նրանց ովքեր անտարբեր էին այդ ամենի նկատմամբ: Եվ, իհարկե, նրանց, ովքեր երկիրը հասցրել էին այնպիսի վիճակի, որ օդում կախվեց Սերժ մերժելու, իսկ այնուհետև Նիկոլին վարչապետ կարգելու  գաղափարները: Եթե 2018-ի գարունը չլիներ, ապա, բնականաբար, չէր լինի նաև 2021 թ.-ի հունիսի 20-ը: Բայց Փաշինյան Նիկոլն, այնուամենայնիվ, մեղավոր է այն հարցում, որ իրեն շրջապատել է այնպիսի անձանցով, ովքեր նրան կարող են միայն երկրպագել: Ովքեր չեն կարող նրան ներկայացնել իրականությունը, նրա մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները: Չեն կարող, որովհետև չունեն համապատասխան կարողություններ, իսկ եթե ունենային էլ՝ չունեն քաջություն դա անելու:

Իսկ քանի որ «մեծարգո վարչապետ» Փաշինյան Նիկոլը զբաղվում է զուտ «ռազմավարական» մտավարժանքներով, իրականության մարտահրավերներին փորձում է պատասխանել ընդամենը մեկ պետական կառույց՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ի դեմս Արման Թաթոյանի: Վերջինս կատարում է ոչ թե մտավարժանքային, այլ մարտահրավերների իրական արձանագրումներ՝ Սյունիքում, Երասխում, Գեղարքունիքում: Արձանագրում է ադրբեջանցիների կողմից սահմանային բնակավայրերի բնակիչների անվտանգության և սեփականության իրավունքի ոտնահարումները: Այն բոլոր խնդիրները, որ պետք է կատարեին մարզպետները և գործադիր իշխանության այլ կառուցները: Չբավարարվելով արձանագրուըմներով՝ բողոքի դիմումներ է հղում միջազգայուն հանրությանը, հումանիտար կառույցներին: Ի դեպ, դա այն պաշտպանն է, որ դեմ չեն դադարում քպկականների բացասական վերաբերմունքի դրսևորումները: Ողջ պետական համակարգում դա այն միակ անձն է, որ արժանի է բոլոր գրագետ և նորմալ հայաստանցիների հարգանքին: