Կապիկի ծաղիկի դեմ կարելի է պայքարել սովորական ծաղիկի դեմ նախատեսված պատվաստանյութով․ ԱՀԿ 

Կապիկի ծաղիկի դեմ կարելի է պայքարել սովորական ծաղիկի դեմ նախատեսված պատվաստանյութով․ ԱՀԿ 

Բնական կամ սովորական ծաղկի դեմ նախատեսված պատվաստանյութը կարող է լիովին բավարար լինել կապիկի ծաղիկի դեմ պայքարելու համար։ Ավելի վաղ անցկացված հետազոտություններն այս առնչությամբ 85 տոկոսանոց արդյունավետություն են գրանցել։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ծաղկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։ «Նախկինում արված հետազոտությունները վկայում են այն մասին, որ սովորական ծաղկի դեմ նախատեսված պատվաստանյութերը լիովին արդյունավետ են նաեւ կապիկի ծաղկի պարագայում եւ ապահովում են 85 տոկոսանոց էֆեկտիվության արդյունքներ։ Ներկայումս իրականացվում են նոր պատվաստանյութերի հետ կապված հետազոտություններ եւ մենք այս պահին չունենք թվեր, որոնք բնութագրեին դրանց արդյունավետությունը։ Մենք շարունակում ենք մոնիթորինգն այդ մասով»,- ասել է Լյուիսը։

ԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ ծաղկի դեմ պատվաստանյութը ստեղծում է «խաչաձեւ պաշտպանություն», եւ դրա համար էլ կարող է պաշտպանել կապիկի ծաղկից նաեւ։ Նա հավելել է, որ նախկինում մարդկանց մի զգալի մասը պատվաստվել է ծաղկի դեմ, դրա համար էլ հիմա կապիկի ծաղկի վարակման դեպքերը շատ չեն։ ԱՀԿ ներկայացուցիչն հիշեցրել է, որ ծաղիկը լիկվիդացվել է 1980 թվականին, սակայն վերջինիս դեմ նախատեսված պատվաստանյութերը պահպանվել են։