Դա պարզունակ մասսայի համար է, որ մտածում է` հա, արբանյակ ունենք եւ ուրախանում է

Դա պարզունակ մասսայի համար է, որ մտածում է` հա, արբանյակ ունենք եւ ուրախանում է

Ինչպես տեղեկացանք, երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

 

Թեմայի շուրջ խոսել ենք ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։

-  Տեղյակ էի՞նք, որ Հայաստանը տիեզերական արբանյակ է բաց թողնում։

- Չէ, այսօր առավոտյան եմ իմացել դրա գոյության մասին ընդհանրապես, ասում են` գաղտնի են արել։

- Իսկ ինչո՞ւ այսօր հրապարակայնացրեցին, ո՞րն էր դրա անհրաժեշտությունը։

- Հենց դա է հարցը, եթե պիտի այսօր իմանայինք, ինչու հենց էն գլխից մեզ չեն տեղեկացրել։ Եթե պիտի գաղտնիք լիներ, թող մինչև վերջ էլ գաղտնիք պահեին։ Թշնամու դեմ անակնկալ փաստեր ձեռք բերելուց հետո, կխոսեինք դրա գոյության մասին։ Ցավոք, այսօրվա իշխանությունը բավականին հակված է արտաքին էֆեկտներին։ Լավ բան են, չէ՞, ասենք` արել, բայց բոլորի մոտ էլ կասկած կա՝ թե որտեղ են մեզ խաբում։ Այս իշխանությունն այնքան հակված է ցուցադրական, պոպուլիստական քայլերի, որ ոչնչի ակամայից էլ չես հավատում։ Չգիտեմ, մի՞թե կարող էին տեխնիկապես գաղտնի պահել։

- Ձեր կարծիքով ինչո՞ւ նախօրոք չեն տեղեկացրել հայ ռազմափորձագետներին, լսել նրանց կարծիքներն ու խորհուրդները։

- Ոլորտը շատ սպեցիֆիկ է։ Դա ոնց որ բանակիդ համար որոշես ինչ-որ բան առնես։ Տեղյակ էլ չենք անգամ դրա վերաբերյալ, թե ինչ բանակցություններ են եղել և ում հետ։ Ասում են` պատերազմից հետո են որոշել և բանակցություններ իրականացրել։ Որոշել են և արել են։ Երկրի ղեկավարի փառք ու պատիվը կլիներ, որ ինքը փորձագետների հավաքեր, ինչը չի արել։ Ճիշտ եք, ասեմ, որ խելոք մարդը հաշվի կառներ, կխորանար, կլսեր մեզ, թեկուզ ոչ պաշտոնապես, թեկուզ ստորագրել տային, որ գաղտնիք է՝ ոչ մի տեղ չիմացվի։ Այսօրվա իշխանությունները փորձը, խելքը կառավարչական հարցերում չեն գնահատում։

- Ինչ եք կարծում ենթադրյալ արբանյակը կծառայի՞ այն նպատակային, ինչի համար, որ ձեռք է բերվել։

- Ընդհանուր որպես գաղափար` վատ բան չի։ Հիմա, թե մեզ խաբում են, թե՝  չեն խաբում, դա կյանքը ցույց կտա։ Որքան ես հասկացա իրենց հայտարարություններից, արբանյակը նախատեսված է հետախուզությունների համար։ Չէի ասի՝ սա Նիկոլի իշխանության հաջողությունն է, այստեղ կասեմ՝ փող ունես, առել ես։ Եթե, իհարկե, սա մաքուր սուտ չի։ Օրինակ բերելով ասեմ՝ ոնց էին  հասարակությանը «Սու 30» -ի մասին խաբում։ Արդյունքում պարզվեց, որ հրթիռ էլ չունենք։ Եթե իրականությանը համապատասխանում է արբանյակի գոյությունը, դա մի աչք է, որով հառակորդին ես հետևելու։ Մենք չգիտենք ոչ մի պայման, պարամետր, ինչով են արել, ոնց են արել, երբ են արել։ Դա այն պարզունակ մասայի համար է, որ մտածում են․ հա արբանյակ ունենք, ուրախացանք։ Լիքը «եթե»-ներ կան։