Եվրոպացի կաթոլիկներն անհանգստացած են Թրամփ-Պուտին-Զելենսկի բանակցություններով

Եվրոպացի կաթոլիկներն անհանգստացած են Թրամփ-Պուտին-Զելենսկի բանակցություններով

Եվրոպացի կաթոլիկները հայտարարում են, որ անհանգստացած են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ բանակցություններում նկատվող «հարաճուն լարմամբ»։ Այս մասին հայտնում է OSV News –ը։ Ուկրաինայի հունածես կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս Ստյատոսլավ Շեւչուկն էլ իտալական Il Foglio –ի հետ զրույցում հայտարարել է, որ դեմ է ուկրաինական տարածքների՝ խաղաղության դիմաց Ռուսաստանին զիջելուն, ինչը թերեւս նախատեսվում է իրականացնել խաղաղության բանակցություններով։

Լեհ կաթոլիկ եպիսկոպոսներն էլ իրենց մարտյան լիագումար նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել Վարշավայում, կոչ են արել աղոթել Ուկրաինական հակամարտության դադարեցման համար գործադրված ջանքերի համար, ընդգծելով, որ անհրաժեշտ է սահմանել արդարացի խաղաղության սկզբունքները։ Ազդեցիկ լեհ աշխարհիկ կաթոլիկ հավատացյալներն էլ անհանգստացած են Միացյալ Նահանգների հանդեպ վստահության առաջացած դեֆիցիտով, ինչը պայմանավորված է նախագահ Թրամփի գործունեությամբ։ Թրամփը, ըստ նրանց, զգալիորեն արտացոլում է իր գործողություններում Ռուսաստանի շահերը։ Գերմանացի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսն էլ նախագուշացրել է գլոբալ քաղաքական լարվածության աճի մասին, քանի որ ունի մտավախություն, որ Ուկրաինային հարկադրում են չարդարացված զիջումների գնալ՝ հանուն Ռուսաստանի հետ կարճատեւ խաղաղության կնքման։