Մուհամեդ Մախզանգի. Ռիթմիկ վարժություններ

Մուհամեդ Մախզանգի. Ռիթմիկ վարժություններ

Երբ արեւածագից մինչեւ արեւամուտ հայտարարվեց պարետային ժամ, այդ պահից ի վեր, մի քանի օր անց, այս երջանիկ ընտանիքի անդամները հիվանդացան ընկճախտով։ 

Նրանց տանը կային առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները՝ ուտելիք, ջուր, չձանձրանալու համար՝ հեռուստացույց, ինտերնետ, չհաշված այն, որ բոլորն ունեին իրենց բջջային հեռախոսները, առաջին օգնության համար նախատեսված պարագաներ։ Չնայած այս ամենին, ինչ-որ բան նրանց շարունակում էր պահել լարվածության մեջ, եւ ստեղծվում էր տպավորություն, թե նրանք վարում են բանտային կյանք։ 

Նրանց թվում էր, թե իրենք ապրում են բավականին ընդարձակ բանտում, բայց, այնուամենայնիվ, բանտը մնում է բանտ։ Մի քանի օր այս բանտում ապրելուց հետո նրանք սկսեցին նկատել, որ իրենց քաշը գնալով ավելանում է։ Նրանց մարմինները գնալով ավելի ծանր էին դառնում։ Զվարճանքի ոչ մի տարբերակ նրանց հետաքրքրությունը չէր բավարարում։ Նրանց ականջներն անընդհատ լսում էին կրակոցների եւ պայթյունների բարձր ձայները, դիպուկահարների գործողությունները, եւ աչքի առաջ տեղի ունեցող մարդասպանությունները սկսել էին գրավիչ թվալ։ Այս ամենը ստիպում էր իրար անգիտակցաբար ու տարբեր ճանապարհներով հասկացնել, որ վախը վերածվել է հուսահատության։ 

Այս ընտանիքի անդամները սկսեցին հանդես գալ տարաբնույթ առաջարկություններով՝ ինչպե՞ս չգիրանալ եւ հաղթահարել ընկճախտը։ Ընտանիքի հոր առաջարկը ճանաչվեց հաղթող։ Երբեմնի մարզիկ հայրն առաջարկում էր աերոբիկ վարժություններ իրականացնել՝ օրվա ցանկացած ժամի եւ ցանկացած տեղում, սա նաեւ տարիքով մարդկանց ուժերի սահմանում էր։ Եվ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը սկսեց այս գաղափարը ռեալիզացնել յուրովի։ Վերջինիս որդու եւ դստեր մեթոդներն ամենից շատ սկսեցին բոլորին դուր գալ։ Ամեն ինչ շատ պարզ էր, ռիթմիկ վարժությունները հեշտ էին, թեթեւ շարժումներով, եւ այն կատարելու համար շատ քիչ տարածք էր հարկավոր։ Սկզբում նրանք վարժություններն իրականացնում էին հերթով՝ կենդանի երաժշտության ներքո, երբ նվագում էր մեկը, շարժվում էր մյուսը եւ այդպես շարունակ։ Ընտանիքի մյուս անդամները սկսեցին հետեւել նրանց եւ շարժվել ռիթմին համահունչ։

Եկավ մի պահ, երբ այդ շարժումները դարձան ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի համար սովորություն, եւ նրանք այդ շարժումները կատարում էին նաեւ առանց ընդհանուր հավաքների կամ երաժշտության ուղեկցության։ Շարժումները վերածվեցին ներքին մղման, եւ ներսից եկող ռիթմը թույլ էր տալիս նրանց վայելել ցանկացած ազատ րոպե։ Ռիթմը վերածվեց պարային թեթեւ եւ սահուն շարժումների, որոնք նրանք իրականացնում էին լոգարանում ատամները մաքրելիս, սեղան գցելիս, սուրճ եփելիս, հեռուստացույցի կողքով մի պահ անցնելիս եւ անգամ այն ժամանակ, երբ սպասում էին պատճենահանող սարքից դուրս եկող անհրաժեշտ թղթերին։ Սա սպորտի տեսակ չէր, սա կենսակերպ էր նրանց համար, որովհետեւ նրանցից ոմանք իրականացնում էին այս շարժումներն անգամ նստած եւ պառկած ժամանակ` քնելուց առաջ։   

Եկավ ինչ-որ պահ, երբ ողջ ընտանիքն ապրում էր պարային ռիթմերով, անկախ դրսում տեղի ունեցող պայթյուններից, կրակոցների ձայներից եւ վերջ չունեցող պարետային ժամերից։ Չորրորդ հարկի այս բնակարանում տեղի ունեցող շրջադարձային փոփոխություններն ընկան դիմացի շենքում բնակվողներից մեկի դիտակետի տակ։ Սա, իհարկե, տեղի ունեցավ անբացատրելի կերպով, որովհետեւ չէր թույլատրվում նայել պատուհանից դուրս, եւ փոքրիկ պատուհաններից այն կողմ հնարավոր չէր տեսնել անգամ, թե ինչ է կատարվում մոտակայքում, ուր մնաց՝ դիմացի շենքերից մեկի բնակարանում։ Գուցե դա նա էր, ում արձակած փամփուշտն անցք էր բացել ապակու վրա եւ կպել հեռուստացույցին, որն այդ պահին նայում էր ընտանիքի մայրը՝ կատարելով իր ռիթմիկ վարժությունները։ Նա նստած էր եւ շարժում էր ձեռքերը, ձգվում էր մարմնով եւ պարբերաբար թեքում էր ուսերը՝ աջ-ձախ, աջ-ձախ։ Նա դիտում էր խոհարարական մի հեռուստաշոու, երբ փամփուշտը կպավ շեֆ-խոհարարի որովայնին՝ աջ ու ձախ ցրելով սեղանի սոուսը, շշերը եւ համեմունքներով լի տարաները։ Ուտելիքով տապական անհետացավ էկրանից, խոհանոցի լույսը մարեց, եւ ոչինչ, ոչինչ չմնաց, բացի վառվող լարերի հոտը, որ տարածվեց տնով մեկ։ Այս կրակոցը հաստատ արվել է դիպուկահարի կողմից, ով, հավանաբար, կանգնած է եղել դիմացի շենքերից մեկի տանիքին։ 

Մեկ կրակոցով դիպուկահարն անջատեց ընտանիքի անդամների սրտում հնչող երաժշտությունը։ Այս մեկ ակնթարթը վերացրեց տան մթնոլորտի անբաժան մասնիկ դարձած ռիթմը, որը ծնվել ու ապրում էր ընտանիքի անդամների ներսում։ Նրանց կիսաբաց շրթունքները եւ լայն բացված աչքերը վախ էին արտահայտում, թեպետ մարմինները շարունակում էին իրենցից անկախ կրկնել նույն ռիթմիկ շարժումները․ նրանց մարմինները լուսանում էին ռիթմիկ պարերի հափշտակության ներքո։

Արաբերենից թարգմանեց Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ