Երկու քաղաքացի կայուն ծանր վիճակում է․ նոր տեղեկություն՝ «Կամազի» ու ավտոբուսի վթարից
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 11-ին, առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Հրապարակ»-ին հետ զրույցում ասաց, որ տուժած քաղաքացիներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ի վիճակը միջին ծանրության, 9 հոգի դուրս են գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառների և հանգամանքների պարզման, տրանսպորտային միջոցների վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում է նախաքննություն։
Կարծիքներ