Առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ

2024 թվականի ընթացքում շարունակել ենք Ռուսաստանի դաշնության հետ մեր բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը, տեղի են ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի երկու հանդիպում, երկու հեռախոսազրույց: Տարվել են աշխատանքներ առանձին, այդ թվում տարածաշրջանային հարցերի շուրջ միակողմանի մեկնաբանություններից խուսափելու համար: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Տարվա վերջում նախատեսված էր իմ այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպումը, շփումները իմ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, տեխնիկական որոշ պատճառներով այցը հետաձգվեց: Բայց դա տեղի ունեցավ արդեն այս տարվա սկզբին»,- ասել է նա՝ խոսելով նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին:
«ԱՄՆ-ի հետ այդ տարի շատ հետաքրքիր զարգացումներ եղան: Եթե կարճ ասեմ, ապա Երևանում անցկացված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որն իհարկե նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը:
Խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել և համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ և չի շարունակվելու նոր վարչակազմի հետ: Իհարկե, դա այդպես չէ և նոր վարչակազմի ներկայացուցիչները արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում: Հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները ԱՄՆ նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են:
Հիշում ենք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք թիմի այլ ներկայացուցիչների հետ, առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ, ի դեպ նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասել է նա:
Կարծիքներ