Ակադեմիային չեն տեղեկացրել, թե ինչու են ուզում ԳԱԱ-ն դարձնել հիմնադրամ 

Ակադեմիային չեն տեղեկացրել, թե ինչու են ուզում ԳԱԱ-ն դարձնել հիմնադրամ 

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին լրամշակման փուլում է, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կներկայացվի բուհերի եւ հանրության լայն շրջանակների քննարկմանը։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, առաջարկվող նոր կարգավորումներով՝ Գիտությունների ազգային ակադեմիան հանդիսանալու է «ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ»: Մինչդեռ ներկայիս կարգավիճակով ԳԱԱ-ն բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը ցավով նկատեց, որ ո՛չ ինքը, ո՛չ Ակադեմիայի նախագահությունը տեղեկություն չունեն նախատեսվող փոփոխությունների մասին, քանի որ չեն մասնակցել օրենքի նախագծի մշակմանը, հետեւաբար՝ չեն կարող ասել, թե ինչ նկատի ունեն «ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ» ձեւակերպման տակ։ Ո՞րն է պատճառը, որ ԳԱԱ աշխատակազմին, գիտնականներին անմասն են թողել այս գործընթացից։ «Չի եղել որեւէ առաջարկ կամ հրավեր, դրանք իրականացվել են առանց մեզ որեւէ կերպ տեղեկացնելու»։ Ավելին՝ ԳԱԱ-ի կողմից արվել է գրավոր հարցում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, մասնավորապես հետաքրքրվել են, թե ինչու նման կարեւոր նշանակություն ունեցող փաստաթղթի քննարկումներում, ինչպիսին է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, Ակադեմիային ու գիտության ոլորտին առնչվող հարցերում չեն ներառել ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատուին, այն է՝ Գիտությունների ազգային ակադեմիային։   

Ի պատասխան հարցմանը՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից նշել են, որ ներքին կարգով ընթանում են քննարկումներ, առաջիկայում նախագիծը կդրվի շրջանառության մեջ, այդ ժամանակ էլ կտեղեկացվեն․ մոտավորապես այսպիսի պատասխան են տվել։  

Որքանո՞վ է ճիշտ եւ տրամաբանական Ակադեմիային առնչվող քննարկումներից դուրս թողնել հենց այն կառույցին՝ ԳԱԱ-ին, որին վերաբերում են այդ փոփոխությունները։ «Իմ անձնական պատկերացմամբ՝ դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ ցանկացած ռեֆորմի հաջողության հիմքում նաեւ կոնսենսուսն է, այն օբյեկտների կամ սուբյեկտների աջակցությունը, որոնք օրենքով ենթակա են կամ մասնակից այդ բարեփոխմանը։ Ցավոք սրտի, մենք այստեղ ականատես ենք մասնակցայնության զրո աստիճանի, ինչը, բնականաբար, ընդունելի չէ»։

Թե ինչ ռիսկային գործոններ կան ԳԱԱ-ի կարգավիճակը հիմնադրամի փոխելու ճանապարհին, Իշխանյանը դժվարանում է պատասխանել։ «Նորից եմ ասում՝ մենք ոչ մի պատկերացում չունենք դրա վերաբերյալ, թե ինչ նկատի ունեն․ գուցե դա ենթադրում է կարգավիճակի բարձրացում կամ լիազորությունների ընդլայնում, իսկ հնարավոր է հակառակը՝ լիազորությունների նեղացում։ Չգիտենք նաեւ, թե ինչպիսին են լինելու հարաբերություններն Ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների եւ Ակադեմիայի ու բուհական կառույցների հետ։ Ցավոք, չունենք որեւէ ինֆորմացիա, որովհետեւ չենք մասնակցել քննարկումներին։ Իսկ այդ ձեւակերպումն էլ իրավաբանորեն հայտնի բան չէ, որ ելնենք այն բանից, որ այսպիսի ձեւակերպում կա այսինչ օրենքում»,- նշում է Ա․ Իշխանյանն ու հավելում, որ ԳԱԱ-ն ինքնակառավարվող հաստատություն է, իր ներքին կանոնակարգը որոշող, այդ թվում՝ տնօրենների ընտրության կարգը սահմանող համակարգ, որը հաստատված է «Ակադեմիայի մասին» օրենքով։