Մաշեցինք, արժեզրկեցինք

Մաշեցինք, արժեզրկեցինք

Բառերը մաշվելու ունակություն ունեն։ Տարիներ առաջ գրողներից մեկը հայտնվել էր ծանր կացության մեջ, եւ ես համարձակություն ունեցա դիմել Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանին՝ խնդրելով աջակցել նրան, հարցը միայն Վանո Սիրադեղյանը կարող էր լուծել։ Կյանքիս ամենամեծ դասերից մեկն այդ օրը ստացա։ Վարպետը լուռ լսեց խնդիրը, դժկամությամբ վերցրեց հեռախոսը, զանգեց Սիրադեղյանի օգնականին եւ ընդամենը 2 բառ ասաց՝ նշելով նեղության մեջ հայտնված գրողի անունը։

Երբ չթաքցնելով զարմանքս, ասացի՝ բայց «կարող էիք մի քիչ ավելի պինդ ասել», ասաց՝ «բառերը մաշվելու ունակություն ունեն, պետք է դրանք զգուշորեն օգտագործել»։ Դրանից հետո բազմաթիվ անգամներ համոզվեցի, թե ինչքան անփույթ ու անպատասխանատու ենք մենք բառերի հանդեպ։ Ո՛չ մեր հիացմունքն ու հրճվանքն ենք կարողանում զուսպ ու ճիշտ բառերով արտահայտել, ո՛չ զայրույթն ու վրդովմունքը։ Իսկ ինչքա՜ն տգետ վերաբերմունք ունենք սիրո, հայհոյանքի, քննադատության խոսքերի նկատմամբ։ Հիմնովին արժեզրկել, հողին ենք հավասարեցրել դրանք։ Ասենք՝ «սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով, խոնարհվում եմ ձեր առաջ», թվում է, գեղեցիկ ու վսեմ բառեր են, բայց ինչքան սին են հնչում դրանք հիմա։ Կամ՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն», «ժողովրդի իշխանություն», այսօր՝ «հաղթելու ենք» կամ՝ «հաղթել ենք»։ Անգամ սեռական բնույթի հայհոյանքներն այնքան անխնա ու համատարած օգտագործեցինք այս տարիներին, որ դրանց ազդեցությունն էլ զրոյացավ, առոչինչ դարձավ՝ կորցնելով մարդու վրա ներազդելու կարողությունը։ Իսկ ինչքա՜ն կոչումներ ու մեդալներ բաժանվեցին այս տարիներին, անգամ գեներալի եւ ազգային հերոսի կոչումը դարձավ շարքային պարգեւատրման նման մի բան, որը ստանում են բոլոր իշխանության մեջ գտնվողները։