Որ պահին Հայաստանն ասի՝ համաձայն եմ,  Ադրբեջանն ավելին է պահանջելու

Որ պահին Հայաստանն ասի՝ համաձայն եմ,  Ադրբեջանն ավելին է պահանջելու

Հանրային, քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը, որ ժամանակին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ էր, բայց որպես կուսակցության ղեկավար էր ընկալվում, իսկ հետագայում դուրս եկավ ՔՈ-ից, Անկախության օրվա առավոտյան Եռաբլուրում հերոսների ծնողներին բերման ենթարկելու տեսարանն անվանեց շատ տհաճ։ Մեր հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ նման գործողություններով իշխանությունները ստիպում են մարդկանց խուսափել ծառայությունից․ հանուն ինչի՞ պայքարել ու զոհվել, եթե իրենց ծնողներին էլ կարող են նման վերաբերմունքի արժանացնել, Սահակյանն ասաց, որ զոհվում են հանուն հայրենիքի: Անդրադառնալով Հայաստանի անկախության օրվան՝ նա նշեց, որ իր համար անթույլատրելի է տարածվող այն թեզը, թե մարդիկ զոհվել են հանուն Նիկոլ Փաշինյանի կամ մատաղ եղան: Դրանք իր համար անթույլատրելի արտահայտություններ են։

«Ես կարծում եմ՝ դա իրենց զոհողությունների նսեմացում է նշանակում։ Եվ մարդիկ գնում զոհվում են, ու մեր պետությունը հիմա էլ նման մարտահրավերների առաջ է կանգնած, ես էլ կարող եմ զոհվել, եւ նշանակում է՝ երկրորդ անգամ էլ սպանել, եթե ասել՝ դա Նիկոլ Փաշինյանի համար է, կամ ես մատաղ եմ ինչ-որ մեկին։ Մարդիկ պետք է իրենց այդ հարցը տան եւ հասկանան, որ գնում են  այս պետության «ոչ» ասելու իրավունքը պաշտպանելու համար, այսինքն՝ անկախության ու որոշումներ կայացնելու համար, ոչ թե իշխանության կամ  կարմիրբերետավորների կամ ինչ-որ մեկի համար։ Ինչ վերաբերում է դեպքին, իհարկե, դատապարտում եմ՝ ամենատհաճ տեսարաններից մեկն էր, որին ես ականատես եմ եղել վերջերս»,- ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ու հայկական պետականության գոյության համադրելիությանը, Սահակյանը նշում է, որ թշնամու նկրտումները եւ մեր պետականությունն անհամատեղելի են՝ կա՛մ մեկը պիտի վերանա, կա՛մ մյուսը։ Նա «խաղաղության դարաշրջանի» թեզը սնանկ է համարում, քանի որ այս պահին Հայաստանի իրավիճակը, այն նպատակները, որոնք Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ փորձում է իրականացնել, հնարավոր չէ կյանքի կոչել։

Սուրեն Սահակյանը նշում է, որ ներքաղաքական անկայուն վիճակն էլ իր հերթին ոչ բարենպաստ ազդեցություն է թողնում այս բոլոր գործընթացների վրա։

«Թշնամին տեսնում է, որ անընդհատ քաղաքական խախուտ վիճակ է, ու էլ ավելի է ուզենալու, որ մի օր շուտ այդ իրավիճակը հանգուցալուծի իր օգտին»,- ասաց Սահակյանը։
Նրա կարծիքով` լուծումը մեկն է. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ու չնայած հասարակության մեջ լուրեր են պտտվում, թե Փաշինյանը դավաճան է ու դրա համար պետք է հեռանա, ինքը տիրապետում է տվյալների, որ դա այդպես չէ` վերջինս պետք է հեռանա, որովհետեւ այն, ինչ պետք է աներ Հայաստանը՝ այդ պարտությունից հետո, Փաշինյանը չի կարող անել: Վերջինս չի կարող միավորող գործոն հանդիսանալ, հիմա չունի վստահության այն պաշարը, որը կարող է Հայաստանը ոտքի կանգնեցնել, որը կարող է մարդկանց հավատ ներշնչել, որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթից հետո մարդկանց ինքնաբուխ հավաքին, Սահակյանն ասաց, որ դուրս կգար փողոց Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին արված հայտարարության պատճառով, ինչը նշանակում էր միջազգային հանրությանն ու հարեւաններին ակնարկել, որ ինքը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։

Սուրեն Սահակյանը համոզված է, որ «խաղաղության պայմանագիրը» չի կնքվի, քանի որ, այդպիսով, Ադրբեջանն իր հսկողության տակից դուրս կթողնի Հայաստանին եւ, բնականաբար, դրա ստորագրումը հետաձգող քայլեր կձեռնարկի։ Ինչ վերաբերում է «տանք ամեն ինչ, ինչ Ալիեւն ուզում է, որ խաղաղություն լինի» թեզին, Սահակյանը  շեշտում է, որ, ընդհակառակը՝ այդպիսով միայն կբացեն ադրբեջանցիների ու թուրքերի ախորժակը, եւ նրանք հենց այդ մտայնությամբ էլ շարժվում են առաջ։

«Որ պահին Հայաստանն ասի՝ համաձայն եմ, ամեն ինչ ստորագրելու եմ, Արդբեջանն ավելին է պահանջելու։ Միջանցքը տվեցիր՝ Զանգեզուրն է ուզելու, Զանգեզուրը տվեցիր՝ Վայոց Ձորն է ուզելու, Վայոց Ձորը տվեցիր՝ Արարատի մարզն է ուզելու, այնքան, որ Հայաստանից դուրս չգա։ Ինձ թվում է՝ Երեւանի վրա կկանգնեն, ու կմնան Երեւանը, Գյումրին ու Սեւանի կեսը»,- ասաց Սահակյանը։

Անդրադառնալով Հայաստանում հակառուսական միտումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ դրանք սկսվել են 2015 թվականին Պերմյակովի կողմից Գյումրիի դաժան սպանության դեպքից հետո, եւ այդ ժամանակներից ի վեր ռուսական կողմն ակտիվորեն տանում է այդ միտումը, եւ դրանում ամենամեծ մեղավորը հենց Ռուսաստանն է։