Ժամանակին դատարաններ պաշարող իշխանությունը երեկ Ազգային ժողովում դիտարժան թատրոն բեմադրեց, որով Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը փորձեցին ցույց տալ, թե իբր Փաշինյանն ու իր թիմը դատական իշխանության վրա ազդեցություն չունեն, եւ իրենք չունեն «սրտի դատավորներ», իսկ դատական համակարգն էլ անկախ է, քան երբեւէ։ Եվ ամենակարեւորը՝ իրենք իրականում այնքան էլ ուսապարկ ու կոճակ սեղմող չեն, ու վերեւներից իրենց չեն պարտադրում՝ ինչպես եւ ում ընտրել։
Խորհրդարանում երեկ քննարկվում էին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածությունները, որոնք առաջադրել էր ԲԴԽ-ն։ Խորհրդարանին երեք թեկնածու էր ի սկզբանե ներկայացվել՝ կարգն այդպիսին է։ Ընդ որում, միշտ նախապես հայտնի է լինում, թե ով է անցնելու, եւ դատական համակարգում քչերն են համաձայնում ընտրության իմիտացիա ապահովող աշխատել՝ մյուս երկու չանցնող դատավորներին «պռավադնիկ» անունն են տվել, եւ իրենց հարգող դատավորները հրաժարվում են այդ դերը ստանձնել։
Այս պարագայում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանն է անցողիկ թեկնածուն համարվում, որովհետեւ 2018-ից այս կողմ նա քաղաքական հնչեղություն ունեցող գործեր է քննել եւ վայելում է Կարեն Անդրեասյանի սերը։ Նա նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կալանքի որոշումներն է տվել եւ անխախտ տեղ զբաղեցրել իշխանությունների սրտում: Երկրորդ թեկնածուն էլ «վատը» չէր՝ Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով դատավորն էր, որը չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։
Իսկ երրորդ թեկնածուն Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն էր։ Սակայն երեկ խորհրդարան էր ներկայացել միայն վերջինը՝ Մարաբյանը, մյուսների մասով հայտարարվեց, որ մի դատավորն ունի առողջական խնդիրներ, մյուսի պլաններն են փոխվել։ Ճշտեցինք, որ Մխիթարյանն ունի առողջական խնդիրներ, իսկ Շահվերդյանը փոշմանել է։ Իրականում Շահվերդյանը փոշմանել է այն պահին, երբ իմացել է, որ իշխանության սրտի թեկնածուն Մխիթարյանն է, ոչ թե ինքը։ Շահվերդյանն այդ պատճառով էլ անցած շաբաթ հրաժարվել է ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման գնալ, իսկ Մխիթարյանի մոտ «առողջական խնդիրները» ծագել են իշխանականների հետ փակ հանդիպումից հետո, երբ նրան ասվել է, որ իրեն չեն ընտրելու՝ անկախ այն բանից, որ Կարեն Անդրեասյանը Փաշինյանի մոտ բարեխոսել է եւ «դաբրո» ստացել Մխիթարյանի համար։ Ի դեպ, մենք գրել էինք այդ հանդիպման մասին․ Մխիթարյանի պահվածքը, կարելի է ասել, շոկ է առաջացրել ՔՊ-ական պատգամավորների մոտ, բանն այն է, որ նա բաց տեքստով հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը հրահանգ կատարող է, եւ Վերաքննիչ դատարանում իր հետ են ճշտվում աղմկահարույց գործերով որոշումներ կայացնելուց առաջ, ինքն էլ ազդում է վճիռների վրա։ Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Ռուբիկ Մխիթարյանի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն է տվել եւ նշել, որ Մխիթարյանը հրահանգ կատարող է, հատկապես, երբ որոշումը պետք է բացասական հետեւանք առաջացնի ընդդիմադիր կողմի համար, այսինքն՝ Ռուբիկ Մխիթարյանը խոստովանել է, որ կարող է ենթարկվել քաղաքական ճնշումների կամ այլ ազդեցությունների:
ՔՊ-ականներն այս բացահայտ խայտառակության մասին փոխանակ հաղորդում ներկայացնեն իրավապահներին, Փաշինյանին ընդամենը բողոքել են, թե չեն կարող նման խայտառակ դատավորի ընտրել, վարչապետն էլ ընդառաջ է գնացել նրանց՝ ցույց տալով, որ ինքն էլ դատավորների վրա ազդեցություն չունի։
Մի ուշագրավ դրվագ էլ ներկայացնենք փակ հանդիպումից․ հանդիպման ժամանակ Մարաբյանը ՔՊ-ականներին ուղիղ ասել է, թե ինքը գիտի, որ իրենց ֆավորիտը Մխիթարյանն է, սակայն քանի որ առաջադրվել է, ներկայացել է՝ փակ հանդիպմանն իր մոտեցումները հայտնելու։ Արդյունքում ՔՊ-ում երեկ ով չալարեց, ելույթ ունեցավ՝ հերոսաբար հայտարարելով, թե չունեն սրտի դատավորներ, որ իրենք են որոշում՝ ում ընտրել եւ ինչու։ Խմբակցության ղեկավարից սկսած, վերջացրած Արսեն Թորոսյանով։ Նրանք առիթը բաց չթողեցին՝ հերթական անգամ ցեխ շպրտելու, իրենց խոսքով՝ «դեղին մամուլի», իրականում ՔՊ-ի ներսում տիրող խայտառակ իրավիճակը հանրությանը ներկայացնող լրատվամիջոցների վրա, որոնք գրում են, թե իբր իրենք քաղաքական գործերով հայտնի դատավորի են ընտրելու։ Մի խոսքով, փորձում էին հերքել գրեթե աքսիոմատիկ ճշմարտություններ։ Երեկ նաեւ դատավորի թեկնածուի գաղտնի քվեարկություն տեղի ունեցավ, սակայն այդպես էլ չհայտարարվեց ընտրված թեկնածուի մասին։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրվել է Սերգեյ Մարաբյանը։ Ի դեպ, Մարաբյանը, ով նախկինում բավականին բարձր հեղինակություն ուներ՝ որպես անկողմնակալ դատավոր, վերջերս Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքը վավերացրեց, հավանաբար՝ հենց այդ ժամանակ էլ վաստակելով Հակակոռուպցիոն դատարան գնալու շանսը։