«Երթեւեկության հերն անիծել են»․ ԱԱԾ-ի խաչմերուկը պարալիզացված է (տեսանյութ)
«Երեւանի քաղաքապետարանը ոչ թե կազմակերպում, այլ կազմաքանդում է երթեւեկությունը», «երթեւեկության հերն անիծել են», «էս երկիր չի, Ճրթոյի դուքանն ա»․ քաղաքացիները զայրանում են, հայհոյանքներ տեղում իշխանության հասցեին։ Օգոստոսի վերջին Երեւանի քաղաքապետարանը իբրեւ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթեւեկության կազմակերպման փոփոխություն է արել, ավելացրել է կարմիր գծերը, որոշ փողոցներ դարձրել միակողմանի, ինչի հետեւանքով որոշ խաչմերուկներում երթեւեկությունը պարալիզացվել է։
Իսահակյան եւ Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը միակողմանի է:
Առավել ծանր է իրավիճակը Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկում։ Այս հատվածը մայրաքաղաքի թերեւս ամենաթեթեւ երթեւեկելի գոտին է եղել, որտեղ խցանումներ գրեթե չի առաջացել։ Այժմ այս խաչմերուկից ձախ՝ Մոսկովյան փողոց թեքվել չի կարելի, վարորդները ձախ կարող են թեքվել տնտեսագիտական համալսարանի մոտից՝ Իսահակյան փողոցից, որտեղ ընդամենը 2 երթեւեկելի գոտի է՝ մի ուղղությունը բացառապես ձախ, մի ուղղությունը՝ ուղիղ։ Ուղիղ գնացող գոտին ամբողջությամբ գծանշված է ավտոբուսի կանգառի համար։ Այս գոտին գրեթե միշտ ծանրաբեռնված է՝ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների մեքենաներով, չնայած կանգառն արգելվում է։
Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ միաժամանակ այս ճանապարհից օգտվում են 2 մեծ ավտոբուս՝ մեկը թեքվում է ձախ, մյուսը որոշում է կանգառ կատարել։ «Հրապարակ»-ն այսօր նկարել է խաչմերուկի խայտառակ վիճակը։ Երթեւեկության փոփոխության մասին զրուցել ենք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի հետ։
«Ձեր նշած հատվածում երթեւեկության փոփոխությունը ծառայել է իր նպատակին։ Քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ երթեւեկության առաջնահերթությունը տրվելու է հասարակական տրանսպորտին, որը պետք է երթեւեկի առանց խցանումների եւ անարգել, ինչը հաջողված է տվյալ փորձով»,-նշեց Վազգեն Հարությունյանը:
Փաստացի տրանսպորտի վարչության պետը չի տիրապետում իրավիճակին։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ