ԲԴԽ-ի բացասական պատասխանի դեպքում այն կբողոքարկեմ․ դատավոր Կարինե Պետրոսյան

ԲԴԽ-ի բացասական պատասխանի դեպքում այն կբողոքարկեմ․ դատավոր Կարինե Պետրոսյան

Այսօր տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանից դիմում է ստացել՝ ուղղված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որով դատավորը խնդրում է անհապաղ դադարեցնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։  ԲԴԽ-ն փետրվարի 25-ին դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ արդարադատության նախարարության հարուցած վարույթն է քննելու, և տիկին Պետրոսյանը համարում է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ անդամ չէ, քանզի նա ընտրվել է օրենքի խախտմամբ։ Խնդիրը, հիշեցնենք, տարիքային ցենզն է՝ Գ․Ջհանգիրյանը 66 տարեկան է, իսկ ԲԴԽ անդամ կարող են դառնալ մինչեւ 65 տարեկան անձինք։ Մենք զրուցել ենք դատավոր Կարինե Պետրոսյանի հետ։

-Տիկի՛ն Պետրոսյան, ինչո՞վ է խանգարում Ձեզ Գագիկ Ջհանգիրյանը, ինչո՞ւ եք որոշել դիմել ԲԴԽ նախագահին՝ դադարեցնելու նրա լիազորությունները։

-Նախ գաղտնիք չէ, որ ես ի սկզբանե՝ նույնիսկ մինչև ընտրությունները, բարձրաձայնել եմ այն մասին, որ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում հակասում է և կոպտորեն խախտում է Դատական օրենսգրքի սահմանադրական հոդվածի 80-րդ հոդվածի 9-րդ մասը։ Եվ երբ Ազգային ժողովում ընթացող հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հարցեր էին ուղղում պարոն Ջհանգիրյանին, պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույն հարցը ուղղեց, որ դատավորները պատրաստվում են հայցերով հանդես գալ, ի՞նչ կարծիք ունի այդ մասին։ Գագիկ Ջհանգիրյանն էլ պատասխանեց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում բացառապես միայն ԱԺ խմբակցությունների կողմից։ Ես, իհարկե, նման դիրքորոշման  հետ համամիտ չեմ, դա Գագիկ Ջհանգիրյանի անձնական իրավական դիրքորոշումն է, և ես հիմա էլ եմ ասում, որ ես ժամանակին մեկ անգամ արդեն ձեռնարկել եմ այդ գործողությունների ամբողջությունը նախկին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի մասով, նույնը պատրաստվում եմ անել հիմա։ Իսկ ինչո՞ւ եմ ես բողոքարկել։ Որպեսզի ես այդ հնարավորությունը և իրավունքն ունենամ, պետք է ունենամ որոշակի խախտված իրավունք։ Տվյալ դեպքում արդարադատության նախարարը հարուցել է կարգապահական վարույթ իմ նկատմամբ, որի քննությունը տեղի է ունենալու այս շաբաթ՝ փետրվարի 25-ին։ Բարձրագույն դատական խորհուրդը տվյալ պարագայում կարգապահական վարույթի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան։ Ես ունեմ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության իրավունք։ Եվ, երբ որ ես կարծում եմ, որ ԲԴԽ անդամներից մեկը լեգիտիմ չէ, և օր առաջ պետք է նրա լիազորությունները դադարեին, բնականաբար, պետք է վիճարկել այդ հանգամանքը։ Եվ քանի որ այդ պարտավորությունը դրված է միայն ԲԴԽ նախագահի վրա, թերևս և այն հանգամանքով, որ վերջնական իրավական կարգավորում չկա՝ արդյոք այդ հարցը պիտի քննարկվի՞ ԲԴԽ-ում, թե՞ ոչ, ես դիմել եմ ԲԴԽ նախագահին և ասում եմ, որ այդ դատարանի անդամներից մեկը լեգիտիմ չէ, վաղուց պետք է հայտարարություն հրապարակվեր, ուստի ես խնդրում եմ իրականացնել Դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասը և անհապաղ հայտարարություն տարածել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարման վերաբերյալ։ Եվ մամուլից այսօր տեղեկացա, որ այսօր այդ հարցը քննության առարկա է դառնալու ԲԴԽ-ի կողմից։

-Ստացվում է՝ ԲԴԽ-ն պետք է կատարեր մի բան, որը չի կատարել՝ ըստ Ձեզ, և Դուք՝ որպես դատավոր, ճարահատյալ դիմել է ԲԴԽ նախագահին, որ ընթա՞ցք տա դրան։

-Ըստ իս՝ այո, որովհետև, տեսեք, ես օրենքի բացը վկայակոչելով հանդերձ, նաև տրամաբանական մաս եմ վկայակոչում։ Պատկերացրեք, որ դատավորի 65 տարին լրանում է, և ԲԴԽ-ն առնվազն 6 անդամի համաձայնությամբ որոշում չի ընդունում լիազորությունները դադարելու վերաբերյալ։ Ուրեմն այդ դատավորը պիտի շարունակի՞ պաշտոնավարել։ Երևի թե Օրենսդիրը, այդ հանգամանքը հաշվի առնելով, իմպերատիվ պահանջ է դրել, որ այդ գործողությունը պետք է իրականացնի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ անհապաղ հայտարարություն տարածի լիազորությունների դադարման վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով, ես դիմել եմ ԲԴԽ նախագահին, ու կսպասեմ պատասխանին։ Բացասական պատասխանի դեպքում ես իմ հետագա գործողությունները կիրականացնեմ զուտ իրավական ընթացակարգերով՝ բողոքարկելով վարչական դատարան։

-Դուք այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանը իշխանության կողմից ընտրված թեկնածու է, և նրա հետ կապված մամուլում տարատեսակ մեկնաբանություններ եղան, որ նա գալիս է «իր բռի մեջ հավաքելու դատավորներին» և այլն։

-Շատ կուզենայի, որ այդ փաստը բացակայեր, բայց տեղի ունեցող գործողությունների և իրադարձությունների ամբողջությունը, ինձ մոտ՝ որպես անկողմնակալ դիտորդի, այլ ենթադրության տեղիք չի տալիս։ Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ես պայքարում եմ, դատական կարգով վիճարկելու եմ նրա ընտրությունը և այլն, զուգորդվեցին քրեական գործի հարուցմամբ, զուգորդվեցին կարգապահական վարույթի հարուցմամբ։ Ավելին, ընտրությունից հետո տեղի են ունենում գործընթացներ, որոնք որ ինձ մոտ՝ որպես անկողմնակալ դիտորդի, նաև երևի թե Ձեզ մոտ, կասկածներ կհարուցեն նրա (Գագիկ Ջհանգիրյանի․-խմբ) գործունեության հետ կապված։

-Բայց նույն հաջողությամբ շատերը կարող են ընկալել, որ Ձեր կողմից էլ կողմնակալ վերաբերմունք կա Գագիկ Ջհանգիրյանի անձի նկատմամբ, քանզի մեկ այլ դատավոր գուցե աչք փակեր այդ հանգամանքի՝ Ջհանգիրյանի ընտրության լեգիտիմության վրա։

-Բացարձակ կողմնակալ կարծիք, վերաբերմունք չունեմ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, միայն խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ 65 տարին լրացած անձը չէր կարող առաջադրվել և ընտրվել ԲԴԽ անդամ։ Եթե փաստացի այդ ընտրությունը կատարված է, դա դեռ չի նշանակում, որ ես այն վիճարկելու հնարավորություն և իրավունք չունեմ։ Որովհետև նույնիսկ, եթե Ազգային ժողովը օրենք է ընդունում, և էդ օրենքն օրինական ուժ է ստանում և կիրառվում է, կիրառման ընթացքում հնարավոր է, որ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի այն հակասահմանադրական։