Նախշուն Տավարացյանի հրաժարականի հետահայաց էֆեկտը

Նախշուն Տավարացյանի հրաժարականի հետահայաց էֆեկտը

Նոր Հայաստանում նոր կազմով համալրված Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնբաց կարգով  քննում էր  արդարադատության նախարարի միջնորդությունը՝ ընդհանուր իրավասության դատավորներ Կարինե Պետրոսյանին և Ալեքսեյ Սուքոյանին պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ։ 
Նիստն ընդմիջումներով էր, քանի որ նախ արդարադատության նախարարության ներկայացուցիչը միջնորդեց  15 րոպեանոց ընդմիջում հայտարարել, քանի որ արդարադատության փոխնախարար Գրիգորյանը տեխնիկական պատճառներով ուշանում է։ ԲԴԽ-ն գնաց, եկավ, մինչ այդ եկել էր նաև փոխնախարարը, և դատական նիստը սկսվեց։

Կարինե Պետրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Հարուցման հիմքը, ինչպես նշել էր նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից թիվ Ե-3949 գրությամբ ներկայացված  «ՀՀ սնանկության դատարանում ՀՀ առաջին ատյանի դատարաններից ստացված սնանկության գործերի ամբողջականության կապակցությամբ» դեպարտամենտի կողմից կատարված ստուգման արդյունքներն են։ Թեև Կարինե Պետրոսյանի ներկայացրած տեղեկանքում այդ մասին նշված չէր, բայց դրանք, պարզ է, որ դատավորի օգտին չեն եղել։

Ըստ դատավորի՝ իր նկատմամբ վարույթը հարուցվել է փաստացի վարույթում և ընթացքի մեջ գտնվող անհայտ անձի կողմից առանց իրավական հիմքերի կատարված ենթադրյալ ուսումնասիրությունների արդյունքում կատարված  անստորագիր տեղեկանքի և օրենքի խախտումներով ձեռք բերված ապացույցի հիման վրա։

Դատավոր Կարինե Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի իր նկատմամբ վարույթը կարճվի սույն գործի քննության ժամկետների անցած լինելու հիմքով։  Ըստ դատավորի՝ հարցը պետք է լսվեր մինչև օգոստոսի 10-ը, քանի որ Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ դատական նիստը հնարավոր է, եթե դատական նիստին մասնակցում է ԲԴԽ անդամների երկու երրորդը կամ 7 դատավոր։

 «Տվյալ դեպքում օգոստոսի 5-ին դատական նիստ հրավիրելիս՝ ԲԴԽ կազմից անկախ պատճառներով, ԲԴԽ-ն չէր կարող կանխատեսել, որ անդամներից մեկը, ի դեմս Նախշուն Տավարացյանի, ինքնաբացարկ կարող է հայտնել, ինչի արդյունքում ԲԴԽ անդամների թիվը կարող է նվազել, և, ըստ էության, իրավազորության հարցը կդրվեր կասկածի տակ»,- դատավորն ամփոփեց, որ օգոստոսի հինգին ԲԴԽ անդամների թիվը բավարար չի եղել նշված հարցի քննարկման համար։ Օրենքով կարգավորվում է, որ դատական նիստը կարող է ևս մեկ ամսով հետաձգվել, իսկ քանի որ նիստերի հետաձգման վերաբերյալ որոշումը պետք է տրվի երկու երրորդի կազմով, այդ պահին, ըստ Կարինե Պետրոսյանի, նման որոշում կայացնելու համար ԲԴԽ-ն 7 հոգանոց թվակազմ չի ունեցել։

Փաստորեն, Նախշուն Տավարացյանի հրաժարականը նաև հետահայաց էֆեկտ ունի։ Դատավոր Հայկ Հովհաննիսյանը Կարինե Պետրոսյանին հարցրեց, թե ինչ նկատի ունի՝ ասելով «ինքնաբացարկ», նա էլ ասաց, որ սխալ բառ է օգտագործել, պետք է ասեր՝ «հրաժարական»։ Ուշագրավ է, որ կիրթ և բարետես արտաքինով ԲԴԽ-ականը չէր տիրապետում էթիկայի տարրական նորմերին և կին դատավորին հարցը տալիս էր նրան մատնացույց անելով։

Ավելի վաղ Կարինե Պետրոսյանը նշել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ունի իր խորքային պատճառները և հանդիսանում էր ուղղորդված ուշացած հաշվեհարդար։ Ըստ որում, վերջին պարբերությունը, չգիտես ինչու, առել էր չակերտների մեջ։  

Սա տիկին դատավորի նկատմամբ առաջին հարուցված վարույթը չէ։ Առաջինն այն հիմքով է, որ Կարինե Պետրոսյանը սահմանված ժամկետում դատարանին չի փոխանցել իր վարույթում եղած սնանկության գործերը։  Դատավորը գրավոր բացատրություն էր ներկայացրել, և վարույթը 17․04․2019-ին կարճվել էր։ 

Արդարադատության նախարարության անհամաձայնությունն ու առարկությունը լսելուց հետո ԲԴԽ-ն անցավ խորհրդակցական սենյակ, որտեղից արդեն 2․5 ժամ է՝ դուրս չի գալիս։