Ինչու՞ են վնասում Փաշինյանին

Ինչու՞ են վնասում Փաշինյանին

Արդեն տեւական ժամանակ է, որոշ լրատվամիջոցներ որոշակի պարբերականությամբ գեներացնում են այն միտքը, թե Արցախի ներկայիս իշխանությունը Հայաստանի նախկին ռեժիմի շարունակությունն է: Դրան նպաստում են նաեւ արցախյան մի քանի քաղաքական համարվող գործիչներ, որոնք ապրիլ-մայիսից ի վեր հայաստանյան մեդիա-տիրույթի մի հատվածում նկատելիորեն պահանջված են:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս, գուցե ինչ-որ տեղից համակարգվող քարոզչությունը՝ քաղաքագիտական ավելի խորը վերլուծության թեմա է: Բայց նույնիսկ թռուցիկ հայացքն է բավարար, որպեսզի արձանագրվի մի ակնհայտ իրողություն՝ դա բոլորովին էլ չի օգնում Հայաստանի նոր իշխանությանը, որպեսզի Արցախի հետ հարաբերությունների շատ նուրբ հարցում ճիշտ կողմնորոշվի: Մակերեսային պատկերացումը, թե Սերժ Սարգսյանն է ձեւավորել Արցախի ներկայիս իշխանությանը, քննադատության չի դիմանում թե՛ փաստական, թե՛ քաղաքական առումով:

Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել 2007թ. օգոստոսին, երբ դեռեւս այնքան էլ հստակ չէր, որ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է լինելու: Բակո Սահակյանին իրավահաջորդ ընտրելու որոշումը կայացրել է Արկադի Ղուկասյանը՝ գրեթե մեկ տարի տեւած ներքաղաքական քննարկումներից եւ խորհրդատվություններից հետո:

Ընդ որում, այդ ընթացքում քննարկվել են նաեւ այլ թեկնածություններ: Ի վերջո ձեւավորվել է կոնսենսուս, եւ Բակո Սահակյանը ներկայացվել է որպես Արցախի բոլոր քաղաքական ուժերի միասնական թեկնածու: Այդ աջակցության հիմնական բեռը, սակայն, կրել է Ազատ հայրենիք կուսակցությունը, որը Հայաստանի իշխող քաղաքական ուժի հետ որեւէ առնչություն չուներ, եթե ավելին չասվի: Բակո Սահակյանն ինքն է ձեւավորել կառավարություն՝ վարչապետի պաշտոնը վստահելով Ազատ հայրենիք կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանին: Սա շատ էական նշանակում էր, որովհետեւ հայաստանյան քաղաքական դաշտում Արայիկ Հարությունյանը ոչ մի հովանավոր չուներ: Այդ կառավարությունն աշխատել է տասը տարի՝ Հայաստանի երեք վարչապետների հետ համագործակցությամբ: Եւ միշտ չէ, որ իրավիճակը հարթ է եղել կամ տնտեսական քաղաքականության հարցերում բանավեճեր, անգամ սուր տարաձայնություններ չեն եղել:

Ընդ որում, Բակո Սահակյանը մշտապես սատարել է Արայիկ Հարությունյանի կառավարությանը: Սա իրողություն է, որ վկայում է Արցախի նախագահի ինքնուրույնությունը: Ինչ վերաբերում է ավելի սկզբունքային՝ Լեռնային Ղարաբաղի, հարցին, ապա Արցախը մշտապես գործել է ընդդիմության ռեժիմում: Իրավիճակին լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ այդ հարցով Սերժ Սարգսյանի հանդիպումներն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միշտ էլ անցել են բուռն քննարկումների եւ Հայաստանի նախագահի տեսակետներին սկզբունքային առարկությունների մթնոլորտում:

Այդ քննարկումները, բնականաբար, չեն հրապարակայնացվել, բայց բավական է ուշադրությամբ վերընթերցել թեմայի շուրջ Արցախի նախագահի մամուլի խոսնակի, ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ այն տարիներին տված հարցազրույցները, արված մեկնաբանությունները, որպեսզի մի բան ակնհայտ դառնա՝ ի սկզբանե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ընդունել կարգավորման մադրիդյան սկզբունքները եւ դրանցից ածանցված տարբերակները: Սա այն դեպքում, երբ Հայաստանում իշխող ուժը մադրիդյան սկզբունքները համարում էր դիվանագիտական խոշոր ձեռքբերում: Այլ հանգամանքների մասին չարժե, թերեւս, խոսել, բայց արձանագրենք եւս մեկ կարեւոր իրողություն՝ Արցախը ՀՀԿ իշխանության բոլոր տարիներին զերծ է մնացել համակարգային կոռուպցիայից:

Իրավիճակն, իհարկե, իդեալական չէր, իդեալական չէ, բայց ճշմարտությունը պահանջում է ասել, որ Բակո Սահակյանին եւ նրա կառավարությանը չի կարելի անվանել Հայաստանի նախկին ռեժիմի շարունակություն: Արցախն ունի իր յուրահատկությունները: Դրանք իմանալու եւ հասկանալու համար ժամանակ եւ քաղաքական կամք է պետք, ինչը եւ դրսեւորում է Նիկոլ Փաշինյանը: Մամուլի, վերլուծաբանների, քաղաքագետների եւ քաղաքական համարվող գործիչների խնդիրն է՝ եթե չեն կարողանում օգնել, որ Հայաստան-Արցախ հարաբերությունների այս անցումային փուլը հաղթահարվի անկորուստ, ապա գոնե չփորձեն իրավիճակ սրել: Դրանով նրանք Նիկոլ Փաշինյան մեծ ծառայություն մատուցած կլինեին: