Սա մեզ համար սովորական է․ Չինարիի համայնքապետ

Սա մեզ համար սովորական է․ Չինարիի համայնքապետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 13-ի ՀՀ կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները և ներկայումս տիրող իրավիճակը։  Տոնոյանը նշեց, որ հուլիսի 12-ին 12։30 սահմաններում հայկական դիրքերից մեկին մոտեցել  է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա ու անհասկանալի պատճառներով զինվորները դուրս են եկել մեքենային ու շարժվել են դեպի հայկական դիրքը։

«Դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ՝ հաշվի առնել ադրբեջանական զինծառայողների մոլորվածությունը,  աշխարագրությանը կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հավանականությունը․  հակառակորդին կոչ է արվում լքել տարածքը, որը և իրականացվում է։ Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց Տոնոյանը։

Նախարարի խոսքով՝ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար 15-25 րոպե մեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծությունը սկսում է․ դադարը եղել է գիշերը 3։30-ից մինչև 5։30։ 

Տավուշի մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին իրավիճակը լարված է հատկապես երեք գյուղերում՝ Չինարի, Մովսես, Այգեպար։

«Հրապարակի» հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը նշեց, որ շատ հարցերի չի կարող պատասխանել, ՊՆ մամուլի խոսնակին պետք է դիմել ինֆորմացիայի համար։

«Դե բնակչության պահով արդեն կարող եմ ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Սա մեզ համար սովորական է, որևիցե բան չկա»,- ասաց Սողոյանը՝ անջատելով հեռախոսը։

«Գիտեք, երկար չեմ կարող խոսել։ Ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա»,- ասաց Մովսես համայնքի ղեկավար Արտակ Պապյանը։

Այգեպարի գյուղապետն այդպես էլ չարձագանքեց մեր զանգերին։