Գիտե՞ք՝ ինչու լուրջ չեն վերաբերվում վարչապետի ուղերձին

Գիտե՞ք՝ ինչու լուրջ չեն վերաբերվում վարչապետի ուղերձին

Կարդացի վարչապետի երեկվա ուղերձը (լսելու չձգեցի)։ Չնայած մի շարք քերականական սխալներին, օրինակ՝ «ինչ վերաբերվում է», «ներողություն խնդրել բոլորիցդ», «30 միլիարդանոց դոլարանոց» և այլն, ընդհանուր առմամբ լավ ուղերձ էր։ Համենայնդեպս անկեղծ և մտահոգ քաղաքացու, ղեկավարի ուղերձի տպավորություն թողեց։ Չեմ ուզում կասկածել, որ այդպես է։

Բայց երեկվանից նկատում եմ, որ մարդիկ անգամ այս օրհասական պահին լուրջ չեն վերաբերվում վարչապետի ուղերձին, նոր սահմանափակումներին, հարցաթերթիկներին․․․ Ամեն մեկն իր խելքի ու ինտելեկտի շրջանակներում տափակ, հաճախ՝ մանկամտության հասնող հումորներ է անում, իրենց արևին ինչ-որ հայտնի ու անհայտ անուններով են հարցաթերթիկները լրացնում՝ իբր սրամտելով, ուղիներ են փնտրում՝ սահմանված արգելքները շրջանցելու, չենթարկվելու և այսպես շարունակ։ Այսօր առավոտյան էլ արդեն սկսեցին գրել, թե տարբեր քաղաքներում ընդհանրապես տեղյակ չեն՝ ինչ ուղերձ է հղել երեկ վարչապետը, ինչ նոր սահմանափակումներ են մտցվել երկրում․․․ ոչ մեկը չի վերահսկում մարդկանց տեղաշարժը, տրանսպորտը դարձյալ աշխատում է՝ իրար գլխի լցված ուղևորներով, մարդիկ էլ ազատ ներս ու դուրս են անում։

Իսկ գիտե՞ք դա ինչից է գալիս, գիտե՞ք՝ ինչու են մարդիկ շարունակաբար անլուրջ վերաբերվում թե՛ վարչապետի խոսքերին, թե՛ իշխանությունների հրահանգներին։ Որովհետև իրենք՝ վարչապետն ու մյուսները հենց սկզբից անլրջացրին ամեն ինչ, երբ առողջապահության նախարարը հայտարարեց, թե ոչ մի անհանգստանալու բան էլ չկա՝ սովորական վիրուս է, երբ վարչապետը քարոզարշավ էր անում ու հայտարարում, թե «կորոնավիրուսն ում շունն է» ու վիրուսին ծեփում էր պատերին։ 

Գիտե՞ք ինչու այս ուղերձին էլ լուրջ չեն վերաբերվում, որովհետև անգամ նման ծանր, օրհասական իրավիճակում վարչապետն իր ուղերձում չի դադարում լիրիկական զեղումներով հանդես գալ, ոտանավորներ արտասանել և «հեղափոխական» էժանագին բառապաշար օգտագործել՝ «դուխով ժողովուրդ», «Հայաստանի հպարտ քաղաքացի», «կեցցե ազատությունը», «կեցցե չգիտեմ ինչը»․․․ Ա՛յ ախպեր, ի՞նչ ազատություն, ի՞նչ դուխով քաղաքացի, գոնե տեղյա՞կ ես, որ վիրուսի դեմ ես պայքարում, ոչ թե, ասենք, Հրայր Թովմասյանի։ Մնում էր մեկ էլ ասեր՝ էս վիրուսը «նախկին ռեժիմի մնացուկներն» են ուղարկել, որ տապալեն երկրի սահմանադրական կարգը։ Էս ուղերձից զգացվեց, որ հինգ էր պակաս մեղքը նախկինների վրա բարդելուն։