Համազգային ներկայացման մեջ կորցնելու ենք շա՜տ Մեծ Բան

Համազգային ներկայացման մեջ կորցնելու ենք շա՜տ Մեծ Բան

Հաղորդավարն ասում է՝ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով կրկին ցուցադրում ենք այսինչ հաղորդումը։ Հավատում էի։ Մի օր  այդ ցանցի գայլերից մեկն ասաց՝ ի՜նչ մարդկանց խնդրանք, ի՜նչ բազմաթիվ մարդկանց խնդրանք, հաղորդման պատվիրատուն կամեցել է, որ այդ հաղոդումը մի անգամ ևս եթեր հեռարձակվի։

Մանվել Գրիգորյանի կալանավորումը նույն կերպ է հնչում։ «Բազմաթիվ մարդկանց պահանջով» Մանվելը նորից կալանավորվում է։ Այդպես չի ասվում, այդպես հասկացվում է։ Թատրոնի իմաստը դա է։ Պիտի զգա՜ս, հասկանա՜ս․․․

Ներկայացում է։ Մասսայական տեսարաններում խաղացնողները տաքացնում են մարդկանց ՝տես ի՜նչ ուժ ենք է՜, ինչ ուզում, անում ենք․․․ Ի՜նչ դատարան, ի՜նչ բան։ Մենք պարտադրում ենք։

Ժամանակն իմացության ամենամեծ գայլն է։ Մի օր այդ գայլը կպատմի ներկայացման բուն էությունը։ Մասսայական տեսարաններում խաղացողները կճանաչեն իրենց ու խաբված կզգան իրենց դերը գերագնահատելու հարցում։

Ցավալին այն է, որ չենք կարող անգամ ասել՝ վերջ տանք այս թատրոնին, որովհետև բոլորս խաղում ենք՝ չիմանալով, որ համազգային ներկայացման մեջ կորցնելու ենք շա՜տ Մեծ Բան։