Հայաստանցի, քիչ թշնամի ու հոգս ունեի՞ր, հիմա էլ պետք է պայքարես մոծակների դեմ

Հայաստանցի, քիչ թշնամի ու հոգս ունեի՞ր, հիմա էլ պետք է պայքարես մոծակների դեմ

Մի ազգական ունեի, որը տպագրական մեքենաների եւ պրիմիտիվ էլեկտրոնային սարքերի վարպետ էր: Բայց ակադեմիկոսից 2-3 անգամ ավելի էր վաստակում, քանի որ, որպես աշխատակից, ձեւակերպված էր մի քանի տասնյակ հիմնարկում եւ մի քանի տասնյակ աշխատավարձ էր ստանում՝ դրանց տնօրեններին տալով ատկատներ, ինչը սովետական օրենքի խախտում էր: Այդ մարդը, երբ վերանորոգում էր որեւիցե սարք կամ իր սեփական «Ժիգուլի» ավտոմեքենան եւ տեսնում էր, որ այդ սարքը կամ ավտոմեքենան շարունակում են աշխատել ինչ-որ դետալի բացակայության պայմաններում եւս, անմիջապես դեն էր նետում այդ մասը՝ համարելով, որ դա ավելորդություն է: Մինչդեռ այդ սարքերի եւ ավտոմեքենաների նախագծողները պարտավոր էին կանխատեսել բոլոր հնարավոր վտանգներն ու իրավիճակները, եւ այդ դետալները դրված էին հենց դրանք կանխելու համար: Ի վերջո, այդ «վարպետի» «Ժիգուլին» վթարի ենթարկվեց, ինքն էլ դարձավ հաշմանդամ:

Անկախացած Հայաստանում իշխանության եկած, պետության եւ տնտեսության կառավարման մասին աղոտ պատկերացումներ ունեցող ղեկավարները նման են իմ այդ ազգականին: Նրանք էլ, համարելով, որ պետական, գիտական, մշակութային, սպորտային եւ այլ բնագավառների ինչ-որ կառույցներ ավելորդություններ են, անխնա վերացնում են դրանք՝ վաճառելով շենքերը եւ փողոց նետելով աշխատակիցներին, որոնք իրենց բնագավառների դժվար փոխարինելի մասնագետներ են: 

Այդպես եղավ նաեւ սանէպիդկայանների հետ, որոնց աշխատակիցները, եթե հիշում եք, անմիջապես ժամանում եւ վարակազերծում էին ցանկացած պոտենցիալ վտանգ պարունակող աղտեղությունները: Քլորակրով մշակում էին նույնիսկ շենքերի շքամուտքերը, որտեղ մարդիկ միզում էին, քանի որ ՀՍՍՀ բնակավայրերում շատ քիչ էին հասարակական արտաքնոցները: Հայրս` Գեւորգ Էմինը, ով շատ սրամիտ մարդ էր, նույնիսկ նոր բառ էր հնարել՝ «շռամուտք»: 

Սանէպիդկայանների աշխատակիցների ջանքերի շնորհիվ Սովետական Հայաստանում վերացավ մալարիա հիվանդությունը, որը նախկինում կոչվել է ճահճային տենդախտ: Այդ հիվանդությունը տարածում էին մոծակները, որոնք հիվանդին խայթելուց հետո խայթում էին առողջներին՝ ներարկելով նրանց արյան մեջ հիվանդից ստացած մալարիայի հարուցիչը: Սանէպիդկայանների վերացման եւ ՀՀ սահմաններն անխտիր բոլոր օտարերկրացիների համար բացելու հեղինակները մեր երկիրը կանգնեցրել են նոր փորձանքի՝ նոր տենդախտի առջեւ, որը կոչվում է Արեւմտյան Նեղոսի տենդ (ԱՆՏ): Այդ հիվանդությունը, ինչպեսեւ մալարիան, նույն սխեմայով տարածում են մոծակները, որոնք հիվանդին խայթելուց հետո խայթում են առողջներին՝ ներարկելով նրանց արյան մեջ հիվանդից ստացած հարուցիչը:  
Առողջապահության պատասխանատուները բացատրում են, թե Հայաստանում ԱՆՏ հիվանդության տարածման մեղավորներն այդ հիվանդությամբ վարակված չվող թռչուններն են, որոնց խայթելով՝ մոծակները դառնում են վարակի տարածողներ: Բայց չվող թռչուններ եւ մոծակներ միշտ էլ եղել են, իսկ ԱՆՏ-ն Հայաստանում բացակայել է: Չի բացառվում, որ հատուկենտ հայաստանցիներ առաջ եւս վարակվել են թռչուններից, բայց քանի որ դրանք հատուկենտ են եղել, եւ այդ հիվանդության 80 տոկոսի մոտ ախտանիշները բացակայում են, վարակը չի տարածվել, եւ բժիշկները չեն արձանագրել այդ հիվանդության առկայությունը Հայաստանում: 

Այսօր իրավիճակն այլ է: Աշխարհի որ հետամնաց ու բժշկությունից զուրկ երկրի քաղաքացի ցանկանա, կարող է գալ Հայաստան ու վարակել հայաստանցիներին իր երկրում առկա էկզոտիկ հիվանդություններով: Նույնը վերաբերում է ՀՀ արկածախնդիր քաղաքացիներին, որոնք անխոչընդոտ մեկնում են էկզոտիկ հիվանդություններով հայտնի երկրներ: Մինչդեռ Սովետմիությունում եթե քաղաքացին պետք է այցելեր որեւէ նման երկիր, պարտավոր էր պատվաստվել այդ երկրում մոլեգնող հիվանդություններից պաշտպանող պատվաստանյութով: 

Ի՞նչ են առաջարկում առողջապահության մեր պատասխանատուները: Ոչինչ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում միշտ է լինում, այս պարագայում եւս գործում է «խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է» կարգախոսը: Քաղաքացին՝ ինքը, պետք է պայքարի մոծակների դեմ՝ իր բնակարանի պատուհաններին տեղադրելով ցանցեր, օգտագործի մոծակներին վանող, բայց միաժամանակ՝ նաեւ բնակարանի օդը եւ մարդկանց թունավորող սարքավորումներ ու նյութեր եւ այլն: Իսկ մոծակները պետք է անխոչընդոտ բազմանան Արարատյան դաշտավայրի ընդերքից բազմաթիվ անվերահսկելի հորատանցքերից դուրս հոսող ջրերից առաջացած ճահիճներում, էկզոտիկ վարակիչ հիվանդություններով տառապող օտարերկրացիները պետք է անխոչընդոտ ու անվերահսկելի ձեւով շարունակեն «զարգացնել» ՀՀ տուրիզմի ոլորտը: Այսինքն՝ ԱՆՏ-ով հիվանդների ու դրանից մահացածների թիվը պետք է տասնապատկվի ու հարյուրապատկվի, որովհետեւ, չվերացնելով այդ աղետի պատճառները, մեզ կոչ են անում պայքարել դրա հետեւանքների դեմ: Իսկ երբ իրավիճակը դառնա օրհասական, հիմնականում դիլետանտներից կազմված մեր կառավարությունը կդիմի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ դոնոր երկրներին` խնդրելով, որ օգնության հասնեն ու փրկեն ՀՀ քաղաքացիներին: Եվ չի բացառվում, որ այդ օգնությունից կօգտվեն նաեւ իրենց գրպանները լցնել ցանկացող որոշ պաշտոնյաներ:

Արդյունքում, եթե այսպես շարունակվի, Արեւմտյան Նեղոսի տենդն ընդմիշտ կմնա Հայաստանում, եւ նրան կմիանան աշխարհում հայտնի բոլոր էկզոտիկ վարակիչ հիվանդությունները:


Գրիգոր
 Էմին-Տերյան