Ցույց ենք տալիս, որ նման բաներ չանեք, որ լավ չի, էդ էլ կա չէ՞․ Արմեն Մարության

Ցույց ենք տալիս, որ նման բաներ չանեք, որ լավ չի, էդ էլ կա չէ՞․ Արմեն Մարության

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր»  սերիալի վերաբերյալ։

Ըստ ԿԳՄՍ-ի՝ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացել այս սերիալի վերաբերյալ, իրենք էլ հանձնարարել են նախարարության «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն:
ՊՈԱԿ-ի եզրակացությամբ՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։  Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից:

Նախարարությունը դիմել է դատախազությանը՝  նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Մենք փորձեցինք սրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գոռ Վարդանյանից, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։ Կապ հաստատեցինք սերիալիում խաղացող մեկ այլ դերասանի՝ Արմեն Մարությանի հետ։ 

Նա տեղի ունեցածի վերաբերյալ ասաց․ ««Եթե ինչ-որ ցենզուրա մտցնեն, օրինակ՝ արագաչափերի պես, որ այսքան արագությամբ կարելի է քշել, այսքանը՝ չէ, ասեն՝ այսքանը կարող եք խաղալ, այսքանը՝ չէ, բռնապետական բաներ են դրանք, բայց ես որքան հիշում եմ, մենք ազատ երկրում ենք ապրում չէ՞․․․այսպիսի բան էլ գոյություն ունի չէ՞, այսպիսի բան էլ գոյություն ունի չէ՞, որ ասում են՝ ցույց ենք տալիս, որ նման բաներ չանեք, որ լավ չի, էդ էլ կա չէ՞։ Չգիտեմ՝ ոնց են մտածում, էդ ֆիլմի դեմ նման բան անելով, ավելի հզորացնում են այդ ֆիլմի ռեյտինգը։ Բարդ բան է, այդպես որ լինի մենք «Ռիչարդ 3-րդ»-ը պետք է չբեմադրենք, երեխեքին է սպանում, բա սովորե՞նք, ինչի՞ն սովորենք, այս ազգը այնքան սովորելու բաներ ունի, ո՞նց են մտածում, չգիտեմ, արվեստը  մի քիչ ազատ բան է։

Դատախազությունը կորոշի, ո՞ւմ են դատելու։ Եթե արգելեն, ուրեմն․․․կոմունիստներն էին արգելում»։
Հարցին, Գոռ Վարդանյանի ֆիլմը արվե՞ստ է, ասաց․ «Եթե մի մարդը ինչ-որ բան է անում,արդեն արվեստ է,  եթե «Խչոյի թուզը» նկարում են, դա արվեստ ա, հիմա հարց է՝ դա լա՞վ է թե՞ վատ է․․էդտեղ քաղաքական ինչ-որ բան չկա, որ խանգարի երկրի ծրագրերին»։

Դիտարկմանը, թե երկրի ծրագրերին՝ չի խանգարի, բայց սոցիալական ցանցերում  ընդդեմ այդ ֆիլմի մեծ բունտ է հասունացել, դերասանը պատասխանեց․ «Եթե սոցիալական ցանցերին ենք հետեւում, ուրեմն դրանք սաղ փակեք, որովհետեւ էրեխեքը ինչ ասես էդտեղ նայում են։ Եսիմ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»։

-Պարոն Մարության, կարծո՞ւմ եք, որ այս ֆիլմն անչափահասների վրա որեւ վատ ազդեցություն չի՞ ունենա։

-Ի՞նչ պիտի ունենա, որ անչափահասները փողոցում իրար հետ կռվո՞ւմ են։

-Մտահոգությունն այն է, որ երեխաները վատ բառապաշարը կվերցնեն, կրկնօրինակեն սերիալի հերոսներին։

-Այդ նույն բանը ասում էին «Որոգայթ» ֆիլմի մասին, բայց այդ ֆիլմը էլի նայում են։ Եթե հնարավորություն ունեն, արգելեն, թող արգելեն, տենց բան կա՞, որ ասեն՝ մի խաղացեք, տենց լինի պետք է այս աշխարհի 90 տոկոս ֆիլմերը արգելեն, չնայեք դուք։Դա ճանապարհ չէ։