Խորհրդանշում է պատերա՞զմ

Խորհրդանշում է պատերա՞զմ
Իլհամ Ալիեւ

Փետրվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է Բեյլագան: Դա նախկին Ժդանովի շրջանն է, որը Կուր-արաքսյան հարթավայրում կազմավորվել է 1949թ.-ին՝ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների եւ Լեռնային Ղարաբաղի գյուղերից տարհանված հայ բնակչության հաշվին: Նպատակը դարերով անմարդաբնակ տարածքի յուրացումն էր եւ բամբակագործության հիմնադրումը: Վերջին հայ բնակիչները Ժդանովի շրջանից տեղահանվել են 1988-89թվականներին՝ ապաստան գտնելով Արցախում եւ Հայաստանում: Ներկայումս Բեյլագանը համարվում է «մերձճակատային շրջան»:

Այնտեղ կենտրոնացած են Ադրբեջանի զինված ուժերի Բարդայի կորպուսի ստորաբաժանումներ: Ալիեւն այցելել է զորամաս: Նրան ուղեկցել են պաշտպանության նախարար Հասանովը եւ ԶՈՒ ԳՇ պետ Սադիկովը: Ադրբեջանի նախագահը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել ծառայության պայմաններին, ճաշել զինվորների հետ: Ադրբեջանական մամուլը տեղեկություն չի տարածել նրա ելույթի կամ որեւէ հայտարարության մասին, բայց Ալիեւի այդ այցելությունն արդեն իսկ բավական խորհրդանշական է, եթե հաշվի առնենք, որ տեղի է ունեցել Մյունխենում անվտանգության հարցերով խորհրդաժողովի նախաշեմին, երբ մեծ են ակնկալիքները, որ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը:

Փորձագիտական շրջանակներում նույնիսկ կայուն տպավորություն կա, որ կողմերի արտգործնախարարները եւ միջնորդները նախապատրաստում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի պաշտոնական հանդիպում: Այս համատեքստում Ալիեւի այցն, այսպես կոչված, «մերձճակատային գոտի» կարելի է դիտարկել, որպես նրա կողմից բանակցություններից առաջ ուժի ցոուցադրման քայլ: Մանավանդ որ դրանից առաջ նա ասել է, որ ժամանակակից աշխարհում արդարացի է նա, ով ուժեղ է: Կարելի է ասել, որ Ադրբեջանում հակված չեն լիարժեք բանակցություններ վարել եւ նախընտրելու են այսպես ասած՝ «նախապայմաններ թելադրելու» մարտավարությունը:

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի նրան, որ բանակցություններում առավելապաշտական մոտեցում դրսեւորելով՝ Ալիեւը վերստին դիմելու է «ռազմական դիվանագիտությանը»: Ադրբեջանական փորձագիտական հանրությունը չափազանց հոռետեսորեն է գնահատում բանակցություններում ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունը: Ամենայն հավանականությամբ, դա պաշտոնականին չափազանց մոտ գնահատական է, եւ Բաքուն առաջիկայում գնալու է շփմաան գծում լարվածության մեծացման քայլերի: