«168 ժամ». Թվեր, որ իշխանությունները չեն տարածի. Ինչ են թաքցնում նրանք

«168 ժամ». Թվեր, որ իշխանությունները չեն տարածի. Ինչ են թաքցնում նրանք

«168 ժամ» թերթը գրում է. «Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձեւացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ:

Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի: Ճիշտ այդպես նախկինում էլ իշխանությունները չնկատելու էին տալիս վիճակագրական այն տվյալները, որոնք իրենց պատկերացումներին հարմար չէին գալիս: Օրինակ, ոչ մի պաշտոնյա երբեք չի հրապարակել իրավախախտումների մասին տվյալներ, եթե դրանք աճ են արձանագրել:

Այս անգամ էլ հասարակությունն իրավախախտումների մասին պաշտոնատարների հրապարակային կամ սոցցանցային ելույթ-գրառումներից չեն տեղեկանա, որ 2017թ. արձանագրված իրավախախտման 20 հազար 284 դեպքի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 22 հազար 551 դեպք: Սա դեռ ոչինչ: Հասարակությունը չի իմանա նաեւ, որ Դատական ակտերի հարկադիր կատարում հաշվետվության մեջ «ՀՀ պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված գումարներ» տողի դիմաց տարօրինակ թվեր են արձանագրված: ՀՀ բյուջեն 2017-ին ստացել է 18,1 մլն դրամ, իսկ 2018-ին՝ ընդամենը 10.8 մլն դրամ` սպասումներին, խոստումներին ու պաշտոնական հաղորդագրություններին հակառակ:

2016թ. Հայաստանում աշխատանք էր փնտրում մոտ 95.800 մարդ: 2017-ին աշխատանք փնտրողների քանակը մոտ 86.000 մարդ էր, իսկ 2018-ին` մոտ 82.000: Որպես վարկած՝ առաջարկում եմ մտածել, որ աշխատանք փնտրողների թվի նվազումը՝ գործազուրկների քանակի աճին զուգընթաց, կարելի է բացատրել, որ մարդիկ հոգնել են: Հոգնել են փնտրելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում