Խնդիրը Նիկոլը չէ, պարոն

Խնդիրը Նիկոլը չէ, պարոն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեծ, անթաքույց հաճույքով արձանագրում է, որ Մոսկվան Մարգարիտա Սիմոնյանի բերանով հասկացրեց, որ չի ընդունում վարչապետ Փաշինյանի գնահատականը, որ Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե՝ իշխանության եկած այս կամ այն անձը: Լավ, իսկ ի՞նչ է ուզում Ռուսաստանը: Ուղիղ քսան տարի Հայաստանի իշխանության մեջ ոչ մի «սորոսական» չկար, ո՞րն էր արդյունքը:

Ապրիլյան քառօրյա պատերա՞զմը: Դրան նախորդած «կազանյան փաստաթու՞ղթը»: Խնդիրը Նիկոլը չէ: Եթե կա երաշխիք, որ Փաշինյանի հեռանալով Մոսկվան լուծում է Լեռնային Ղարաբաղի հարցը, վերացնում Հայաստանի շրջափակումը, հինգ-տասը միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր իրականացնում, ապա, կարծում եմ, այս կառավարությունն ինքը հրաժարական կտա: Կա՞ նման երաշխիք: Չկա: Սերժ Սարգսյանը հակառուսակա՞ն էր, երբ ապրիլյան պատերազմից հետո ՌԴ արտգործնախարարից բացատրություն էր պահանջում: Ռոբերտ Քոչարյանը հակառուսակա՞ն էր, որ ԼՂ կարգավորման համար Քիվեսթ էր հասել: Ոչ, Սերժ Սարգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում էին Հայաստանի շահը: Նիկոլ Փաշինյանն էլ նույնն է անում: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք չենք կարող զիջել մեր իրավունքը՝ հանուն ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսի: Ի՞նչ է նշանակում ասել, որ ՀԱՊԿ-ն Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատու չէ:  Հայաստանը ՀԱՊԿ անդամ է Լեռնային Ղարաբաղով հանդերձ: Չասե՞նք: Ընդունենք «Լավրովի պլանը» եւ դառնանք Ռուսաստանի «աչքի լու՞յսը»: Իսկ ու՞մ այլեւս կհետաքրքրի Հայաստանը: Նույն Ռուսաստանը մեզ չի հարգի: Ոչ որպես պետության, ոչ՝ ժողովրդի: Մեզ չեն հարգի նույնիսկ թուրքերը: Կարող են միլիարդ դոլար «նետել» եւ արհամարհել: Գնա՞նք դրան: Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանն է նվիրել Ադրբեջանին: Եթե շատ պարզ ասվի, ապա այդ հարցում Ադրբեջանի հետ մենք բանակցելիք չունենք: 

Հարյուր տարի առաջ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունից օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մեկ տարի անց՝ նվիրել Ադրբեջանին: Խախտելով Հայաստանի հետ Զինանդադարի համաձայնագրի պայմանը, որ օկուպացված տարածքների վերջնական կարգավիճակը կսահմանվի երկկողմ՝ հայ-ռուսական խաղաղության բանակցություններով: Ահա հարցը. Ռուսաստանը վերստին Լեռնային Ղարաբաղը նվիրում է Ադրբեջանի՞ն: Ուզում է մեր ձեռքո՞վ նվիրել: Այսօր Հայաստանի իշխանության մեջ «սորոսականներ» կան-չկան, դա Ռուսաստանի ի՞նչ խնդիրն է: Ես Ժիրինովսկու նացիոնալ-սոցիալիզմի դեմ բողոքու՞մ եմ: Զորուգիշեր եվրասիականության եւ Ադրբեջանի «կայուն իշխանության» գովքը երգող՝ պետդումայի պատգամավոր Կալաշնիկովից բողոքու՞մ եմ: Ոչ:  Բուն խնդիրը նենգափոխելու համար ռուսական քարոզչությունը դիմում է ամենավերջին հնարքների: Գագիկ Համբարյանը ենթատեքստային միտք է հնչեցրել՝ Վրաստանը եւ Ուկրաինան թանկ գին են վճարել, Հայաստանը չի կարող նման շռայլություն թույլ տալ: Ի՞նչ է ասում: Որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը կդարձնի Դոնբաս ։Այստեղ այլեւս 1920թ. մանկուրտներ չկան:

Մոսկվան Արցախում «Армревком» կազմավորելու ռեսուրս չունի: «Армревком»՝ պատրաստ հանուն մե՜ծ եվրասիական ընդհանուր տան զոհաբերելու Հայաստանի եւ հայ ժողովրդի կենսական շահերը: Իսկ ի՞նչ է եվրասիական ընդհանուր տունը, եթե ոչ՝ ռուս-թուրքական աշխարհ: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արարողակարգին Նազարբաեւի խոսքը մոռացե՞լ եք, պարոնայք: Որ Իլհամ Ալիեւի նամակն էր ընթերցում: Ինչ-որ բան փոխվե՞լ է: Ոչ, նույն «ջուրն է, նույն ջրաղացը»: Ես երկրորդ անգամ, բայց արդեն քաղաքագետ Համբարյանին եմ հարցնում՝ կա՞ երաշխիք, որ Փաշինյանի հեռանալով Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելու է 1920թ. օգոստոսի 10-ի Զինադադարի համաձայնագրի սահմանած իրավական հիմքով: Եթե՝ այո, առաջինը ես հրապարակավ կխնդրեմ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Եթե՝ ոչ, ինչում հարյուր տոկոսով համոզված եմ, ապա ի՞նչ իմաստ ունի Փաշինյանի «հակառուսականության» առասպելը: Նրան բռնությամբ հեռացնելու հո՞ղ է նախապատրաստվում: Եւ դա արվում է հայ մարդկանց ձեռքո՞վ: Նոր «Армревком» ձեւավորելու հիմքե՞ր են դրվում: Իսկ «Սարգիս Կասյանն» ո՞վ է: