Իրազեկ եւ գիտակից

Իրազեկ եւ գիտակից

Ինչու է մարդկությունը դարեր շարունակ պայքարել ազատ խոսքի համար, այդ իրավունքն ամրագրել սահմանադրություններում եւ օրենքով։ Ազատ խոսելու, սեփական տեսակետն արտահայտելու իրավունքի համար մարդիկ են զոհվել, արյուն է հեղվել, հեղաշրջումներ են եղել, իշխանություններ են փոխվել։ Ի վերջո, մարդկության քաղաքակիրթ մասը եկել է մի ընդհանուր եզրահանգման, որ խոսքի ազատությունը, լիարժեք տեղեկատվություն ստանալու ու կարծիք-տեսակետ արտահայտելու իրավունքը հիմնաքարային է, դրա վրա են խարսխվում հասարակությունների բարեկեցիկ կյանքն ու ժողովրդավարական արժեքների ամբողջությունը։

Առանց խոսքի ազատության չեն կարող լինել ազատ ընտրություններ, գիտակից հանրություն, քաղաքացիական հասարակություն, առաջընթաց եւ այն ամեն լավագույնը, ինչը ստեղծել է մարդկությունն իր պատմության ընթացքում։ Խոսքի ազատության սահմանափակումները, որպես կանոն, բնորոշ են բռնապետական երկրներին, եւ նման երկրներում մարդիկ, որպես կանոն, լավ չեն ապրում եւ լիարժեք ազատ չեն։ Ավելին՝ նման երկրներն ու դրանց իշխանություններն էլ երկար կյանք չունեն, քանզի մի օր ճնշված ու ապատեղեկացված հանրությունը ոտքի է կանգնում եւ սրբում-տանում ամեն ինչ։ Կամ՝ տապալում է իր իշխանություններին եւ վերականգնում իր ազատ արտահայտվելու իրավունքը։ Մարդիկ ինչ-որ պահի հասկանում են, որ գրաքննությունը, տեղեկատվությունը ցանկալի չափով եւ տեսքով իրեն մատուցելը հղի է վտանգներով։ Ստացվում է, որ իրեն ասում են՝ դու շատ լավ ես ապրում, դու հաղթել ես, մեր երկիրը ծաղկում է, իսկ ինքը հանկարծ մի օր պարզում է, որ շատ վատ է ապրում, ոչ թե հաղթել է, այլ՝ պարտվել, ու երկիրն էլ հեռու է ծաղկուն երկիր համարվելուց։ Եվ հիասթափությունն ու հուսահատությունը պատում են մարդկանց։