Անձեռնմխելի մարդ չպետք է լինի, ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար

Անձեռնմխելի մարդ չպետք է լինի, ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար


Հարցազրույց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանի հետ

- Պարոն Չաուշյան, հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ ունենք՝ լինի դա մշակութային, թե հասարակական այլ ոլորտներում։

- Նիկոլ Փաշինյանը թերեւս կարողացավ անել այն, ինչ չէր հաջողվում անել մյուսներին՝ հայ ժողովրդին ազատել հայերի լծից, որովհետեւ մարդիկ կորցրել էին իրենց ազգային, մարդկային զգացմունքները, փողի մոլուցքը շատ դժվար փորձություն է, որին կարող է քիչ մարդ դիմանալ, հատկապես եթե ունի գռփելու հնարավորություն։ Իսկ գռփելը մեր մոտ դրված էր պետական հիմքերի վրա, որը վաղ թե ուշ պետք է փլվեր, եւ ժողովուրդը կարողացավ իր կամքը հայտնել։ Կատարվածը կարելի է ե՛ւ հեղափոխություն, ե՛ւ հեղաշրջում ասել, կարեւորը՝ անարյուն եւ ժպիտներով եղավ։

- Այս մեկ տարվա մեջ ինչքանո՞վ հնարավոր եղավ այդ ժպիտները, սերն ու համերաշխությունը պահպանել։

- Դա արդեն 2-րդ հարցն է, որովհետեւ եթե հեղափոխություն անելը շատ դժվար գործ է, ապա հեղափոխության նպատակները, դրանց հավատարիմ լինելը տասն անգամ ավելի բարդ են։ Ամեն դեպքում, ես հիասթափված չեմ, չնայած որ, այո, տեմպերը դանդաղ են, բայց չեմ էլ պատկերացնում, որ դրանք արագ լինեին։ Անհասկանալի բաներ կան, որովհետեւ շատ շատերը, ովքեր ե՛ւ դղյակներ էին կառուցել, ե՛ւ գողացել պետությունից, պաշտոններ էին գրավում ու մնացին իրենց տեղում։ Մի բան էլ էր ինձ համար տարօրինակ, երբ սկսեցին Օպերայի հարակից սրճարանները քանդել, բայց պարզվեց՝ ամբողջ աղմուկը մեկ կամ մեկուկես սրճարանի շուրջ էր։

- Ընտրողական արդարության ականատես եղանք։

- Այս դեպքում՝ այո, եւ բացատրություն էլ չտրվեց, թե ինչու մյուս սրճարանները մնացին անձեռնմխելի, եթե խոսքը գնում էր տարածքի մասին։ Իհարկե, այդ տարածքում ինչ-որ սրճարան կամ սրճարաններ պետք են, բայց, իմ կարծիքով, դրանք պետք է պատկանեն օպերային թատրոնին, եւ դրա եկամուտը, իսկապես, մեծ օգուտ կտա օպերային արվեստին։ Մանվել Գրիգորյանին երկար ժամանակ, անգամ ձերբակալությունից հետո, անվանում էին գեներալ, բայց եթե նրա գող լինել կամ չլինելը միայն դատարանը պետք է ապացուցի, ապա մեր աչքով տեսածն արդեն իսկ գեներալի կոչման հետ չէր կարող համընկնել։ Նույնը վերաբերում է մեր մյուս գեներալին, որը դեռ գեներալ է կոչվում․ խոսքը Միքայել Հարությունյանի մասին է։ Պարզվեց, որ նա ՌԴ քաղաքացի է՝ միաժամանակ լինելով պաշտպանության նախարար։ Այդ հարցերը մնացին այդպես օդում կախված։ Ժողովրդի մոտ փոքր տոկոսով ինչ-որ հիասթափություն կա, բայց ոչ այն առումով, որ հեղափոխությունից մեկ տարի անց բոլորը պետք է հիանալի ապրեին, այլ արդարադատության տեսանկյունից, որ մեղավորները պետք է պատժվեն։

- Նախորդ իշխանությունների գռփելու ավանդույթի մասին խոսեցիք, նորերի դեպքում էլ պարգեւատրումների լուրջ ավանդույթ ձեւավորվեց, որը կարծես իմաստային առումով նույնացավ գռփելու հետ։  

- Ճիշտ է, դա օրինախախտում չէր, քանի որ իրենց կանոնադրություններում կար այդ կետը, բայց իրենք պետք է հրաժարվեին դրանից։ Կարծում եմ, որ նորընտիր խորհրդարանն էլ պետք է հրաժարվեր անձեռնմխելիությունից, ինչը շատ երկրներում կա, ինչո՞ւ լինել անձեռնմխելի, ես դրա իմաստը չեմ տեսնում, ինչի՞ց են վախենում։ Դա այն քայլերից մեկն էր, որ պետք է արվեր միանգամից։ Այսինքն՝ անձեռնմխելի մարդ մեր երկրում չպետք է լինի, ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ։ Ամեն դեպքում, ես վստահում եմ Փաշինյանին, որովհետեւ նա շատ տրամաբանական է խոսում, բայց դա, ցավոք, չի վերաբերում մյուս ղեկավարներին։ Կադրային քաղաքականությունն ունի որոշիչ նշանակություն բոլոր հարցերում, բայց այս հարցում էլ է երեւի ժամանակ պետք, որովհետեւ մի քանի կադրեր արդեն փոխվեցին այս ընթացքում, եւ հուսով եմ, որ ավելի խիստ կլինի մոտեցումն այս հարցերին։ Ամեն դեպքում, մենք պետք է ունենանք այն կառավարությունը, որով ժողովուրդը հպարտանա։ Թեպետ միշտ էլ դժգոհ մարդիկ կլինեն․ անգամ Դանիայում, որտեղ կյանքի մակարդակը շատ բարձր է, մարդիկ դժգոհ են։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հարգի իր ղեկավարներին, իսկ դրա համար ղեկավարները պետք է լինեն թափանցիկ եւ նվիրված իրենց գործին։

- Այս փոփոխություններն ինչպե՞ս անդրադարձան մշակութային դաշտի վրա։

- Ես դեռ վաղուց էի ասել, որ մշակույթի նախարարությունն անիմաստ է, եւ այդ տեսակետից գոհ եմ, որ այն միացվեց ու դարձավ մեկ նախարարություն։ Շվեյցարիայի պես երկրում կա ընդամենը 7 նախարարություն, իսկ Հայաստանում՝ դրա կրկնակին։ Հետո՝ մինչեւ հիմա մենք չգիտենք, թե ինչում է մշակույթի նախարարության դերը, եւ ինչ պետք է անի, դա մի հիմնարկ է, որը պետք է փո՞ղ բաժանի։ Հիմա նոր կադրեր են եկել, ուրախ եմ, որ երիտասարդ կազմ կա, բայց մյուս կողմից համոզված եմ, որ միայն ծերունիներ կամ երիտասարդներ՝ շատ սխալ է, դա պետք է լինի փորձի եւ եռանդի համատեղում, միայն այդ դեպքում կստացվի այն, ինչ մենք ուզում ենք։ Մենք մեծ խնդիրներ ունենք՝ երաժշտական դպրոցներից սկսած, որտեղ դասավանդող մանկավարժները ստանում են համարյա զրոյական աշխատավարձ, մինչդեռ երաժշտական կրթությունն ունի հսկայական ազդեցություն յուրաքանչյուր ազգի համար։ Նույն վիճակն է նաեւ Կոնսերվատորիայում, փողոցում նստած մուրացկանը մոտավորապես այնքան գումար ունի ամսական, ինչքան ստանում է Կոնսերվատորիայի պրոֆեսորը, գուցե՝ ավելին։ Իսկ քիչ վարձատրվող արվեստագետը լավ բան չէ։   

- Կոնսերվատորիայի դեպքում ի՞նչ կասեք՝ հատկապես նոր ռեկտորի ընտրությունից հետո։

- Կոնսերվատորիայում վերջին մեկ տարում կտրուկ փոփոխություններ եղան։ Բուհի դեմքը ռեկտորն է, թե ինչ մարդկային եւ պրոֆեսիոնալ մակարդակ ունի, նրանից շատ բան է կախված, բայց երկար տարիներ Կոնսերվատորիան ղեկավարում էին ոչ այդ տեսակ մարդիկ։ Հիմա շատ ուրախ եմ, որ եկավ Սոնան, ով իբրեւ խմբավար, երաժիշտ՝ շատ մեծ անուն ունի, կարեւորը՝ ճանապարհն արդեն սկսված է, հիմա պետք է Կոնսերվատորիային կից ստեղծվի մի հիմնադրամ՝ նրան աջակցելու համար, որովհետեւ դա կարեւոր հանգամանք է։ Հիմնադրամը պետք է անհատ ձեռներեցների մեջ գտնի մարդկանց, ովքեր կուզենան օգտակար լինել մեր երաժշտական մշակույթին։ Երբ ասում ենք «երաժշտական մշակույթ», դա ո՛չ Կոմպոզիտորների միությունն է, ո՛չ ֆիլհարմոնիան, ո՛չ էլ մշակույթի նախարարությունը։ Դա առաջին հերթին բուհն է՝ ուսումնական հաստատությունը․ հիմքը սա է։ Իսկ գումարներ պետք են շենքը վերանորոգելու համար, որը հենց ի սկզբանե անհաջող շենք է եղել, մի փոքր բարձրացնել դասախոսների աշխատավարձը, պետք է անպայման կապեր հաստատել աշխարհի լավագույն կոնսերվատորիաների հետ, որտեղ դասավանդում են նաեւ բազմաթիվ հայեր։ Բոլորը պետք է զգան, որ պետությունն իրենց մեջքին կանգնած է։  

Այսօր շատ տխուր վիճակում են նաեւ ստեղծագործական միությունները, մենք այսօր ունենք 140 կոմպոզիտոր, ու եթե այն տարիներին դա խնդիր չէր, որովհետեւ բոլորն էլ գործ էին գրում եւ դրա դիմաց գումար էին ստանում, այսօր դա չկա, գրում են միայն այն մարդիկ, ովքեր չգրել չեն կարող։ Բայց դա հարցի լուծում չէ, որովհետեւ ստեղծագործություն գրելն էլ մասնագիտություն է, իսկ ինչպե՞ս կարող է կոչվել մի բան մասնագիտություն, եթե հնարավորություն չի տալիս ընտանիք պահելու։ Պետք է նաեւ ասեմ, որ Հայկական երաժշտական համաժողովը, որը բախտ ունեմ ղեկավարելու, թերեւս այն կազմակերպությունն է, որը 25 տարի անընդմեջ գործել է։ Իմ կարծիքով՝ արվեստի ապագան ոչ թե մեծ միություններն են, այլ փոքր համախոհների միավորումները․ դրանք ավելի ճկուն են եւ հեռանկարային։