Ամեն ինչ «դորդուբեշ» են արել, հիմա էլ աշխատաժամերն են ավելացնում․ տնտեսագետ

Ամեն ինչ «դորդուբեշ» են արել, հիմա էլ աշխատաժամերն են ավելացնում․ տնտեսագետ

Այսօրվա կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը:

Ըստ կասկածելի կոմպետենտությամբ նախարարի՝ այս օրինագծի ընդունմամբ Հայաստանի տարեկան Համախառն ներքին արդյունքը կաճի 88 մլրդ դրամով:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսօրվա կառավարության նիստը և դրանում Քերոբյանի այս մտասևեռումը գնահատեց որպես «զավեշտալի» և «իրականությունից կտրված»։

«Ամեն անցնող կառավարության նիստ դառնում է զավեշտալի և իրականությունից կտրված։ Այս հարցն ընդհանրապես աղերս չունի մեր իրական խնդիրների հետ, երկրում խորացող տնտեսական, սոցիալական ճգնաժամի հետ։ Նիստի տևողության 80 տոկոսը նվիրվեց դրան։ Բեմականացվեց չստացված մի ներկայացում։ Փաստորեն, օրվա իշխանությունները, ստորադասելով աշխատողների իրավունքները, հանգստի իրավունքները, փորձում են ինչ-որ տնտեսական ակտիվություն բերել», - նշեց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքերով՝ Քերոբյանի այս պնդումները պրիմիտիվ մանուպուլյացիաների են։ «Եթե տնտեսագիտական համալսարանի 1-ին, 2-րդ կուրսի ուսանողները նման դատողություններ անեին, կարելի էր անբավարար նշանակել։ Ըստ էության, Էկոնոմիկայի նախարարը մտածում է, որ տոնական օրերին, ոչ աշխատանքային օրերին մարդիկ խանութից սնունդ չեն գնում կամ այդ օրերին ընդհանրապես չեն օգտվում որևէ ծառայությունից։ Այնինչ, ճիշտ հակառակն է։ Եթե 50 տարվա կտրվածքով դիտարկենք ամանորյա տոները, ապա տնտեսական ակտիվության ակնհայտ աճ է նկատվել», - ընդգծեց նա։

«Երևի ոլորտներից տեղյակ չէ։ Տարիներ շարունակ տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին էլ չես կարողանում հունվարի համար հյուրանոցներ, հանգստյան տներ կամ սննդի օբյեկտներ (ռեստորաններ և այլն) ամրագրել, որովհետև այդ օրերին տնտեսական ամենաբարձր ակտիվությունն է նկատվում։ Հիմա եթե այդ օրերը դառնան աշխատանքային, հարց է՝ այդ տնտեսական ակտիվությունը կապահպանվի՞, թե՞ ոչ։ Բնականաբար այդ ակտիվությունը կկրճատվի։ Եվ հարց է՝ ՀՆԱ-ն կաճի՞, թե՞ նվազի։ Այսինքն, վերցնել ու ասել․ «Աշխատանքային օրերը վերցնենք ու շատացնենք, հետևաբար ՀՆԱ-ն կավելանա», պարզունակ մետեցում է։ Անհարմար է, երբ դա անում է Էկոնոմիկայի նախարարը։ Մեկ այլ ոլորտի ներկայացուցիչ եթե դա աներ, Էկոնոմիկայի նախարարը պետք է ճշտեր ու հակադրեր իրական փաստերով», - պարզաբանեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը։

Առանց այն էլ, ըստ Ավետիսյանի, հանգստի իրավունքը (խոսքն արձակուրդների մասին է) չի գործում, ինչպես սահմանված է Աշխատանքային օրենսգրքով։ «Արձակուրդների նույնիսկ կեսը մարդիկ չեն օգտագործում։ Գոնե Նոր տարվա 8 օրերին մարդիկ կարողանում են հանգստանալ և այլն։ 8 օրերից 5-ը կրճատելը որևէ տրամաբանություն չունի։ Քաղաքակիրթ վարքագիծ չէ, որ ասում են․ «Այսքան օր կրճատենք, որ մարդկանց աշխատացնենք»։ Սա նաև վտանգավոր է այն առումով, որ մենք աշխատողների իրավունքները չենք դիտարկում։ Այսինքն, այնպես էլ չէ, որ շատ է։ Մենք ամբողջ տարվա համար 16 օր ունենք այդպիսի ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի, որը միջին ցուցանիշ է աշխարհի մակարդակով», - շեշտեց նա։

Ավետիսյանն ասաց, որ նույն այս տրամաբանությամբ կարելի է կրճատել շաբաթվա հանգստյան օրերը, աշխատանքային օրվա 8 ժամը դարձնել 24 ժամ, շաբաթվա 5 աշխատանքային օրն էլ՝ 7։ 

«Նույնիսկ այս դեպքում ինքը չի կարող հասնել տնտեսական ակտիվության իր խոստացած 10 տոկոս աճին մի պարզ պատճառով։ Այնպես չէ, որ գործ կա, մարդիկ չեն աշխատում։ Աշխատատեղ թող ստեղծեն։ Երևի ինքը տոգորված է այլ մտքերով, երևի տեղյակ չէ հայոց պատմությունից և հայ ժողովրդի տեսակից։ Մենք աշխատասեր, «քարից հաց քամող» տեսակ ենք և ոչ թե իրենց կարծիքով «աղքատությունը մեր մտքում է», ինչպես իր վարչապետն էր ասում։ Հիմա էլ ինքը գտնում է, որ «թամբալ ենք և տոնական օրերը շատ են, մենք անընդհատ գտնվում ենք հանգստի ռեժիմում»։ Իրենք են այդ չակերտավոր հանգստի ռեժիմը բերել՝ ավելացնելով գործազուրկների թիվը, կրճատելով զբաղվածների թիվը և այլն։ Թող ինքը մտածի, թե ինչպես է բերելու միլիարդավոր դոլաների կապիտալը Հայաստան, որ խոստացվել է, իսկ տարին արդեն մոտենում է կեսին։ Ինչպե՞ս է ապահովելու 10 տոկոս աճ, երբ որ իրականում մոտ 6-7 տոկոս մեր տնտեսությոնը նվազում է։ Եվ դա շարունակվում է։ Ինչպե՞ս է լուծելու մարդկանց բարեկեցության խնդիրը, որը խոստացել էին», - ընդգծեց տնտեսագետը։

Նրա խոսքերով՝ աշխատող մարդիկ դառնում են աղքատ աշխատողներ, կորցնում են իրենց աշխատանքը։ «Վիճակագրությունից պարզ երևում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ 2020-ին աշխատող մարդիկ դարձել են աղքատ աշխատողներ, կորցրել են իրենց աշխատանքը։ Աշխատողից դարձել են նպաստառու, և ակնհայտորեն այս միտումը շարունակվում է նաև 2021 թվականին: Դա երևում է «աշխատող, աղքատ» թվերի աճով և զբաղվածությունը կորցրած անձանց թվի աճով», - շարունակեց  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը։

Քերոբյանի «մտասևեռումները» կարող են նաև արտաքին էֆեկտ ունենալ։ «Սա կարող է արտաքին էֆեկտ ունենալ։ Ի վերջո, դրսում նրան լսում են որպես Էկոնոմիկայի նախարարի։ Բերել է, կառավարության նիստին օրակարգ, որտեղ նաև կա տնտեսական վերլուծություն։ Ո՞ր մի ներդրողը հույսը կկապի մի երկրի հետ, երբ որ Էկոնոմիկայի նախարարը պարզ հաշվարկով ասում է, որ «եթե աշխատանքային օրերն ու ժամերն ավելացնենք, ապա կավելանա ՀՆԱ-ն», ու բերել-ներկայացրել է երկրի վարչապետին ու կառավարությանը։ Եթե պետական լուրջ կառավարում լիներ, դրան առնվազն պետք է հետևեր պաշտոնանկություն», - ընդգծեց Թադևոս Ավետիսյանը։

«Ամեն ինչ «դորդուբեշ» են արել, հիմա էլ աշխատաժամերն են ավելացնում։ Կարծես թե, այնքան աշխատանք կար չիրացված, որ աշխատաժամերը պիտի ավելացնեն, որ մարդիկ շատ աշխատեն, որ շատ ստեղծեն։ Այն պարագայում, երբ էդ մարդիկ տեսնում են, որ երկիրը գնում է դեպի անդունդը՝ տնտեսությունը կրճատվում է, աշխատատեղերը կրճատվում են։ Զբոսաշրջության ոլորտը, որ 90-95 տոկոս կրճատվել է մեր երկում, ինչքան էլ որ աշխատաժամերն ավելացնես, մարդիկ հիմա 8 ժամ են պարապ նստում, թող նստեն 18 ժամ, հիմա ի՞նչ փոխվեց դրանից», - եզրափակեց տնտեսագետը։