Տնտեսագետն առաջարկում է պարենի քարտեր մտցնել

Տնտեսագետն առաջարկում է պարենի քարտեր մտցնել

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը կարծում է, որ զուտ ներմուծումը խրախուսելով, պետությունը չի կարող պայքարել առաջին անհրաժեշտության ապրանքների, պարենի սպասվող թանկացումների դեմ: Պետք է կիրառել ավելի կոշտ մեթոդներ: «Միայն ներմուծողների վարկավորումը բավարար չէ գների աճը զսպելու համար: Ներմուծման կրճատումը միայն մեր երկրի խնդիրը չէ, այլ երկրներ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սահմանափակել են արտահանման համար թույլատրելի քանակները: Կան հավելյալ ծախսեր, կան տրանսպորտային բարդություններ, ճանապարհների հետ կապված ձգձգումներ, որոնք բերելու են առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման»,- ասում է նա: 

Թադեւոս Ավետիսյանն առաջարկում է սոցիալական պետության կողմից կիրառման երկու գործիք՝ սուբսիդավորել ներմուծողին նվազագույն քանակների համար, ինչպես նաեւ ժամանակավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման քանակական սահմանափակումներ մտցնել: «Պահանջարկի ու առաջարկի խախտված հարաբերակցությունը բերում է նրան, որ մարդիկ, սպասելով թանկացումների, հոգեբանական գործոնի ազդեցության տակ ավելի շատ գնումներ են անում,- ասում է տնտեսագետը,- գների բարձրացումը որոշակի մակարդակից հետո կարող է, իհարկե, բերել սպառման քանակի կրճատման, բայց դա կունենա սոցիալական վատ հետեւանքներ: Կտուժեն հատկապես սոցիալապես անապահովները: Մեր իշխանությունները հույս ունեն, որ շուկան կինքնակարգավորվի: Սա մոտեցում չէ, պետությունը պետք է կարգավորիչ դեր ունենա, պետք է պաշտպանի սոցիալապես անապահով խավը: Ճիշտ կլիներ որոշակի ապրանքատեսակների վրա սահմանափակումներ դնել, ինչը, թերեւս, այլընտրանք կարող էր դառնալ սկսվող թանկացումների համար: Ոչ թե հաթաթա տալ, վերջում էլ մեղքը ներկրողի վրա դնել»: Հաթաթա տալը եւ դեպքերի զարգացումը շուկայի հարահոսին թողնելը, ըստ Թադեւոս Ավետիսյանի, սոցիալական պետությանը հարիր գործելակերպ չէ: