Փաշինյանին հետաքրքրում է Թուրքիայի, ոչ թե ՀԱՊԿ-ի աջակցությունը

Փաշինյանին հետաքրքրում է Թուրքիայի, ոչ թե ՀԱՊԿ-ի աջակցությունը

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

- Հայաստանի ներկա իշխանությունները երկրորդ օգնությունն ուղարկեցին Թուրքիա․ սահմանը բացեցին՝ այդ բեռներն ուղարկելու համար, եւ Մարգարայի` 1993-ից չգործող կամուրջը գործեց: Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա, ապա Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարություններ արեց՝ Հայաստանի հետ կապող ճանապարհները վերանորոգելու մասին։ Ի՞նչ է կատարվում։

- Ինչպես տեսնում ենք, բանակցությունները շատ ակտիվ են ընթանում` սահման բացելու հետ կապված, մի կողմից, եւ, մյուս կողմից, որեւէ օգնություն չի գալիս Արցախ, բայց մեծածավալ օգնություն է ուղարկվել Թուրքիա՝ ի նշան լավ հարաբերությունների, ի նշան Հայաստանի՝ Թուրքիայի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքի։ Այսինքն՝ մենք որեւէ ապացույց չունենք, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի բարիդրացիական վերաբերմունք, բայց բազմաթիվ ապացույցներ ունենք Հայաստանի կողմից։ Եվ սա այն իրողությունն է, որի վերաբերյալ թուրքերն արդեն մտածում են, որ արդեն կարելի է գնալ սահմանի բացման, բայց ասում են՝ մեկ է, մի քանի ամիս դա կտեւի, իսկ մի քանի ամիս եւս կտեւի Արցախի շրջափակումը: Այսինքն՝ խոշոր առումով հարցն Արցախի հարցից հրաժարվելն է, եւ այս իշխանությունները դրան գնում են, ուզում են Արցախից հրաժարվել, եւ Թուրքիան հենց դա է դնում՝ որպես գլխավոր նշաձող։ 

 - ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, որոնք հաջորդեցին ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարությանը, խոսում էին այն մասին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը լարված է։ Կարո՞ղ ենք փաստել, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որ առանց այն էլ իրենց պատճառով լարված հայ-ռուսական հարաբերությունները մտնեն ավելի վտանգավոր փուլ։ Ռուսաստանի հակազդեցությունն ինչպիսի՞ն է լինելու ՀՀ իշխանությունների այս քաղաքականությանը։

- Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը եւ հետեւանքները Հայաստանի համար կարող են լինել շատ բացասական, եւ պատճառը հետեւյալն է՝ Ռուսաստանը դիտարկում է հենց Հայաստանը որպես թույլ կողմ եւ կողմ, որը խախտում է ստատուս քվոն։ Դրա պատճառները ե՛ւ Հայաստանի դիվանագիտական տապալումն է, ե՛ւ Հայաստանի օբյեկտիվ իրավիճակն ու Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում։ Այսպիսով, Ռուսաստանի հակազդեցությունը եւ ճնշումը ուղղված է լինելու հենց Հայաստանին, որը Հայաստանի համար շատ վատ նորություն է, բայց շատ հնարավոր է։ Իսկ հակազդեցությունը կարող է լինել ե՛ւ տնտեսական դաշտում, ե՛ւ քաղաքական, նույնիսկ՝ ռազմական, որովհետեւ Ռուսաստանը կարող է աչք փակել Ադրբեջանի հետագա հարձակումների վրա եւ ասել, որ դա այլեւս իրեն չի վերաբերում։ Արդեն զգալիորեն դա տեղի է ունեցել, բայց դեռ ոչ ամբողջությամբ, իսկ կարող է տեղի ունենալ ամբողջությամբ, եւ Ռուսաստանն ուղղակի ֆորմալ առումով հրաժարվի որեւէ տեղ Հայաստանին աջակցելուց։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Հայաստանի համար իրավիճակն էլ ավելի ռիսկային է դառնալու, քան հիմա է՝ սա պետք է հաշվի առնել։ Իհարկե, տնտեսական զարգացումների հետ կապված՝ Ռուսաստանը կարող է, օրինակ, ճնշումներ գործադրել, որպեսզի դադարեցվի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Միությունում, իսկ դա Հայաստանի համար կարեւոր է, որովհետեւ Հայաստանն այդ միջոցով լայնացրել է, մեծացրել է իր տնտեսական հնարավորությունները եւ արտադրությունն է մեծացրել, Հայաստանի համար բացվել է Ռուսաստանի շուկան ու ոչ միայն Ռուսաստանի շուկան։ Եթե այդ շուկաները սկսեն փակվել, դա նշանակելու է, որ Հայաստանի արտադրությունը շատ կտուժի, եւ, իհարկե, սա կազդի նաեւ Ռուսաստանում հայ միգրանտների կարգավիճակի վրա, որոնք աշխատում եւ ապրում են այնտեղ։ Այսինքն, բացասական հետեւանքները ոչ միայն քաղաքական կամ ռազմական ուղղվածություն են ունենալու, այլեւ հենց տնտեսական, որը Հայաստանի համար եւս շատ ռիսկային է եւ շատ թերագնահատված ուղղություն։ Իսկ թե ինչ կարժենա Հայաստանի համար` իհարկե, Ռուսաստանը փորձելու է պատժել Հայաստանին, իսկ սա նշանակում է, որ դրա գինը լինելու է շատ բարձր։ Այս պահի դրությամբ դա կանխատեսել հնարավոր չէ, բացի այդ, չեմ ուզում տարբեր սցենարներ թվարկել, որոնք, հույս ունեմ, չեն իրականանա։

- Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ եվրոպական դիտորդները Հայաստան են ժամանում՝ վստահ լինելու, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ չի հարձակվի Ադրբեջանի վրա։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

- Նիկոլ Փաշինյանն ուղղակի նորից ապացուցել է, որ պրոթուրքական քաղաքականություն է իրականացնում։ Այստեղ հարցն այնքան դիտորդների մասին չէ, որքան Նիկոլ Փաշինյանի մասին է, ցավոք սրտի, սա է իրականությունը, որովհետեւ Փաշինյանն ուղղակի ամեն ինչ օգտագործում է հօգուտ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու, թեկուզ, ասենք, Արցախի հարցից հրաժարվելու համար։ 

- ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարությունն ազդակ է այն բանի, որ Ռուսաստանը սկսում է մեզ ընկալել որպես թշնամի՞։

- Չէի ասի, թե Ռուսաստանը Հայաստանն ընկալում է որպես թշնամի, բայց, միեւնույն ժամանակ, հաստատ կարող ենք ասել, որ Ռուսաստանն այլեւս չի ընկալում Հայաստանը որպես բարեկամ, իսկ սա արդեն խոշոր փոփոխություն է։ Տեսեք, Հայաստանը գոյատեւել է զգալիորեն Ռուսաստանից օգնությամբ, աջակցությամբ եւ այլ նման միջոցներով, որովհետեւ Հայաստանը սեփական ռեսուրսների լուրջ սակավություն ունի, եւ այդ պակասը լրացվել է Ռուսաստանից ներդրումներով, ռազմական, քաղաքական եւ այլ աջակցությամբ։ Հայաստանի իշխանությունները դրանից շարունակական հրաժարվել են վերջին տարիներին, եւ դրա գինը լինելու է Ռուսաստանի վտարումը Հարավային Կովկասից, ինչ նպատակ էլ նրանք հետապնդում են։ Եվ այս պարագայում արդեն Ռուսաստանի՝ Հայաստանի վերաբերյալ պատկերացումը լինելու է բացասական, սակայն նորից եմ ասում` ոչ թշնամական: Բայց արդեն կարող եմ ասել, որ Ռուսաստանի վերլուծական շրջանակներում, որոնց հետ որոշակի շփումներ ունենում եմ, Հայաստանը ոչ մեկին չի հետաքրքրում։ Այնպես որ, այդտեղ բացատրել որեւէ բան կամ խոսել որեւէ բանից, շատ դժվար է, որովհետեւ ընկալումն այլեւս դրական չէ։ 

- Նաեւ ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն միշտ պատրաստ է օգնության հասնել իր դաշնակիցներին, Հայաստանն է հրաժարվում։ 

- Սա վերջին ազդակներից մեկն է, որ հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ն կարող է Հայաստանին աջակցել, բայց մենք տեսել ենք, որ Փաշինյանը պաշտոնապես հրաժարվել է ՀԱՊԿ-ի զորավարժությունից, եւ սա նշանակում է, որ նախ ՀԱՊԿ-ն զգալիորեն ուշացել է, եւ երկրորդը, որ ՀԱՊԿ-ի օգնությունը, Թուրքիային հակազդեցության մեջ, Փաշինյանին չի հետաքրքրում։ Փաշինյանին հետաքրքրում է Թուրքիայի աջակցությունը, ոչ թե ՀԱՊԿ-ի աջակցությունը Հայաստանին։ Սա է իրողությունը, եւ այս իրողության հետ պետք է գործ ունենանք։