Ի՞նչ եք ուզում լսել ինձնից. մեծ հարցուպատասխան Քոչարյանի եւ դատավորի միջև

Ի՞նչ եք ուզում լսել ինձնից. մեծ հարցուպատասխան Քոչարյանի եւ դատավորի միջև

Հակակոռուպցիոն դատարանում Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Հիշեցնենք` դատարանը նախորդ նիստին նախկին պաշտոնյաներին` Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։

Դատարանն այսօր նրանցից ճշտեց` ոստիկանությունը հարկադրաբար իրենց դատարան ներկայացնելիս սահմանափակե՞լ է ազատությունը, բոլորն ասացին` իրենք ինքնակամ են ներկայացել։

Սեյրան Օհանյանը այս հարցի վերաբերյալ ասաց. «Ես եմ իրենց բերման ենթարկել իմ մեքենայով։ Ես ինքնակամ եմ ներկայացել, ես ԱԺ պատգամավոր եմ եւ ընդունված նորմերով ԱԺ պատգամավորին կարող են սահմանափակել, եթե ԱԺ-ն թույլտվություն տա»։

Դատարան այս հայտարարությանը չանդրադարձավ։
 
Դատարանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց` ցանկանո՞ւմ է, որ դատարանում իր շահերը ներկայացնեն փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արամ Վարդեւանյանը, Միհրան Պողոսյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը։

Այս հարցից հետո երկար հարցուպատասխան տեղի ունեցավ։

Քոչարյանը դիմելով դատավորին` ասաց. «Չեք ծանոթացել գործի նյութերին, Ձեր հարցից եզրակացության եմ գալիս, որ Դուք ծանոթ չեք գործի նյութին։ Ես իրավաբան չեմ եւ առանց մեղադրանքի չեմ կարող ունենալ պաշտպան, այստեղ նստած են փաստաբաններ, որոնց հետ աշխատում եմ եւ որոնց կցանկանայի լիազորել իմ շահերը պաշտպանելու համար, այն ինչ Դուք եք ուզում ասեմ, նման բան չկա»։

Դատավորը հարցրեց Քոչարյանին՝ լսե՞նք նրանց դիրքորոշումը որպես շահերի պաշտպան։

Քոչարյանն արձագանքեց. «Եվս մեկ անգամ կրկնում եմ` առանց մեղադրանքի չի լինում պաշտպան։ Ես չեմ հասկանում Ձեր հարցի էությունը։ Ձեր հարցը մեր օրենսդրության հետ առնչություն չունի»։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը պարզաբանեց, որ այս գործի վերաքննությունը Վճռաբեկ դատարանի որոշումն է. «Ոչ մեկ չի ժխտում, որ հակասահմանադրական է ճանաչվել հոդվածը, Վճռաբեկ դատարանն այս գործով ծավալ է սահմանել, եւ այդ ծավալը դատարանը պետք է լուծի։ Այդ թվում հասկանանք` իրավազո՞ր է դատարանն այդ հարցերը լուծելու, թե՞ իրավազոր չէ»։

Նախկին նախագահը կրկնեց, որ դատարանի հարցին պատասխանել է, ապա ավելացրեց. «Չեմ հասկանում` դատարանն ի՞նչ է ուզում լսել ինձնից։ Եթե պարոն Օրբելյանն ու Վարդեւանյանն այստեղ են, ուրեմն ինձ հետ են եկել»։

Դատարանն արձանագրեց, որ նշված փաստաբանները զբաղվելու են Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությամբ։