Ջրի սակագինը կնվազի՞, թե՞ կմնա նույնը

Ջրի սակագինը կնվազի՞, թե՞ կմնա նույնը

«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը իրազեկող հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ մտադիր է առաջիկայում դիմել  ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներն անփոփոխ թողնելու հայտով՝ առաջարկելով 2021թ. hամար պահպանել 2020թ. գործող սակագները:

Այսինքն՝ ընկերությունն առաջարկում է 2021 թ․համար ևս պահպանել  1 խ.մ դիմաց` 153 դրամ  սակագինը մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման դիմաց, իսկ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27 դրամ թողնել։ Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 36 դրամ։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դա ամեն տարի մշտական արվող պրոցես է՝ համաձայն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրի։ «Մինչև տվյալ տարվա օգոստոսի 10-ը պարտավոր են ներկայացնել սակագնի ճշգրտման հայտ։ Բայց մենք դեռ հայտը չենք տեսել, սկզբից թերթում տպագրվող հայտարարությունն է լինում, հետո նոր հայտը մուտք են անում»,-ասաց պարոն Բաղրամյանը։

-Այսինքն՝ ըստ այս հայտարարության, իրենք առաջարկում են սակագինը թողնել նույնը, ճի՞շտ ենք հասկանում։

-Եթե էդպես են գրել, դա է նշանակում, այսինքն՝ 180 դրամ, 153 դրամ և գումարած 27 դրամ ջրահեռացման համար։

-Ե՞րբ եք քննելու հայտը։

-Հայտը քննելու համար ունենք 80 աշխատանքային օր, հենց մուտք է արվում, 10 աշխատանքային օրվա մեջ նայում ենք, եթե որևիցե խնդիր չկա, ընդունում ենք ուսումնաիրության, և ամենաուշը 80-րդ օրը աշխատանքային նիստի ենք դնում։ Ամեն դեպքում, էդ ամեն ինչը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից՝ էդպես է պայմանագիրը։

-Փաստորեն, ինչպես հասկանում ենք, ջրի սակագնի փոփոխություն եկող տարի ևս չի սպասվում։

-Դե, հայտը պիտի նայենք, հիմա չգիտեմ՝ ինչ կստացվի, իրենք տալիս են՝ 180 դրամ, հիմա կարող է նվազում է, չեմ կարող ասել էս պահին։ Ինքը հայտով որևիցե փոփոխություն չի պահանջում, բայց մենք դեռ պետք է նայենք։ Գնի ավելացում, ամեն դեպքում, չեմ կարծում, որ կլինի։