Օր առաջ, ժամ առաջ պետք է երկիրն ազատենք Փաշինյան Նիկոլից և նրա ուսապարկերից

Օր առաջ, ժամ առաջ պետք է երկիրն ազատենք Փաշինյան Նիկոլից և նրա ուսապարկերից

Սյունիքյան սահմանի Սև լճի տարածքում, ըստ «Հրապարակ օրաթերթ»-ի, սրվել է լարվածությունը՝ այդտեղ կուտակվում է ադրբեջանական զինուժ: Ենթադրվում է, որ  ադրբեջանա-թուրքական տանդեմը կփորձի օգտվել Ռուսաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրության խառնաշփոթից և սեպտեմբերի 16-17-ին ռազմական սադրանք իրականացնել: Հաջողության դեպքում նույնիսկ կյանքի կոչել Իլհամի երազանքը՝ սյունիքյան միջանցքը: Դա թույլ չտալու նպատակով Սյունիք է մեկնել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը՝ հետն էլ տեղափոխելով մեծ քանակի զենք-զինամթերք: Ինչպես տեսնում ենք, թուրքական տարրը փորձում է օգտագործել ամեն հնարավորություն Հայաստանը կտոր-կտոր անելու համար: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն էլ շարունակում է խոսել բարիդրացիության մասին, երևութական դրական ազդակներ որսալ Թուրքիայից և փոխադարձնել դրանց:
Նախորդ հոդվածում ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ բարիդրացիության նիկոլական օրակարգը բնութագրել էի որպես կեղծ և միաժամանակ վտանգավոր: Կեղծ, որովհետև պարտության խորհրդանիշը չի կարող լեգետիմ լինել սեփական հայրենիքում, վտանգավոր, որովհետև այն թափանցիկ չէ, ու ըստ այդմ՝ մենք չենք կարող իմանալ, թե ինչ է սպասվում մեզ դրա արդյունքում: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ասելով մեր երկիրը դրանից կշահի՝ սահմաններ կբացվեն ու կոմունիկացիներ կանցկացվեն: Թե ինչ կտա մեզ սահմաններ բացելը՝ գուշակելու կարիք չկա՝ դա մենք նախկինում էլ ենք տեսել՝ երբ թուրքական գյուղատնտեսական ապրանքները Հայաստան են ներկրվել Վրաստանի տարածքով: Էժանագին թուրքական վարունգի ու լոլիկի ներկրման արդյունքում մեր երկրի գյուղատնտեսությունն էր կորուստներ կրում: Ճանապարհային կոմունիկացիաների առումով էլ է բազմիցս խոսվել. այն միջանցք է Ադրբեջանի համար, իսկ մեզ համար հայկական ապրանքների ապահովության բազմաթիվ խնդիրներ Ադրբեջանի տարածքում: 

Բայց վերադառնանք Փաշինյան Նիկոլի կողմից մեզ հրամցվող օրակարգի վտանգավորությանը: Մեր հանրությունը ծանոթ չէ ո՛չ ադրբեջանցիների և ո՛չ էլ թուրքերի հետ Նիկոլի շփումների բովանդակությանը: Այնինչ դրանք տեղի են ունենում մի քանի ամիսը մեկ պարբերականությամբ: Վերջինը երկու-երեք օր առաջ էր՝ երբ Վրաստան մեկնած Նիկոլը Թբիլիսիից ուղևորվեց Բաթումի: Չեմ կարծում, թե Թբիլիսիում գտնվելը նրանում ծովափնյա հիշողություններ էր արթնացել, և նա որոշել էր  վրացի գործընկերոջ հետ մեկ օր անցկացնել սևծովյան ջրերի ու ավազների հարևանությամբ: Եվ ոչ էլ ծովափնյա քաղաքի զբոսաշրջային փորձը տեղայնացնել լեռնային Հայաստանում: Բայց կարող եմ ենթադրել, որ Բաթումիում ինքը հանդիպել է ադրբեջանա-թուրքական տանդեմի ներկայացուցիչների հետ: Եվ եթե ենթադրությունս մոտ է իրականությանը, ապա խնդիր ունենք ճշտելու, թե ում հետ է հանդիպել ու ինչի շուրջ է պայմանավորվել: 
Մայիսի սկզբին, եթե հիշում եք, Փաշինյան Նիկոլը պաշտոնական այցով մեկնել էր Ղազախստան՝ իջևանելով թուրք սեփականատիրոջ հյուրանոցում: Նույն հյուրանոցում, ըստ Հայաստանից վտարված և այդ երկրում բնակվող միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի, թուրքական ինչ-որ պատվիրակություն էր տեղավորվել: «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին աշխատակցի կարծիքով, այդ երկուսի մնալը նույն հյուրանոցում կազմակերպվել էր նրանց գաղտնի տեսակցության համար: Ղազախստանից վերադառնալիս վարձակալված ինքնաթիռը (վարչապետ տեղափոխող համար մեկ բորտը ոնց որ թե տեխնիկական խնդիր էր ունեցել) Վրաստանի օդային տարածքից մտել էր ոչ թե Հայաստան, այլ Թուրքիա: Կարսում մի քանի ժամ մնալուց հետո ինքնաթիռն օդ էր բարձրացել և հատել ՀՀ սահմանը: Սակայն դրա մասին ոչինչ չասվեց, իսկ այդ թռիչքն էլ համապատասխան կայքի միջոցով արձանագրվել էր կրկին Անդրանիկ Հովհաննիսյանի կողմից: 

Չնայած բավական հեռու եմ դավադրական տեսությունները որպես ճշմարտություն ընդունելուց, սակայն չեմ կարող չարձանագրել ադրբեջանա-թուրքական տանդեմի ներկայացուցիչների հետ փաշինյանական (անձամբ կամ իր էմիսարների միջոցով) գաղտնի շփումների վտանգավորությունը: Այն, որ դա իրականությանը շատ մոտ է, վկայում է Իլհամի հետ Նիկոլի՝ ոչ հայանպաստ բանավոր պայմանավորվածությունների փաստը: Հիշենք՝ այդ պայմանավորվածությունների ինչ-որ մասի թղթային տարբերակին տարեսկզբին, Սյունիքում, ռուսական զինվորականների միջոցով պատահականորեն ծանոթացել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ինչը նշանակում է, որ եթե ցանկանում ենք, զերծ մնալ վտանգներից ու որպեսզի շարունակենք մեր գոյությունը որպես պետություն այս տարածաշրջանում, օր առաջ, ժամ առաջ պետք է երկիրն ազատենք Փաշինյան Նիկոլից և նրա ուսապարկերից: