Ասա՝ ո՞վ է իշխանությունդ․․․

Ասա՝ ո՞վ է իշխանությունդ․․․

Զզվանքի, զարմանքի, զարհուրանքի զգացումից բացի այլ բան դժվար է զգալ՝ հետեւելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Ինչքա՜ն ավերածություններ են տեղի ունեցել մեր շուրջն ու մեր մեջ, ինչպե՞ս եւ ե՞րբ հասցրինք այսքան գլորվել եւ նորմալ քաղաքակիրթ հանրությունից վերածվել գայլերի ոհմակի, ոչ մի կարմիր գիծ չունեցող մարդկային ամբոխի։ Ե՞րբ հասցրինք այսքան անտարբեր ու անզգա դառնալ, իսկ ոմանք՝ անզգամ։ Ի՞նչը մեզ այսպիսին դարձրեց՝ այսքան անտակտ, անկիրթ, գռեհիկ ու իր նմանին հոշոտող։ Եվ եթե սա միայն իշխանությունը զավթած խմբակին վերաբերեր, որը փողոցից հայտնվել է իշխանական կաբինետներում եւ հեղափոխությունների կանոններին համապատասխան՝ անկիրթ ու տապոռային իր վարքով ապականել է ամեն ինչ, դեռ կարող էինք հույսեր փայփայել, որ մեր հասարակությունը՝ իր հիմնական մասով, այդպիսին չէ՝ լավն է, բարեկիրթ է, բարի է, համեստ ու հայրենասեր։ Բայց, ցավոք սրտի, հասարակությունն էլ շատ չի տարբերվում թքող, քացի տվող, հայհոյող, իր լիազորությունները գերազանցող, մեծամտացած ու հաբրգած իշխանավորներից։

Պարզ է, որ հանրային պահվածքը ձեւավորվում է իշխանության առաջին դեմքերի օրինակով, եւ նրանք են այս ամենի գլխավոր մեղավորը։ Չի կարող ամեն ելույթում հանրային որեւէ օղակի կամ անձի վիրավորող վարչապետի վարքը մյուսների եւ հատկապես իր թիմի կողմից չընդօրինակվել։ Չի կարող հայ տղամարդկանց վախկոտ ու դասալիք անվանող, տարեց գյուղացիներին դասեր տվող տիկնոջ խոսքը հետեւանքներ չունենալ։ Չի կարող հանրային վայրում քաղաքացու վրա թքող պաշտոնյան անդաստիարակության օրինակ չծառայել։ Չեն կարող իրար ծեծող ու հայհոյող պատգամավորները երկրով մեկ եղանակ չստեղծել։ Չի կարող նման իշխանություն ունեցող երկիրն այսքան խնդիրներ չունենալ։