Փաշինյանը գիտի՞, թե ով է Գյումրիի բազմազավակ մորը տուն նվիրել

Փաշինյանը գիտի՞, թե ով է Գյումրիի բազմազավակ մորը տուն նվիրել

2017 թվականի փետրվար ամիսն էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր։ Շատերդ երևի կհիշեք, երբ վարչապետը լրագրողների վրա բարկացավ․

«Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում»:

Այդ արտահայտության վրա մեկը վիրավորված մի հետաքրքիր դիպված  պատմեց․

«Գյումրեցին էն մարդն է, որ նույնիսկ իր ցավից հումոր է սարքում ու ժպիտ պարգևում... Երկրաշարժից ընդամենը մի ամիս էր անցել...համատարած օգնություն էին բաժանում՝ սնունդ, հագուստ... Մի տարիքն առած մարդ, ում կինը զոհվել էր երկրաշարժի ժամանակ, առավոտ շուտ մտնում է հիմնարկ ու ինչքան ուժ ունի գոռում ՝ ժողովու՜րդ, մի վագոն էլ կին են ստացել, ով հասավ-հասավ... բոլորը ծիծաղից թուլացել էին...

Իսկ վերջում թե՝ էս 29 տարվա մեջ ի՞նչ են արել գյումրեցու համար, որ ղեկավար տեսնելուց անընդհատ ժպտան...»։

Այսօր Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ։ Մարդ, ում անվերապահ հավատացել է գյումրեցին ու հուսացել, որ իր ժպիտը կվերականգնվի։ Այնքան էին հավատացել, որ Գյումրիի գյուղերից մեկի բազմազավակ մայրը, որ իմացել էր Փաշինյանը գալու է, եկել էր նրան հանդիպելու, իր դարդը պատմելու։ Առավոտից եկել ու սպասում էր։ Երբ մոտեցել է, բազմազավակ մոր պատմելով, թիկնապահները կոպիտ կերպով հրել են մոտեցողներին, նա խիստ վրդովվել է։ Տիկին Իրինան շինանյութ էր խնդրում, որ  տունը վերանորոգեն։ Ամուսնուն կորցրել էր 10 տարի առաջ, աշխատել, կարուձև է արել, հագուստ կարել,միայնակ խնամել հինգ երեխաներին։ Տղան ծառայել է բանակում, մասնակցել  ապրիլյան քառօրյային։ Նա աշխատում է, բայց տնակի երկրորդ հարկը փլվել է իրենց գլխին, միջոց չունեն՝ վերանորոգելու։ Տղան հազիվ տան հացի խնդիրը լուծի։ Աղջիկը բարձրագույն է ավարտել, աշխատանք է փնտրում,  չի գտնում, մյուս տղան ծառայում է բանակում, երկուսը դպրոցահասակ են։ Թող ձեր տղան գնա, աշխատի,- բարկացած ասել էր վարչապետը գյումրեցի մորը։ Վարչապետի վերաբերմունքից բազմազավակ մայրը խիստ վիրավորվել է՝ իմ տղես կաշխատի, էդ թասիբն ունի․․․

Ցավալին այն է, որ համացանցը ֆեյքերի միջոցով, այո, հիմնականում ֆեյքերի, բազմազակ մորը «քլնգում էին»։ Այսինքն դա նշանակու՞մ է, որ էլ ոչ մի կարիքավոր չդիմի՞ վաչապետին։ եթե դիմի, նույն գրոհի՞ն կարժանանան։ Ուղղորդված քաղաքականությու՞ն։ 

Բազմազավակ մորը Վահրամաբերդում տունը  նվիրել է Հովիկ Աբրահամյանը,- լրագրողի հետ հարցազրույցից իմացա։ Այո, նույն Հովիկ Աբրահամյանը, ում Փաշինյանը գիտի։ Չեմ մեկնաբանում։ Առանձնատուն է նվիրել, որը սարսափելի վիճակում էր և հնարավոր չէր առանց վերանորոգման այնտեղ ապրել։ Ընտանիքը մի կերպ տեղավորվել է մի փոքրիկ տնակում, էլի Վահրամաբերդում, նվեր ստացած առանձնատանը չեն բնակվում։ Խոստացել են տարբեր պաշտոնյաներ, որ կօգնեն՝ վերանորոգելու՝ գյուղապետը, Շիրակի մարզպետը,  բայց չեն արել։ Կինը շինանյութ էր ուզում, այդ առանձնատան վերանորոգման համար,որը նախնական հաշվարկներով մեծ գումար է կազմում, մոտ 10 միլիոն դրամ։ Ընտանիքն այլևս չի կարող ապրել փոքրիկ տնակում։ Եթե դա լինի, տղաներս կանեն։  Փաշինյանը գիտի՞, թե ով է բազմազավակ մորը նվիրել իր տունը։ Երևի ասի՝ նվիրել է, թող վերանորոգեր, ես ինչ կապ ունեմ։  Եթե նախկին վարչապետն էլ ասեր՝ թող տղադ աշխատի ու տուն գնի, ո՞նց կլիներ կերակրողը կորցրած, հինգ երեխա մեծացնող մոր վիճակը։ Լավ կլիներ, որ վերանորոգումն էլ աներ, բայց․․․ այդքանն է արել։ 

Գյումրեցի մորը նման խեղճացած վիճակում չեմ տեսել ու եթե նա լացում, խնդրում է, հավատացեք, շատ անելանելի վիճակում է։ Գյումրեցին հզոր է, ինչերի՜ է դիմացել, այսօր նա լացում է․․․ Պետք է մտածել, սարերը երբ ճաքում են, պետք է լուրջ մտածել։

Ու կրկին անդրադառնամ հոդվածի նախաբանին, գյումրեցին իր ցավից հումոր է սարքում։ Նա հենց այնպես չի լացի, օգնություն չի խնդրի։ Հինգ երեխա։ Առանց ամուսին։ Ու դա է պատճառը որ պոռթկում է՝ որ տղաս գյուլլի փայ չի դարձել, անտեսու՞մ եք․․․