Քաղաքի կենտրոնը պետք է հանգիստ թողնել, պետք չեն այդ գորգերն ու արձանները

Քաղաքի կենտրոնը պետք է հանգիստ թողնել, պետք չեն այդ գորգերն ու արձանները

Հարցազրույց պրոֆեսոր, ճարտարապետ Կարեն Բալյանի հետ.

- Պարոն Բալյան, զբոսայգիների կառուցման նոր մշակույթ է ձեւավորվում մեզանում, որտեղ կանաչից ավելի գերակշռում են սալիկապատ լուծումները, գորգանման խճանկարները, տարատեսակ արձաններն ու շատրվանները։ Ձեզ դո՞ւր է գալիս այդ միտումը։  

- Ընդհանրապես, կան վիճելի եւ անվիճելի հարցեր։ Կարճ հիշողություն պետք է ունենա մարդը, որ այսօրվա Երեւանում ծառ կտրի, որովհետեւ բոլորս ենք հիշում 92թ․ ձմեռը, երբ հատվեցին քաղաքի ծառերը։ Դա խորը հետք թողեց բնակչության եւ քաղաքի հետագա զարգացման վրա։ Այս նոր կառուցվող զբոսայգիների մասին ուզում եմ կարճ ասել՝ անճաշակ լուծումներ են տրված։ Երեւանի 2800-ամյակին կառուցես այգի, որը նման լինի «Էրեբունի Երեւանին»՝ ուղղակի շատ պարզունակ է։ Այդ դեւալվացիայի գաղափարը շարունակ տարբեր ձեւեր է ստանում, նորից կառուցվում է Հին Երեւան, դա, կարելի է ասել՝ բարձրագույն աստիճանն է դեւալվացիայի, արժեքներն արժեզրկվում են։ Քաղաքի կենտրոնը քանդվեց, եւ դա արվեց Թամանյանի անվան տակ, թե իբր թամանյանական գաղափարներով են առաջնորդվում, մինչդեռ Թամանյանի շենքը քանդվեց, նրա ժամանակի տպարանի շենքը պայթեցվեց։ Սա էլ այդ շարքի մեջ է եւ արդեն դարձել է մտածելակերպ։ Այդ ձեւերի մեջ մի քիչ էլ մանկամիտ բան կա, այդ կանաչ կենդանիների մեջ շատ պրիմիտիվ մոտեցում կա։ Զարմանալի կլիներ նաեւ, որ հետաքրքիր բան լիներ, որովհետեւ այս ամբողջը մի բացասական տրամաբանության մեջ է։ Շատ ինֆանտիլ եւ արվեստից հեռու մոտեցում է նաեւ 2800-ամյակի այգում այդ գորգի պատկերումը։ Մենք այդպիսի գորգ արդեն ունենք Երեւանում, դա Կասկադն է, որը փռված է ամբողջ լանջի վրա, բայց Կասկադը համաշխարհային կարգի ճարտարապետություն է, այնտեղ ոչ մի բանը չի կրկնվում, որովհետեւ արվեստը չի կարող կրկնողության վրա լինել, արվեստը պետք է լինի նորի, խորհրդանիշների, աբստրակտ ձեւերի վրա։ Ուղղակի կրկնելն ու նմանեցնելն արվեստ չեն, արհեստ են, բայց արհեստը չի կարող գալ եւ քաղաքի կենտրոնական տարածքը զբաղեցնել։ 

- Թվում է, թե լավ բան է արվում՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը քաղաքի տոնին նվիրում է զբոսայգի՝ ծառերով, քանդակներով, շատրվաններով, բայց հակառակ էֆեկտն է տեղի ունենում։ Այս պարագայում չպե՞տք է լինի մի խորհուրդ, որը որոշումները հաստատելուց առաջ քննի ներկայացված նախագծերի գեղարվեստական արժանիքները։  

- Իհարկե, քաղաքի իշխանությունները պետք է ուղղություն ցույց տան, բայց խնդիրն այն է, որ գուցե դա նրանց դուր է եկել, եթե հաստատել են։ Հետո՝ քաղաքի ղեկավարներն ընդամենը չինովնիկներ են, իհարկե, ցանկալի է, որ քաղաքի ղեկավարը լինի նուրբ ճաշակի մարդ, ոնց որ ժամանակին Հասրաթյանն էր, որը կախարդական ձեւով արդիականացրեց քաղաքը։ Բայց այսօր քաղաքում չկա զարգացման ուղի, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում վերջին 20 տարում, արդեն ուղի է, պարզապես դրա փոփոխման էվոլյուցիան չենք տեսնում, որ միտում կա փոխվելու։ Այ, եթե այդ կամ որեւէ այլ բարերար վերականգներ «Պոպլավոկը», որը, հավատացեք, արդիական մի այնպիսի միջավայր էր ստեղծում, որն իրոք կարող էր զարմացնել մարդկանց եւ վերականգներ շրջակա Օղակաձեւ զբոսայգու հատվածը, որն այսօր վեր է ածվել մանկապարտեզի։ Իհարկե, մանուկներից թանկ բան չկա, բայց քաղաքի կենտրոնը դա քաղաքի կենտրոնն է, եւ մանուկներին էլ պետք չէ չորս կողմից մեքենաներով բերել-հասցնել այդ այգիներ, որ նրանք խաղան․ դա սխալ բան է, իսկ այդ այգիների կողքի տներում համարյա բնակչություն չկա։

- Միջազգային պրակտիկայում կա՞ն որոշակի չափանիշներ, նորմեր զբոսայգիներ կառուցելու հարցում, որ, ենթադրենք, այսքան տոկոսը կանաչ տարածք պետք է լինի, այսքանը՝ քար, այսքանը՝ ջուր։ 

- Այդ միջազգային նորմերը ժամանակին Երեւանում էին գրվում։ Մեր գլխավոր պողոտան մի քիչ տոտալիտար էր իր լուծման մեջ, բայց այդ շատրվանների շարքը պետականությունն արտահայտող մի տարածք էր, որովհետեւ բացվում էր կենտրոնական հրապարակից աջ եւ ձախ, ու այդ վեհության գաղափարը դրված էր Արմեն Զարյանի մոտ, ով աշխատել էր Հռոմում։ Կարելի է մտածել, որ բետոնը շատ է, կանաչը՝ քիչ, շատրվանները բարձր են կամ ցածր, բայց, որպես այդպիսին, նման չափանիշներ չեն կարող լինել։ Այդպիսի բաներ կարելի է անել միկրոշրջաններում, երբ հաշվես, թե շրջանում քանի մարդ է բնակվում, դպրոցում, մանկապարտեզում քանի աշակերտ կա։ Քաղաքի կենտրոնը միանգամայն այլ օրգանիզմ է, նա արտահայտում է երկիրը, պետությունը։

- Ի՞նչ էսթետիկայով պետք է կառուցվեն քաղաքի կենտրոնի զբոսայգիները։

- Ժամանակակից, արդիական, ոչ պրիմիտիվ եւ ոչ ինֆանտիլ, որպեսզի մանկապարտեզ չդառնա։ Այդ ինֆանտիլությունը բնորոշ է շատերիս, շփվելով պատվիրատուների հետ՝ հասկանում ես, որ շատերը մնում են իրենց մանկական երազանքների սահմաններում։ Պետք չէ քաղաքը վերածել մանկապարտեզի, պետք է հասկանալ, որ սա մայրաքաղաք է, ու չի կարելի գորգ փռել քաղաքի կենտրոնում, պետք է աբստրակտ մտածել։ Չպետք է ուղղակիորեն ամեն ինչ արվի քաղաքում, հետո՝ Երեւանը խտացել է անասելի, ոչ միայն տների խիտ դասավորության հետեւանքով, որն ուղղակի անթույլատրելի է, այլ նաեւ ինֆորմացիայի առումով։ Ամեն քայլափոխի ինչ-որ բան ես տեսնում, մի արձան՝ մեկը մյուսի հետ չխոսող, իրար խանգարող։

Տեսեք՝ Կարապի լճի մոտ Առնո Բաբաջանյանի արձանն է, որն իր մեջ արդեն բազմաթիվ իդեաներ ունի, ու դրա կողքին անմիջապես մի հատ խալի է փռված, դրված են կանաչից սարքլած կենդանիներ, դաշնամուր։ Բայց այդպես չի լինում, Բաբաջանյանի արձանն այնքան նշանակալի ու մասշտաբով մեծ է, որ դրա կողքն ընդհանրապես ոչ մի բան չպետք է լիներ։ Շարժվում ես քաղաքով, ու չի լինում շարժվել, որովհետեւ նեղվածք է։ Տեսեք՝ Օղակաձեւ այգում մի փոքր ժանգոտած կրպակ են ապամոնտաժել՝ 10 քմ, բայց կողքը 100 քմ կառուցվում է երկաթ-բետոնից, ապակուց մի մեծ երկհարկանի շենք, որի շինարարությունը նոր-նոր ավարտում են՝ ո՛չ առանցք ունի, ո՛չ ճարտարապետություն, ո՛չ մոտեցում։ Մեկի քմահաճույքով ու մյուսի ճաշակով կառուցվում է, այսինքն՝ սեփականատիրոջ եւ ճարտարապետի, երկուսն էլ մեկը մեկին արժանի են։ Արդյունքում դու չես տեսնում մի ընդհանուր գիծ, տենդենց, թե մենք ուր ենք գնալու, այն դեպքում, որ քաղաքում այլեւս քայլել չի լինում։ Պետք չեն այդ արձանները, գորգերը։ Ոչ ոք չի զարմանալու այդ գորգի վրա։ Երեւանը շատ պրովինցիալ է դարձել, եւ ինձ շատ զարմացնում է այն հանգամանքը, որ մենք անկախանալուց հետո չենք կարողանում լինել ինքնուրույն, մինչդեռ խորհրդային կայսրության սահմաններում ավելի ազատ դրսեւորումներ էին լինում։

- Քաղաքային իշխանությունները չե՞ն կարող պայման թելադրել, թե՞ պայմանները թելադրում է նա, ով վճարում է։

- Քաղաքի գլխավոր ճարտարապետը պետք է լինի քաղաքի գլխավոր ճարտարապետը, այսինքն՝ նրա կարծիքը պետք է լինի հիմնավոր, մենք տարիներ շարունակ ունեցել ենք բացասական արդյունք, մինչդեռ գլխավոր ճարտարապետը պետք է լինի այն մարդը, որն ինքն է պայմաններ թելադրում։ Ես կողմ չեմ, որ այդ պաշտոնը հանվի, նման միամիտ բաներ պետք չէ ասել, ամեն երկիր իր տրադիցիաներն ունի, մշակույթի նախարարություն չկա Ամերիկայում, բայց մենք Ամերիկայից հեռու ենք այնքան, որքան Լուսնից։ Այնպես որ՝ դրանք տարբեր մշակույթներ են։ Ցավոք, մինչեւ հիմա գործում է այն կանոնը, որ միայն թե ներդրումներ լինեն, բայց այն մարդիկ, ովքեր այդ ներդրումները պաշտպանում են, նրանք նաեւ գտնում են, որ այդ ներդրումն արված է լավ գործի համար, եւ չեն տեսնում խնդիր․ սա է հարցը։ Քաղաքի կենտրոնը պետք է հանգիստ թողնել, միտումներից մեկը պետք է լինի վերականգնելը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Ռոսիա» կինոթատրոնը, որը դեռ կենդանի է։ Կինոթատրոնները կարեւոր տեղեր են, այնտեղ միայն կինո չեն նայում, մարդիկ հավաքվելու պահանջ ունեն, պետք է ստեղծել եւ ձեւավորել նաեւ այդ հավաքատեղիները։