Փաշինյանի հայրենաճանաչությունը, «ոչխարի քյալլեն», «Բոհեմի» ջազը և… Ամուլսարը

Փաշինյանի հայրենաճանաչությունը, «ոչխարի քյալլեն», «Բոհեմի» ջազը և… Ամուլսարը
Նիկոլ Փաշինյան,

Վերջին շրջանում մեր երկրի առաջին դեմքերը սկսել են զբաղվել հայրենաճանաչության վեհ գործով: Շոուի բացումն արեց նախագահ Արմեն Սարգսյանը, ով շոգերն ընկնելուն պես հիշեց, որ Հայաստանում հով տեղեր կան, որտեղ կարելի է էքսկուրսիա գնալ, հովանալ, համ էլ ձեռքի հետ կճանաչի հայրենիքը: Լոռի կատարած իր «հյուրախաղերի» ժամանակ նա գեղեցիկ մտքեր էր արտահայտում հայրենիքը ճանաչելու մասին, որոնց հետ դժվար է չհամաձայնել․ «Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»։ Հարկատուների հաշվին երկրի նախագահն աշխատավարձ է ստանում, աշխատակազմ պահում, այստեղ-այնտեղ խորհրդանշական աշխատանքային այցեր ու հանդիպումներ կազմակերպում, եւ այս ամենի դիմաց նրանից ընդամենը պահանջվում է, որ նա պահպանի սահմանադրական կարգի անվտանգությունն ու ապահովությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր գործողություններով, ավելի ճիշտ՝ անգործությամբ, այնքան իջեցրեց նախագահի ինստիտուտի վարկանիշը, որ արդեն կարելի է ասել, որ եթե այդ խորհրդանշական կառույցը չլինի, երկրում առանձնապես բան չի փոխվի, պարզապես կտնտեսվի երկրի բյուջեն: Բացի տարբեր երկրներ խորհրդանշական այցեր կատարելուց, նախագահն արտերկրի կամ հայաստանյան տարբեր պաշտոնյաների, կամ հայտնի արվեստագետների շնորհավորական կամ ցավակցական ուղերձներ է հղում, երեխաների հետ պաղպաղակ ուտում, կարկանդակ պատրաստում, երիտասարդների հետ պարում եւ հայրենաճանաչության վոյաժներ անում: Իսկ երբ առիթ է լինում, որ նա պետք է կատարի իր բուն գործառույթը՝ ապահովի երկրի սահմանադրական կարգի անվտանգությունը, Սարգսյանն ինքն է իջնում ջրի հատակը, «մինչեւ անցնի վտանգը»: Հասարակության մի մասը սպասում էր, թե երկրի սահմանադրական կարգի «պահապանն» ինչ է ասելու վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչի վերաբերյալ: Մինչդեռ նա լուռ էր: Միայն ֆեյսբուքյան օգտատերերի քննադատությունից ու պահանջից հետո նախագահի աշխատակազմը մի լղոզված, ոչինչ չասող ուղերձ հղեց, որը հավասարազոր էր ոչինչ չասելուն: Հավանաբար, Սարգսյանը վախեցավ, որ վարչապետ Փաշինյանը կջղայնանա ու իրենից կպահանջի լեգիտիմությունը հավաստող «բարաթը»: 

Այդ ամենով հանդերձ, նախագահի աշխատակազմի պրոտոկոլի պատասխանատուներն ավելի պատրաստված ու գրագետ են աշխատում, քան վարչապետինը: Հավանաբար, այդ է պատճառը, որ նախագահի որեւէ ուղերձից հետո նոր միայն վարչապետը հղում է համապատասխան ուղերձ, կրկնում է այն, ինչ նախագահն է անում: Նախագահի հայրենաճանաչության ակցիային հաջորդեց վարչապետի հայրենաճանաչությունը՝ նա մեկնեց Գյումրի: Այս այցի մեջ կարելի է միտում տեսնել, որ վարչապետն ուզում էր գյումրեցիների մոտ չեզոքացնել այն վատ տպավորությունը, որը թողել էր վերջին պաշտոնական այցի ժամանակ՝ գյումրեցի բազմազավակ կնոջ հետ ոչ այնքան բարեհամբույր խոսքով: Ուստի, առանց որեւէ պաշտոնական արարողակարգի, շարքային քաղաքացու նման բռնեց Աննայի ձեռքն ու անցավ Գյումրու փողոցներով: Բայց, չգիտես որտեղից, կրկին մի կին հայտնվեց ու հարամեց նրանց զբոսանքը՝ Փաշինյանին «ստախոս» եւ այլ ոչ հաճելի բառեր ասելով: Այս անգամ վարչապետը չկոպտեց կնոջը, այլ համբերությամբ մինչեւ վերջ լսեց նրա վիրավորական խոսքերը:

Ինչեւէ, դա չխանգարեց, որ վարաչապետը շարունակի իր հայրենաճանաչության զբոսանքը, որը նման էր «Չէին սպասում» հաղորդման նկարահանումներին: Նա մտնում էր հասարակական սննդի օբյեկտներ, հարցուփորձ անում, թե որտեղ ինչ կերակուր են մատուցում: Իսկ երբ դրանցից մեկում իմացավ, որ պատրաստում են նաեւ «քյալլա», խնդրեց, որ իրեն ցույց տան պատրաստի կամ դեռեւս վառարանում գտնվող կիսապատրաստ կերակուրը: Երբ խոհարարը խուսափեց ցուցադրել այն, Փաշինյանը կատակեց. «Վախենում եք ձեր քյալլեն ուտե՞նք»: Փաշինյանի այցին հաջորդեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը, ով ավետեց, թե այդ այցից հետո Գյումրի այցելողների թիվը կրկնապատկվել է, ինչին հավատաց նաեւ Փաշինյանը: Գովելի է, որ երկրի վարչապետին մտահոգում է մարզերի ճանաչելիության խնդիրը, բայց դրա համար կան տարբեր հեռուստատեսային հաղորդումներ: Իսկ եթե դրանք չեն բավարարում վարչապետի ճաշակին, կարող է բացել այլ հաղորդում, անձամբ մի ստեղծագործական թիմ ձեւավորելով եւ պահանջելով, որ նկարահանեն հաղորդումներ: Ոչ թե բանուգործը թողած՝ հայրենաճանաչության թեմաներով հեռուստալրագրություն անի: Դա դեռ քիչ էր, մի քանի օր անց էլ մայրաքաղաքի փողոցներում էքսկուրսավարի դեր էր կատարում եւ օտարերկրյա հյուրերին ծանոթացնում Երեւանին: 

Հիշեցնենք, որ այս ամենի ընթացքում Հայաստանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ էին ընթանում: Մթնոլորտը շիկացած է Ջերմուկում: Ամուլսարի հանքավայրի դեմ պայքարողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ, իսկ վարչապետի մամուլի խոսնակը խոստանում է, որ երկուշաբթի կկայանա նման հանդիպում: Թվում էր, թե մինչեւ երկուշաբթի օրն ընկած ժամանակահատվածը պետք էր վարչապետին, որ նա ծանոթանար այդ ծավալուն փաստաթղթին, քննարկեր մասնագետների, բնապահպանների, երկրաբանների, իրավաբանների, փորձագետների, բժիշկների եւ այլոց հետ, որ ջերմուկցիներին տար սպառիչ պատասխաններ: Մինչդեռ պարզվում է, որ կառավարության նիստից հետո նա կնոջ հետ շտապել է Սեւան՝ «Բոհեմում» ջազ լսելու, երեխաների հետ սելֆի անելու, այնուհետեւ դստեր՝ Արփիի ծննդյան տոնը հարազատներով, մտերիմներով, «հորաքույրի» ու «մորաքույրի» հետ նշելու: Փաստորեն, երկրի վարչապետն ամեն ինչի ժամանակ ունի, բայց հասարակությանը հուզող խնդրով Ջերմուկ մեկնելու ժամանակ չունի: Դեռ մեկ տարի առաջ նա հավաստիացնում էր, որ ՀՀ քաղաքացին է ղեկավարելու երկիրը, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է:

Բայց արդեն հաշվի չի նստում ջերմուկցի «վարչապետների» կարծիքի հետ եւ հարկ չի համարում նրանց հետ հանդիպել, այլ Երեւան հանդիպման է հրավիրում համայնքի ղեկավարներին, ավագանիներին, դպրոցների տնօրեններին, այսինքն՝ մարդկանց, որոնց կարող է հեշտությամբ կառավարել, քանի որ նրանք կորցնելու բան ունեն՝ պաշտոն եւ աշխատանք: