ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորեց իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։