Ցեղասպանություն իրականացրած պետությանը սիրաշահելով՝ հնարավոր չէ հասնել անվտանգության

Ցեղասպանություն իրականացրած պետությանը սիրաշահելով՝ հնարավոր չէ հասնել անվտանգության

«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է ուղեկցվի նաև նրա լիարժեք և համապարփակ դատապարտմամբ, ինչպես նաև հայ ժողովրդի համար արդարության վերականգնմամբ։

Նրա խոսքով՝ այսօր էլ պայքարը շարունակվում է, և հայկական կողմը պետք է հստակ ու անկոտրում դիրք զբաղեցնի։ Չալաբյանն ընդգծել է, որ Թուրքիան մինչ օրս մնում է նույն ցեղասպան և ագրեսիվ պետությունը, ու ցանկացած փորձ՝ նրա հետ հարաբերություններ բարելավելու միակողմանի ձևով, միայն թուլացնելու է հայկական կողմի դիրքերը։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե պետք է խոսել հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է կառուցվեն երկկողմանի քայլերի հիման վրա, որոնց կարևորագույն մասը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է։

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս քաղաքականությանը՝ Չալաբյանը նշել է, որ գործող իշխանությունները, իր կարծիքով, քայլեր են ձեռնարկում, որոնք կարող են վտանգել երկրի ինքնիշխանությունը՝ այն ենթարկելով Թուրքիայի ազդեցությանը։ Նրա խոսքերով՝ ցեղասպանություն իրականացրած պետությանը սիրաշահելով՝ հնարավոր չէ ապահովել խաղաղություն կամ անվտանգություն։