ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն

ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն

Եթե գործատուն իր ղեկավարած հիմնարկում աշխատող է ընդունում, ապա նա այդ աշխատողի կարիքն ունի:

Եթե աշխատողը գործատուի մոտ աշխատում է մի քանի տարի, դա նշանակում է, որ գործատուի եւ աշխատողի միջեւ առկա են կայուն աշխատանքային հարաբերություններ, ինչն իր հերթին հանգեցնում է աշխատանքի տեւականությանը, անընդհատությանը: Տրամաբանական է, որ աշխատանքի ընդունվելիս, ապագա աշխատողը գործատուի հետ պայմանագիր է կնքում, որտեղ արտացոլվում են աշխատանքի իրավական կարգավորումները: Տրամաբանական է նաեւ, որ ապագա աշխատողի համար փորձաշրջան նախատեսվի: Սակայն ի՞նչ կլինի, եթե նույն աշխատողը, նույն գործատուի մոտ, նույն պաշտոնում աշխատի, ենթադրենք՝ 20 տարի, եւ ամեն տարի այդ աշխատողի հետ կնքվի նույնաբովանդակ աշխատանքային պայմանագիր, որտեղ նաեւ փորձաշրջան նախատեսվի: Դա առնվազն անհեթեթ կթվա: Պարզվում է, որ նմանօրինակ անհեթեթություններ, այնուամենայնիվ, անպակաս են մեզանում:

Երեւանի պետական համալսարանն ունի, տարբեր գնահատականներով, 2500-3500 աշխատող, որոնց զգալի մեծամասնությունը ԵՊՀ-ում աշխատում է ժամկետային պայմանագրի հիմքով: Ամեն տարի ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի պայմանագիրը ԵՊՀ ղեկավարության կողմից թարմացվում է: Ընդ որում, յուրաքանչյուր թարմացման հետ մեկտեղ սահմանվում է եռամսյա փորձաշրջան: Ստացվում է, որ ԵՊՀ-ում չկան մշտական աշխատողներ եւ, հետեւաբար՝ աշխատանքային կայունություն: Խնդիրն անգամ կազուսների է հանգեցնում: Օրինակ, ԵՊՀ-ում կա 50 տարվա աշխատակից, որի հետ 50 անգամ կնքվել է նույնաբովանդակ պայմանագիր, եւ այդ աշխատակիցը 50 անգամ անցել է եռամսյա փորձաշրջան: Նկատենք, որ խոսքը գնում է նույն անձի, նույն աշխատանքի վերաբերյալ՝ նույն գործատուի մոտ: Ինչո՞ւ է այդպես, եւ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ այսօրինակ աշխատանքային հարաբերությունները:

Մեծ հաշվով, ԵՊՀ-ում աշխատողը լիարժեք աշխատանքային հարաբերությունների մեջ է գործատուի հետ 9 ամիս, քանի որ յուրաքանչյուր տարվա 3 ամիսը վերջինիս համար փորձաշրջան է սահմանված: Ամեն տարի փորձաշրջանից հետո, անցնելով բուն աշխատանքի՝ ԵՊՀ աշխատակիցը մտածում է, թե ինչպես կարելի է հաջորդ տարի եւս մնալ ԵՊՀ-ում: Հասկանալի է, որ հաջորդ տարի ԵՊՀ-ում աշխատելու համար արհեստավարժություն ցուցաբերելն այդքան էլ կարեւոր չէ, քանզի հաջորդ տարի աշխատակիցը եւս պետք է փորձաշրջան անցնի: Այդ իսկ պատճառով ԵՊՀ-ում աշխատողը մտածում է միայն մեկ ուղղությամբ, այն է՝ ինչպե՞ս լավ հարաբերություններ հաստատել կամ հաճոյանալ ղեկավարությանը: Միայն այդ դեպքում աշխատակիցը կարող է հույս ունենալ, որ հաջորդ տարի եւս կաշխատի ԵՊՀ-ում: Իսկ եթե մեկ տարվա ընթացքում, ինչ-որ պահի, ԵՊՀ ղեկավարությանը դուր չեկան աշխատակցի հայացքները, հագուկապը, կամ վերջինիս պաշտոնի վրա այլ հավակնություն կա, ապա մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ աշխատակիցը հրաժեշտ տա աշխատանքին պայմանագրային ժամկետն ավարտվելուն պես: 

Ի դեպ, ԵՊՀ-ում աշխատանքային առկա իրավահարաբերություններն անտրամաբանական եւ անազնիվ լինելուց բացի նաեւ իրավաչափ չեն: Հայրենի արդարադատությունն այս դաշտը կարգավորող բազմաթիվ իրավական ակտեր եւ դատական նախադեպեր ունի, որոնք վերլուծելիս հանգում ենք այն եզրակացության, որ աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետային պայմանագրով, եւ միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը (23.06.2008թ. թիվ 3-321(ՎԴ)): Բացի այդ, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում կնքված պայմանագիրն առաջացնում է գործատուի կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների եւ երաշխիքների սահմանափակում, հետեւաբար նման պայմանագիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված, եւ դրա նկատմամբ պետք է կիրառվեն անորոշ ժամկետով պայմանագրի նկատմամբ կիրառելի նորմերը (ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ 3-589 (ՎԴ) որոշում): Այլ կերպ ասած՝ աշխատակցի հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը ոչ այլ ինչ է, քան աշխատակցի վրա ճնշում գործադրելու ուղիղ միջոց: 

Այսօր ԵՊՀ-ում, քիչ բացառություններով, կիրառվում է աշխատանքային հարաբերությունների ժամկետային ձեւաչափը: Դա նշանակում է, որ մայր բուհին անհրաժեշտ չեն կայուն ու արհեստավարժ աշխատանքային հարաբերություններ, եւ ԵՊՀ-ն նախընտրում է աշխատանքի ոլորտում իրավական աճպարարությունը: Այլ բացատրություն չկա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ 
ԵՊՀ ներկայացուցիչ