Առաջարկում եմ՝ ռեկտորի թեկնածուները հանդիպեն պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Առաջարկում եմ՝ ռեկտորի թեկնածուները հանդիպեն պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Նախօրեին գրել էինք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ռեկտորի պաշտոնի համար հայտերն ընդունվել են մինչեւ նոյեմբերի 25-ը, իսկ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի թեկնածությունը միասնաբար առաջադրել են համալսարանի բոլոր ստորաբաժանումները։ Նկատենք, որ Կ․ Հարությունյանն այդ պաշտոնում մեկ անգամ է ընտրվել եւ կրկին կարող է առաջադրվել։

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին, ապա Դավիթ Գյուրջինյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ օտար մարդ չէ Բրյուսովի համար, հայրն ու դուստրերը Բրյուսովի անվան համալսարանն են ավարտել, ինքն էլ թեպետ մանկավարժականն է ավարտել, բայց 25 տարի դասավանդել է Բրյուսովում։ «Ես Բրյուսովի համար օտար մարդ չեմ, ինչպես ոմանք են ասում՝ դրսից մարդ է գալու․․․»,- նկատել էր նա։ «Դրսի մարդ» չէ, բայց, շատերի գնահատմամբ, Դավիթ Գյուրջինյանն իշխանությունների թեկնածուն է եւ պատահական չի առաջադրվել բուհի ռեկտորի պաշտոնի համար՝ մրցակիցդառնալով գործող ռեկտորին։

Բրյուսովի անվան համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է մեկնաբանում («Հրապարակի» հետ զրույցում) ռեկտորի թեկնածու Դ․ Գյուրջինյանի այն դիրքորոշումը, թե մեր փոքր երկրի համար այսքան պետական բուհեր ունենալը ճիշտ չէ, նույնը՝ նաեւ մասնավորի դեպքում։

«Կարծում եմ, որ այդ մոտեցումները՝ ինչ-որ միավորումներ իրականացնելու հետ կապված, առանց որեւէ հիմքի, հիմնավորման, ուսումնասիրության, վաղուց իրենց սպառել են, եւ տարօրինակ է, որ թեկնածուներից մեկը պաշտպանում է մի գաղափար, որն առաջադրել էր կառավարությունը, սակայն այսօր չի պաշտպանում դա։ Ինչպես գիտեք, կառավարությունը հիմա այլ գաղափար է փորձում առաջ տանել՝ բուհական համակարգի հետ կապված, մասնավորապես՝ նոր համալսարանների ձեւավորում, հիմնադրում, եւ դրա համար էլ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է առաջարկություններ ներկայացնի դրա հետ կապված»։

Տիգրան Թորոսյանն առաջարկում է, որ թեկնածուները հանդիպեն Բրյուսովի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ․ «Իրենց տեսակետները ներկայացնեն եւ պատասխանեն հարցերին։ Ինձ թվում է՝ այդտեղ շատ բան պարզ կդառնար։ Ճիշտ է, կանոնադրությունը ենթադրում է, որ ընտրությունն անում է հոգաբարձուների խորհուրդը, բայց չպետք է մոռանանք, որ ընտրվող ռեկտորը պետք է աշխատի համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Ուրեմն շատ տրամաբանական է, անգամ անհրաժեշտ է, որ թեկնածուներից ամեն մեկը գոնե մեկ անգամ հանդիպի այն բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ, որտեղ հավակնում է ստանձնելու ռեկտորի պաշտոնը, եւ այդ գաղափարներն էլ ներկայացնի այդ հանդիպմանը։ Թե չէ՝ առանց հաշվի առնելու 5 հազարից ավելի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքը, կարծում եմ՝ տրամաբանական չի լինի հավակնել ռեկտորի պաշտոնին»։   

Հատկանշական է, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը դեռ մեկուկես ամիս առաջ համալսարանի խորհրդի նիստում նպատակահարմար չէր համարել ռեկտորի մրցույթ անցկացնելը, ավելին՝ պնդել էր օրակարգից հանել այդ հարցը՝ բերելով այն պատճառաբանությունը, թե ինչ իմաստ կա, եթե առկա է բուհերի միավորման նախաձեռնություն, որն արագ կյանքի է կոչվելու, ըստ այդմ՝ ռեկտորի մրցույթ անցկացնելն անիմաստ է։

Հետաքրքրվեցինք՝ ինքն ունի՞ բացատրություն, թե ինչու էին ցանկանում հետաձգել կամ, ավելի ճիշտ՝ չեղարկել ռեկտորի մրցույթը։ Կարծիքներ կան, որ ամեն ինչ արվում է, որ գործող ռեկտորը եւս մեկ անգամ չառաջադրվի ու չընտրվի։ «Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել, թե ինչ էին մտածում․․․ ես առաջարկում եմ, որ ամեն ինչ լինի հրապարակային, ոչ թե գուշակությունների, կասկածանքների հիման վրա։ Իմ կարծիքով՝ անգամ օգտակար կլիներ, եթե հոգաբարձուների խորհուրդն ինքը նախաձեռներ թեկնածուների հանդիպումն այն մարդկանց հետ, ում հետ ռեկտորի թեկնածուները պատրաստվում են աշխատել, իսկ խոսքը 5 հազար մարդու մասին է։ Այդ ժամանակ Ձեր բոլոր հարցերի պատասխաններն էլ ակնհայտ կդառնային,- ասում է Թորոսյանն ու հավելում։- Ես բոլորովին վստահ չեմ, որ դա կլինի, բայց եթե լինի, դա ցույց կտա, որ բոլոր կողմերն անկեղծ են իրենց ցանկությունների մեջ»։

Նկատենք, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, իսկ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Բրյուսովի անվան համալսարանում հոգաբարձուների խորհրդի անդամ է՝  միաժամանակ լինելով նաեւ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչի առիթով բրյուսովցիները դեռ մեկ ամիս առաջ դիմել էին փոխվարչապետ Հ․  Մաթեւոսյանին՝ Ժաննա Անդրեասյանին իրենց խորհրդից հանելու խնդրանքով, քանի որ փոխնախարարի կարգավիճակը երկու բուհերում ակնհայտորեն շահերի բախում է ենթադրում։