Ծայրահեղությունից՝ ծայրահեղություն

Ծայրահեղությունից՝ ծայրահեղություն

Արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր քննադատում են նոր իշխանություններին, հակահեղափոխականներ են կամ «ռոբասերժականներ», որոնք երազում են այս իշխանությունների լիակատար ձախողման եւ ասպարեզից արագ հեռանալու մասին։ Վստահ եմ, որ՝ ոչ, թեեւ իշխանության ներկայացուցիչները հենց այդպես էլ մտածում են։

Սա շատ նման է հակառակ ճամբարի այն պնդումներին, որ «սորոսականները» քանդում են մեր երկիրը։ Երեկ Սորոսի հիմնադրամի՝ «Բաց հասարակության հիմնադրամների» տնօրեն Լարիսա Մինասյանը, ով շատ հազվադեպ է ասուլիս տալիս, հենց այդ մասին էր խոսում։ Մարդու նյարդերը չէին դիմացել, եւ նա որոշել էր «պատռել» ոմանց դիմակներն ու խոսել իրենց ծրագրերի մասին՝ ներկայացնել, թե ինչ են արել եւ անում Հայաստանում Ջորջ Սորոսի տրամադրած գումարներով։

Եվ իսկապես, որքան սահմանափակ մտածողության տեր պետք է լինի մարդը, որ պնդի, թե բոլոր գրանտակերները մեր երկրի թշնամիներն են, եւ գրանտները տրվում են բացառապես մեր երկրի հիմքերը խարխլելու համար։ Նման միանշանակ պնդումների շարքից է նաեւ «բոլոր չինովնիկները կաշառակեր են», «բոլոր լրագրողներն անգրագետ են», «բոլոր տաքսիստները պոռոտախոս են» եւ այլն։ Սրանք այն կլիշեների՝ կաղապարների շարքից են, որոնք կան բոլոր երկրներում։ Բայց որքան բարձր է հասարակական գիտակցությունը, եւ որքան զարգացած է երկիրը, այնքան այս կլիշեները քիչ են։ Համենայնդեպս՝ կիրթ, մտածող խավը փորձում է այս կաղապարներից դուրս լինել եւ դավադրությունների տեսությունների զոհ չդառնալ։

Բնականաբար՝ գրանտակերների մեջ կան նաեւ վտանգավոր անձինք, չինովնիկների մեջ՝ լիքը կաշառակերներ, իսկ լրագրողներ մեջ էլ՝ գրագիտության պակաս, բայց դրանց հիման վրա հետեւություններ անել մի ամբողջ խավի, մարդկանց մեծ խմբի մասին, անհեթեթ է եւ վնասակար։