Լավ կլինի, որ վարչապետը հաշվետվություն տա․ Գևորգ Պետրոսյան

Լավ կլինի, որ վարչապետը հաշվետվություն տա․ Գևորգ Պետրոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Չինաստան են մեկնել նրա գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխավոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղակատվության եւ հասարակայնության հետ վարչության գլխավոր մասնագետը, մամուլի խոսնակը, օպերատորը, 7 անվտանգության աշխատակիցներ, նրանց գումարած՝ 7 ԶԼՄ ներկայացուցիչներ եւ  Աննա Հակոբյանի խորհրդականն ու վարսավիրը։

Զարմանալի է, որ վարչապետին այս ուղևորության ընթացքում չեն ուղեկցել էկոնոմիկայի եւ ներդրումների, ֆինանսների ու գյուղատնտեսության, ներդրումային քաղաքականություն իրականացնող պաշտոնյաներ, մինչդեռ այցի նպատակը Հայաստան ներդրումներ բերելն էր։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հարցրինք, թե ինչպե՞ս է վերաբերում Չինաստան մեկնած պատվիրակության կազմին, ի՞նչ կապ ունեն վարչապետի հետ մեկնած անձինք ներդրումների հետ․

«Լավ կլինի այդ հարցը հղել վարչապետին, որպեսզի ինքը փորձի հնարավորինս ամեն ինչ անել, որ միջազգային ուղևորությունները, որոնք մեծ գումարներ են արժենում մեր բյուջեի վրա, լինեն նպատակային, թիրախավորված և արդյունք տան։ Օրինակ ես մտածում եմ, որ կարելի է այդպիսի համակարգ ներդնել, որպեսզի որոշակի կտրվածքով ուղևորությունների արդյունքները ներկայացվեն Ազգային ժողովին, ի վերջո ԱԺ-ն, ՀՀ Սահմանադրության համապատասխան, խորհրդարանական վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամաբ, և այդ վերահսկողության տիրույթում պետք է ընդգրկվեն ուղևորությունների մասին հաշվետվությունները, թե որ այցից ինչ արդյունք ենք մենք ստացել։ Ես նորից եմ ասում, որ սուղ բյուջեի պայմաններում չի կարելի այդպես շռայլորեն, այդպիսի մեծ կազմով, որից շատերը այնտեղ անելիք չունեն, գնան և ծանրացնեն մեր ֆինանսական հոգսերը։ Լավ կլինի, որ հաշվետվություն տան, սա կլինի խորհրդարանական վերհսկողության ինստիտուտի շրջանակներում»,- ասաց Պետրոսյանը։