Չեն թույլատրել Մանվել Գրիգորյանին հուղարկավորել Վազգեն Սարգսյանի կողքին

Չեն թույլատրել Մանվել Գրիգորյանին հուղարկավորել Վազգեն Սարգսյանի կողքին

Ինչպես արդեն հայտնի է, օրերս մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ 

Նշենք, որ Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է մահվան հիմքով որոշակի դրվագներ կարճվեն։ 

Սակայն, իրենք որոշել են, մահվան հիմքով գործը կարճելու դեմ առարկել։

-Ուզում եք հասնել նրան, որ արդարացման որոշու՞մ կայացվի։ 

-Դե, իհարկե։ Եթե դատախազությունն իր մեջ բարոյականություն, կամք կգտնի, ավելի քան վստահ եմ դատախազությունը ղեկավարում է մի մարդ, որը կարմիր գծերը չի անցել։ Չնայած նրան, որ մենք տարբեր կողմերի վրա ենք, բայց ես հարգանքով եմ վերաբերվում։ Ես գիտեմ ու չեմ բացառում, որ դատախազությունը մեղադրանքի մի մասից հրաժարվի։

-Մասնավորապես, ո՞ր մասից։

- «Զինվորի սնունդ» ասվածը, ենթադրում եմ, որ իրականությունը բոլորի համար պարզ է դառնում։ Արդեն առիթ ունեցել ենք, թե ինչպես է դատախազությունը խափանման միջոցի փոփոխման միջնորդություն ներկայացնում։ Ինչ-որ չափով ինչ-որ տեղ դատախազությանը չեմ կարող մոռանալ, որ այդպիսի բան էլ է արել։

-Բայց դուք մի տարի շարունակ ասում էիք, որ կալանքի տակ գտնվելով Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

-Համենայնդեպս, ապաշխարելը էլի գնահատելի է։ Ամեն դեպքում, դատախազությունը իր գործողություններով՝ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելով, թեկուզ ֆորմալ ձևով չընդունելով պաշտպանական կողմին, բայց իրենց մարդկային պահեցին։ Ես կասկած չունեմ, որ Արթուր Դավթյանն ունի այդ ներուժը, որ օրենքի տառը պահելով կտա լուծումներ։

-Կնոջ՝ Նազիկ Ամիրյանի մասով քրեական գործի քննությունը կշարունակվի՞։

-Ես Նազիկ Ամիրյանի գործով ներգրավված չեմ։

-Պարոն Մկրտչյան, բացի Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուց, դուք նաեւ ընկերական հարաբերություններ եք ունեցել։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչու Եռաբլուրում նա չհուղարկավորվեց։

-Ընտանիքը չի դիմել Եռաբլուրում հուղարկավորելու համար։ Ուղղակի Եռաբլուրի տնօրինությունը տեղեկացրել էր՝ խնդրում եմ համեցեք, որ մենք ամեն ինչը կազմակերպենք։ Ընդ որում, նման դեպքեր ծախսի եւ այլնի խնդիր չկա։ ՊՆ-ն հոգում է հուղարկավորության եւ հետագայում գերեզմանի ծախսերը։ Այդտեղ խնդիր չի եղել։ Որեւէ մեկը Մանվել Գրիգորյանին Եռաբլուրում հուղարկավորելուն չի առարկել։ Խնդիրը եղել է այն, որ Մանվել Գրիգորյանին հուղարկավորեն Վազգեն Սարգսյանի հարեւանությամբ։

-Այսինքն՝ չեն թույլատրել Վազգեն Սարգսյանի կողքին հուղարկավորել։

-Այո, չեն թողել։

-Ի՞նչ են ասել։

-Անձամբ ինձ Ասլան Մխիթարյանը, որը ներկայացավ որպես Եռաբլուրի ճարտարապետ, ինձ ասաց՝ Եռաբլուրի ճարտարապետական տեսքը գցել եք, դրա համար մենք կտանք ավելի մեծ տեղ, բայց էդտեղ չի լինի։

-Դրանից հետո ընտանիքը հարմար գտավ հայրենի գյուղո՞ւմ։

-Դա համատեղ որոշում էր։ Ես խոսել եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների հետ, հասկացանք, որ նրա մահվանից հետո էլ նրա հիշատակին վնասելու ցանկությունը չի պակասել։ Ընտանիքն այդպես որոշեց։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ։

Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը մերժվել էր։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել էր, որ դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Գրիգորյանի վիճակի վատթարացումն ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ։