Նարեկ Սարգսյանին եւս չե՞ն արտահանձնի․ Պրահայի իշխանություններից լուր չկա

Նարեկ Սարգսյանին եւս չե՞ն արտահանձնի․ Պրահայի իշխանություններից լուր չկա

Անցած տարի դեկտեմբերի 6-ին Պարահայում հայտնաբերվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը հայտնաբերման պահին  ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հայտնաբերումից անմիջապես հետո նա ձերբակալվեց, ապա վերցվեց նախնական կալանքի տակ, հետո էլ սկսվեց նրան Հայաստանին արտահանձնելու հարցի քննարկումը։

Նարեկ Սարգսյանի արտահանձման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել այս ընթացքում, մասնավորապես, որ նա քաղաքական ապաստան է խնդրել Պրահայի իշխանություններից, եւ նրան չեն արտահանձնելու։ Նրա եղբայր Հայկ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նախկինում ասել էր, թե իր իմանալով՝ Պրահայի իշխանությունները համաձայնություն չեն տվել եղբոր արտահանձնելու վերաբերյալ։

Դատախազությունից էլ այսօր կրկին տվեցին նույն հին պատասխանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձման վերաբերյալ դեռեւս նորություն չկա, գործընթացը շարունակվում է։

Իսկ թե Պրահայի իշխանություններից որեւէ պատասխան չե՞ն ստացել, դատախազությունից փոխանցեցին՝ դեռ նոր բան չկա։

Անցած շաբաթ օրն էլ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը Ռուսաստանի դատախազությունը մերժել է։