Եթե Հայաստանն ունի ռուսական ներկայությունից ազատվելու ցանկություն, կարող եք դա անել ամեն պահի
Ռուսաստանում ինչպե՞ս են վերաբերվում Էրդողանի հրապարակած թյուրքական աշխարհի քարտեզին, որում ոչ միայն հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ՝ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Թուրքմենստան, այլեւ բուն ռուսական հողեր՝ Ռուսաստանի հարավային որոշ շրջաններ, Արեւելյան Սիբիրը, Բալկանների մի մասն ու Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Սինծիան-Ույղուրական ինքնավար մարզն է ներառված։ Հիշեցնենք․ թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներով ցուցադրվեց, թե ինչպես էր Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Էրդողանին շնորհում այդ քարտեզը։
Ռուս քաղաքագետ, արեւելագետ Անդրեյ Արեշեւը 2020-ի դեկտեմբերին գրել էր «Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են հայկական հողերի բաժանմանը» խորագրով հոդված։
- Պարոն Արեշեւ, ռուսաստանյան շրջանակներին անհանգստացնո՞ւմ է Էրդողանի՝ թյուրքական աշխարհի քարտեզը։ Ի՞նչ վերաբերմունք կա դրա նկատմամբ Ռուսաստանում։
- Ինձ դժվար է ասել՝ ինչպես են դրան վերաբերվում ՌԴ-ում, ես կարող եմ ներկայացնել իմ անձնական կարծիքը։ Հիշում ենք Դմիտրի Պեսկովի արձագանքը (ափսոսանք էր հայտնել, որ այդ քարտեզի վրա չի նշվում, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում)։ Ինձ չի թվում, որ նման քարտեզը նորություն է։ Թուրքիայի դպրոցներում այդ քարտեզներով է իրականացվում ուսուցումը՝ կրտսեր դասարաններից սկսած։ Այնպես որ, սա թուրքական ազգային ինքնության տարրերից մեկն է, որը նվազագույնը մի քանի տասնյակ տարի է՝ ձեւավորվում է։ Մյուս կողմից, այն, որ այդ քարտեզը հայտնվեց Թուրքիայի կառավարող ուժը ներկայացնող երկու քաղաքական գործիչների ու համախոհների ձեռքում, վկայում է այն մասին, որ այդ քարտեզը երեւի կխաղարկվի թուրքական կառավարող ուժի կողմից, այդ թվում՝ ներքաղաքական նպատակներով։ Ինչպես գիտենք՝ Թուրքիայի տնտեսության գործերն այնքան էլ լավ չեն, եւ այդ ֆոնին հայրենասիրական տրամադրությունները տաքացնելու լավագույն ձեւն արտաքին քաղաքականության ոլորտում իրենց ձեռքբերումների մասին հիշեցնելն է։
- Այսինքն՝ միայն ներքին լսարանի համա՞ր է քարտեզը, եւ հեռուն գնացող աշխարհաքաղաքական ծրագրեր չկա՞ն, որին ՌԴ-ում մատների արանքով են նայում։
- Նորից դժվարանում եմ ասել՝ մատների արանքով են նայում, թե ոչ, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Ռուսաստանը չպետք է վախենա ինչ-որ քարտեզներից, նաեւ այն քարտեզներից, որոնք նկարում են ոչ հավասարակշռված քաղաքական գործիչները։
- Հայ վերլուծաբաններից մեկը նշել էր, թե նման քարտեզի անթաքույց ցուցադրությունը պարզապես նվեր է հայ դիվանագիտությանը՝ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նախագծի խափանման ուղղությամբ արտաքին համախոհություն ձեւավորելու հարցում։
- Եթե հայկական դիվանագիտությունն այդ քարտեզն ինչ-որ նպատակներով օգտագործում է, ապա, կարծում եմ, այո, պետք է դրան ուշադրություն դարձնել, երեւի տրամանաբանական է։
- Այդուհանդերձ փաստ է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Թուրքիան բնական մրցակիցներ են։
- Անտարակույս, մրցակցային տարրեր կան։ Բայց, միեւնույն ժամանակ, եթե մտածում եք, որ Ռուսաստանում այրվում են Թուրքիայի հետ պատերազմելու ցանկությունից, չարաչար սխալվում եք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ Արեւելյան Եվրոպայում, ըստ որոշ տվյալների, ամերիկացիները ներդնում են տակտիկական ատոմային սպառազինություններ։ Ես կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք, անշուշտ, բարդ են, այնուամենայնիվ, ունեն աշխարհի որեւէ անկյունում ուղիղ ռազմական հակամարտությունից խուսափելու կողմնորոշում։
- Մե՞ր հաշվին, Հայաստանի տարածքային ամբողջականությա՞ն։
- Իսկ Ռուսաստանը բավականաչափ ջանքեր չի՞ գործադրել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին ու Թուրքիային ինչ-որ կերպ զսպելու առումով։ Իմ տեղեկություններով՝ նման ջանքեր գործադրվել են։ Իսկ այն, որ դրանք բավականաչափ արդյունավետ չեղան, ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի կառավարող ուժի մեղքն ու պատասխանատվությունն է, ինչի մասին բավականաչափ անկեղծ խոսում են նաեւ հայաստանյան փորձագետները։ Այնպես որ, իրավիճակը շատ ավելի բարդ է, քան այն փորձում են ներկայացնել, այդ թվում՝ Հայաստանից։ Կարո՞ղ եք ի ցույց դնել որեւէ ռուս-թուրքական պայմանավորվածություն, որոնք եղել են Հայաստանի ու հայերի հաշվին։ Ես որ՝ չգիտեմ։
- Սահմանազատման գործընթաց է սկսվում՝ ԽՍՀՄ քարտեզների հիման վրա, զուգահեռաբար Պուտինը հայտարարում է, թե քանի որ խորհրդային շրջանում չեն եղել սահմաններ, պարզ չէ, թե որ կետից սկսել։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե Ռուսաստանն ավելորդ գլխացավանք չի ուզում, կփորձի թուլացած Հայաստանի հաշվին առավելություններ տալ Ադրբեջանին ու նաեւ՝ Թուրքիային։
- Ես կարծում եմ, որ ՌԴ-ն կփորձի գործել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմի շահերն առաջ տանելով։ Եթե Ռուսաստանը, ինչպես որոշ պրոպագանդիստներ Հայաստանում հայտարարում են, պաշտպաներ Ադրբեջանի շահերը, ապա, վստահեցնում եմ, Ղարաբաղ այլեւս չէր լինի։ Եվ այն հատվածը, որում ռուս խաղաղապահներն են, դա էլ չէր լինի։ Կարող եմ մեկ այլ օրինակ բերել․ նոյեմբերի 16-ի իրադարձությունները, երբ ադրբեջանական առաջխաղացումը կանգնեցվեց, հիմնականում միայն ռուսաստանյան զինվորականների մասնակցությունից հետո։ Եվ եթե նայեք վերջին եռակողմ հայտարարությունը, ապա այնտեղ ասվում է, որ կողմերը պետք է ստեղծեն երկկողմանի հանձնաժողով, որը կարող է դիմել, կողմերի ցանկության դեպքում, երրորդ կողմի խորհրդատվական աջակցությանը։ Ինձ թվում է, որ սա բավականին բարդ գործընթաց է լինելու, բայց, ըստ իս, Հայաստանում ոչ ոք, այդ թվում՝ գործող վարչապետը, չի առարկել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի դեմ։ Իսկ թե ինչ իրավիճակում են կողմերը մոտենում դրան, հարցի մյուս կողմն է, որը, ըստ իս, ավելի շատ կապ ունի Հայաստանի քաղաքականության հետ, հատկապես՝ վերջին 3 տարվա, եւ ոչ Կովկասում ՌԴ արտաքին քաղաքականության, որի միակ չափանիշն ու, ըստ էության, առաջնահերթությունն այն է, որ այստեղ հակամարտություններ չբռնկվեն։
- Եթե Հայաստանն առավել արմատական դիրքորոշում որդեգրի սահմանազատման գործընթացում, իր տարածքային ամբողջականության տեսանկյունից ելնելով՝ որոշ պնդումներ անի, ՌԴ-ն կաջակցի՞, թե՞ դիտորդի կեցվածք կընդունի։
- Տեսնենք, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանը, եւ նոր միայն դատողություններ անենք։ Ինձ համար բարդ է ասել, թե բանակցությունները կոնկրետ ինչպես կտարվեն, բայց, կրկնեմ, Ռուսաստանը չի կարող հանդես գալ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերի տեսանկյունից։ Կարծում եմ՝ հիանալի գիտեք, թե ինչու։
- Մեզանում կարծիք կա, որ Արցախում, հիմա արդեն՝ Սյունիքում, ռուս խաղաղապահների առկայությունն առավել ուժեղ Ռուսաստանի համար է։ Այսինքն՝ Ռուսաստանն ինչ-որ հրաշքով Ադրբեջանի սահմանին մոտեցրեց իր զորքերը։ ՌԴ-ն ունի՞ նման կայսերապաշտական, գուցե՝ Սովետական Միություն ստեղծելու ծրագրեր։ Նաեւ ուզում է այստեղ ներկա լինել։
- Խաղաղապահներ ուղարկելու որոշումը հարկադրված էր եւ ուղղված էր հայկական կողմի վերջնական ջախջախումը կասեցնելուն։ Եթե համարում եք, որ սրանք կայսերապաշտական նկրտումներ են՝ խնդրեմ, բայց, մյուս կողմից, եթե Հայաստանն ունի այստեղ ռուսական ներկայությունից ազատվելու ցանկություն, կարող եք դա անել ամեն պահի։
- Ինձ ավելի շատ հետաքրքրում են միութենական պետություն, նոր ԽՍՀՄ-ի ծրագրերը։ Թե՞ սրանք ավելի շատ մեր, ես կասեի, խեղաթյուրված պատկերացումներն են։
- Ըստ իս, առավել սերտ ինտեգրման մասին եւս Հայաստանում ինչ-ինչ տեսակետներ հայտնվել են, բայց քանի որ չունեմ այդ մասին բովանդակային հիմնավորումներ, ապա դժվարանում եմ դատել։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ մասին դեռ վաղ է խոսելը։
Կարծիքներ