Նոր՝ վտանգավոր թեզ

Նոր՝ վտանգավոր թեզ

Օր օրի նոր բնակավայրեր ու տարածքներ հանձնելու պատճառով երկրում ստեղծված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտում կամաց-կամաց սկսել է «թևածել» մի գաղափար, ձևավորվել մի մտայնություն, ըստ որի՝ տարածքային բոլոր զիջումները կատարվում են` հիմքում ունենալով ոչ միայն համապատասխան փաստական-պատմական վկայությունները՝ քարտեզներ և այլն, այլև որ այս կամ բնակավայրը ժամանակին եղել է ադրբեջանաբնակ։

Այս մտայնության խորացման համար մեզանում նույնիսկ համալսարանական-մտավորական առանձին շրջանակներ են ակտիվացել, որոնք սոցցանցերում պատմական տեղեկանքներ են հրապարակում, օրինակ, Շուռնուխի ադրբեջանաբանկ լինելու վերաբերյալ։ Եվ ամբողջ վտանգն այն է, որ որևէ բնակավայրի՝ իր գոյության ինչ-որ հանգրվանում ադրբեջանաբնակ լինելը հանրությանը մատուցվում իբրև փաստարկ տվյալ բնակավայրի ադրբեջանականության։ 

Գործող իշխանությունների պարտվողական քաղաքականության, դիմադրողականության իսպառ բացակայության և ակնհայտ զիջողական կեցվածքի պատճառով ադրբեջանաբնակության թեզը շուտով կարող է գործողության մեջ մտնել այնպիսի տարածքների վերաբերմամբ էլ, որ այսօր դժվար է պատկերացնել։ 

Բայց ժողովրդի չափազանցված զգուշավորությունը, ավելի շուտ՝ դեպքերի զարգացման ամենավատ տարբերակը դիտարկելու հակվածությունը, արդեն խոսում է հայ-ադրբեջանական ապագա տարածքային վեճերում ոչ միայն Սյունիքը կամ Սևանը, այլև, օրինակ, Երևանի՝ ժամանակին ադրբեջանցիներով բնակեցված մի հատված էլ ադրբեջանական հող հայտարարելու հավանականության մասին։  Անշուշտ, չափազանցություն է կամ դառը սարկազմ, բայց չմոռանանք, որ այս իշխանությունները մասնագիտացած են մեր երկրի համար հենց ամենաանհավանական բաները «կյանքի կոչելու» ուղղությամբ։ Այնպես որ, առաջիկայում Հայաստանի հարավային ու արևելից «կողմանք»-ում ենթադրվող տարածքային զիջումներին կարող են հաջորդել նորերը, այս անգամ՝  նաև հյուսիս-արևմուտքում։

Մասնավորապես  նկատի ունեմ Շիրակի մարզի Ամասիայի ենթաշրջանը, որը խորհրդային տարիներին մեծ մասով ադրբեջանաբնակ էր․ այստեղ հաշվվում էին մոտ երկու տասնյակ ադրբեջանաբնակ գյուղեր, որոնց բնակիչները հեռացան 1989-90-ականներին։  Եվ հիմա օր օրի թափ առնող «ադրբեջանաբնակություն՝ ադրբեջանականություն» թեզը հայրենի իշխանությունների պրոադրբեջանական՝ քիրվայական քաղաքականության «շնորհիվ» կարող է կյանքի կոչվել այս տարածաշրջանի համար նույնպես։ Այդ հեռանկարը միանգամայն հավանական է դառնում, երբ նկատի ենք առնում այն հանգամանքը, որ Ամասիայի ենթաշրջանը տասնյակ կիլոմետրեր ձգվող սահման ունի Թուրքիայի հետ, իսկ վերջինս ունի անթաքույց նկրտումներ՝ տարածաշրջանը իր ազդեցության գոտում ներառելու։ Ի դեպ, օրերս այլ երկրների թվում նաև Հայաստանի հետ նոր սահմաններ գծելու իր մտադրության մասին Թուրքիան ինքն է հայտարարել։ Իսկ սխեման պարզ է․ սկզբում «պապենական» հողերում վերաբնակեցնում են իրենց եղբայրներին՝ միջազգային մարդասիրական հազար ու մի համաձայնագրերով ու օրենքներով, հետո՝ եղբայրները միավորվում են։ Ուրեմն բացառված չէ, որ Թուրքիա-Ադրբեջան զույգը կջանա կամ արդեն ջանում է հաջողության հասնելու այստեղ ևս, մանավանդ որ այս իշխանությունների պարագայում դա նրանց կատարելապես իրագործելի է թվում։ 

Իսկ այսպիսի զարգացումները բացառող գլխավոր փաստարկը, թե՝ հայ-թուրքական սահմանը պահում է ռուս զինվորը, հեշտությամբ «խփվում» է ներկա իրողությունների համապատկերում, երբ նույն ռուս զինվորը Սյունիքի սահմաններում գործում է արբեջանա-թուրքական համագործակցությամբ։