Չինաստանը եւ Հայաստանը սերտորեն համակարգում են գործողությունները միջազգային եւ տարածաշրջանային հարցերում

Չինաստանը եւ Հայաստանը սերտորեն համակարգում են գործողությունները միջազգային եւ տարածաշրջանային հարցերում

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան գնահատականները հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ քաղաքականության, տնտեսության, մշակույթի ոլորտներում։ Դեռ նոյեմբերի սկզբին հարցազրույցի խնդրանքով դիմել էի դեսպանատուն՝ նշելով երեք-չորս թեմա, որոնց շուրջ կցանկանամ հարցազրույցը վերցնել։ Դրանք ե՛ւ տարածաշրջանային զարգացումների թեմաներ էին, ե՛ւ երկկողմ հարաբերությունների։ Թեմաներից երկուսի վերաբերյալ դեսպանատնից միանգամից ուղարկեցին գրավոր պատասխաններ` դրանք թեմայի վերաբերյալ չինական կողմի ընդհանրական դիրքորոշումը եւ գնահատականներն են արձանագրում։ Ներկայացնում ենք ձեզ:

Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններ` քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ

Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարվա ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները շարունակում են կայուն եւ առողջ զարգանալ, եւ փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում մշտապես բերում է նոր արդյունքների, իսկ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը խորապես արմատավորված է մարդկանց սրտերում: Երկու երկրների միջեւ քաղաքական փոխվստահությունը շարունակում է խորանալ։  Երկու երկրներն էլ զարգացող պետություններ են եւ «Գլոբալ Հարավի» անդամներ, ուստի նրանք աջակցում են միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում եւ սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային եւ տարածաշրջանային հարցերում: Այս տարվա սկզբից կողմերի միջեւ իրականացվում են բարձր մակարդակի էլ ավելի սերտ շփումներ։ Բոլորովին վերջերս Կազանում հաջողությամբ անցկացվեց ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը՝ «ԲՐԻԿՍ+» ձեւաչափով, որի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել նախագահ Սի Ծինփինի հետ: Սա 2019 թվականից ի վեր երկու երկրների ղեկավարների առաջին տետ-ա-տետ հանդիպումն էր, որը կարեւոր նշանակություն ունի:

Երկկողմ փոխշահավետ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Չինաստանը մի քանի տարի շարունակ մնում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը, արտահանման հիմնական շուկան եւ ներմուծման աղբյուրը։  Այս տարվա առաջին երեք եռամսյակում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ առեւտրի ծավալը հասել է 2,08 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 34,7%-ով: Սեպտեմբերի սկզբին հաջողությամբ կայացավ China Southern Airlines ավիաընկերության առաջին չվերթը Ուրումչի-Երեւան երթուղով, ինչն էլ ավելի դյուրացրեց կողմերի միջեւ մարդկանց տեղաշարժը: 

Չինական կողմը հաջողությամբ իրագործում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ութերորդ տաղավարի կառուցումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նախագիծը եւ արեւային էներգիայի զարգացումը: Ապագայում կողմերը կարող են խորացնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, էներգիայի նոր աղբյուրները, կենսաբժշկությունը, թվային տնտեսությունը եւ ենթակառուցվածքները:

Երկու երկրների միջեւ երկկողմ մշակութային փոխանակումները լի են վառ պահերով։  Հայաստանը, ինչպեսեւ Չինաստանը, հնագույն քաղաքակրթություն է, եւ ավանդական բարեկամությունը փոխանցվում է սերնդեսերունդ: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտն ակտիվորեն խթանում է չինարենի ուսուցումը, եւ տարածաշրջանի ավելի ու ավելի շատ բնակիչներ ձգտում են սովորել չինարեն, ծանոթանալ չինական մշակույթին եւ մեկնել Չինաստան՝ սովորելու եւ աշխատելու: Հայաստան այցելող չին զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել, այս տարվա առաջին 9 ամիսներին նրանց թիվը գերազանցել է 24 հազարը, ինչը գրեթե 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Երկու կողմերը նաեւ համատեղ կազմակերպում են մշակութային միջոցառումներ, ինչպիսիք են թանգարաններում մշակութային արժեքների ցուցադրությունները՝ նոր պատուհաններ բացելով միմյանց պատմությունն ու մշակույթը հասկանալու համար:

Չինաստանի տեսլականը` Չինաստանի եւ աշխարհի համար

Չին ազգի մեծ վերածննդի երազանքի իրականացումը հին ժամանակներից ի վեր չին ժողովրդի երազանքն է եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատմական առաքելությունը նոր դարաշրջանում: Չին ազգի մեծ վերածննդին հասնելու համար Չինաստանը կշարունակի խթանել խաղաղ զարգացումը, փոխշահավետ համագործակցությունը եւ համատեղ բարգավաճումը՝ ձգտելով սեփական զարգացմանը՝ աշխարհի խաղաղության եւ զարգացման ամուր պահպանման պայմաններում, ինչպես նաեւ՝ նոր հնարավորություններ ընձեռելով համաշխարհային արդիականացմանը՝ հիմնված Չինական արդիականացման նոր ձեռքբերումների վրա: Մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնքի կառուցումը Չինաստանի  նախագահ Սի Ցինփինի կողմից տրված պատասխանն է այն հարցին, «թե ի՞նչ  աշխարհ ենք ուզում կառուցել եւ ինչպե՞ս կառուցել այն»: Չինաստանը պատրաստ է աշխատել այլ երկրների հետ, որպեսզի «Գլոբալ համայնքը», որտեղ մենք՝ բոլորս, ապրում ենք, վերածվի խաղաղ, համերաշխ եւ ներդաշնակ ընտանիքի: Այդ իսկ պատճառով Չինաստանը վճռականորեն պաշտպանում է համաշխարհային խաղաղությունը, մշտապես հավատարիմ է անկախ եւ խաղաղ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ խաղաղ համակեցության 5 սկզբունքներին: Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից ամենամեծաթիվ խաղաղապահ ուժեր ունեցող երկիրն է եւ ՄԱԿ-ի խաղաղապահական բյուջեում երկրորդ խոշոր ներդրողը: Միջազգային բարդ իրադրության պայմաններում Չինաստանը ներկայացրել է համաշխարհային անվտանգության նախաձեռնություն՝ պաշտպանելով համատեղ, համալիր, համագործակցային եւ կայուն անվտանգության տեսլական, նպաստելով միջազգային եւ տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական լուծմանը, հաստատակամորեն պաշտպանելով բազմաբեւեռ աշխարհին, որը հիմնված է հավասարության եւ կարգապահության վրա։  

Չինաստանը վճռականորեն աջակցում է աշխարհի զարգացմանը։ Չինաստանը «Գլոբալ հարավի» անդամ է եւ անընդհատ չինական ուժ է ներդնում «Գլոբալ հարավի» զարգացման մեջ: «Գոտի եւ ճանապարհ» կառուցման ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Չինաստանը համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ավելի քան 150 երկրների եւ 30 միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացնելով բազմաթիվ որակյալ համագործակցության նախագծեր՝ ի շահ բոլոր երկրների: Համաշխարհային զարգացման նախաձեռնության առաջադրումից ի վեր 3 տարվա ընթացքում մոբիլիզացվել է գրեթե 200 միլիարդ դոլար զարգացման համար, եւ իրականացվել է ավելի քան 1100 համագործակցության նախագիծ: 

Բոլորովին վերջերս Շանհայում հաջողությամբ անցկացվեց ներմուծման 7-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում էր շուրջ 3 հազար 500 ընկերություն՝ ամբողջ աշխարհից, ներառյալ մոտ 30 հայկական ձեռնարկություն, ինչը կրկին կենսունակություն հաղորդեց երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման եւ չինական շուկայի ընդլայնման գործում:

Չինաստանը հավատարիմ է՝ նպաստելու քաղաքակրթությունների ընդհանուր բարգավաճմանը: Չինական քաղաքակրթությունը միշտ հավատարիմ է եղել «ներդաշնակ համակեցություն» սկզբունքին՝ երբեք իր արժեքներն ու մոդելները չպարտադրելով ուրիշներին: Չինաստանն առաջ է քաշել եւ իրականացնում է գլոբալ քաղաքակրթության նախաձեռնություն՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային մշակութային փոխանակմանը եւ համագործակցությանը: Չինաստանը շուրջ 3 հազար քույր քաղաքների հարաբերություններ է հաստատել աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ եւ իրականացրել է ավելի քան 30 խոշոր «Մշակութային եւ զբոսաշրջային տարիներ» ծրագրեր՝ ներդրում ունենալով ժողովուրդների միջեւ բարեկամական փոխանակումների խթանման եւ մարդկության առաջընթացի գործում:

Չին ժողովուրդը պատրաստ է բոլոր այն երկրների եւ ժողովուրդների հետ, որոնք հավատարիմ են արդարությանը, սիրում են խաղաղությունը եւ ձգտում են զարգացման, շարունակել նպաստել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի ստեղծմանը եւ միասին կերտել ավելի լավ ապագա բոլորի համար: