Գյուղատնտեսությունը թթու է, թան չէ, ամեն մեկի բան չէ

Գյուղատնտեսությունը թթու է, թան չէ, ամեն մեկի բան չէ

Իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մի քանի օր առաջ գրառում էր արել՝ դե, գյուղացիներ, լցվեք դաշտերը, հող մշակեք, հայտնի չէ՝ մեզ ինչ է սպասվում առջեւում, դուք պետք է սննդամթերքով ապահովեք ժողովրդին։ Գյուղատնտեսական աշխատանքները Հայաստանում արտակարգ դրության պայմաններում թույլատրված աշխատանքներից են, քանի որ մարդիկ աշխատում են դրսում, բաց օդում։ Ամեն դեպքում, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանին հարցրինք՝ կորոնավիրուսը չխափանե՞ց նաեւ գարնանացանը։

Վերջինիս խոսքով՝ ոչ, աշխատանքներն իրենց հունով ընթանում են։ Բայց Բերբերյանը նկատում է․ «Ասելը քիչ է, բառապաշարը քիչ է գյուղատնտեսության համար, կառավարությունը պետք է գործունյա միջոցներ ձեռք առներ ու պատրաստ լիներ գյուղացուն օգնել սերմացուով, ասել եմ ու կասեմ՝ ցորենի ցանքատարածքները շեշտակի պակասել են էս տարի։ Դա աշնանացանից է երեւում։ Պակասել են կարտոֆիլի ցանքատարածությունները։ Որովհետեւ որեւէ խնդիր չի լուծվել մշակությունը կարգավորելու համար։ Էն վարկերը, որ պետք է գյուղացին ստանար, դեռ դոփում է տեղում հարցը։ Ասենք թե ապրիլին գյուղացին ստացավ, Արարատյան դաշտի ժողովուրդն ապրիլ ամսին էդ վարկե՞րն ինչ է անում։ Կամ՝ մայիսին ստանում է Շիրակի գոտու ժողովուրդը»։

Նա ասում է՝ այդ որոշումը պետք էր ոչ թե հիմա ընդունել, այլ՝ հունվար ամսին։ Ամեն դեպքում, կառավարությունում ամեն նիստին քննարկում են։ Բերբերյանն ասում է՝ համենայնդեպս, գյուղացին այդ մասին չգիտի։ Իհարկե, իրենց միավորման ֆերմերներն ամեն ինչ ունեն, բայց գյուղացիական տնտեսությունները հարյուր հազարավոր են։ Այսօր էլ, Բերբերյանի խոսքով, Շիրակի մարզի ֆերմերները փորձել են թունաքիմիկատների հետեւից Երեւան գալ, Արայի լեռան մոտից ոստիկանները նրանց հետ են ուղարկել։ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ եղանակի հետ կապված ամեն ինչ առայժմ նորմալ է, միակ մտահոգությունը ծիրանն է։ Եթե կարկուտ, ցրտահարություն չեղավ, շատ լավ է, իսկ եթե եղավ, կլինի բերքի կորուստ։ Հնչեց նաեւ դժգոհություն․ հանրապետությունում շատ հետ է ընկել նաեւ մեղվաբուծությունը, մեղուն այգիներում շատ քիչ է աշխատում։ Այսինքն՝ փոշոտումը քիչ է։ Այստեղից էլ՝ «կունենանք պտղի կորուստ»։ 

Պարոն Բերբերյանին հարցրինք՝ «էլի՞ կառավարությունն է մեղավոր, որ մեղուն դաշտերում քիչ է աշխատում»։ Պատասխանեց․ «Պետք է հասկանալ, որ գյուղատնտեսությունը թթու է, թան չէ, ամեն մեկի բան չէ։ Եվ տնտեսագետները չպետք է գյուղատնտեսության հարցեր լուծեն»։ Ինչ վերաբերում է ջրին, ապա, ՀԿ ղեկավարի գնահատմամբ՝ շատ վտանգավոր է վիճակը Շիրակի գոտում։ Հիմա փորձում են Կառնուտի ջրամբարը լցնել, քանի որ Արփի լիճը գրեթե դատարկ է՝ մարտի սկզբներին լճից ջուրը հոսել է Ախուրյանի ջրամբար, այնտեղից էլ՝ Թուրքիա։ Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որին կորոնավիրուսը շատ չի հարվածել․ գյուղմթերքի բացթողնման գները գոհացնում են գյուղացուն։ Ավելին՝ Բերբերյանի խոսքով՝ վերջապես սկսեցին գնահատել գյուղացու աշխատանքը։ Թե ինչու, Բերբերյանը կարծում է, որ մարդիկ վերջապես հասկացան, որ հաջորդը սովն է լինելու, սկսեցին գյուղատնտեսությանը լավ աչքով նայել։ «Մինչեւ անձնական մաշկներին չի կպնում, հը, հը»,- ծիծաղում է Բերբերյանը։